Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախապատկան հինգ շրջանների վերադարձի հետ կապված Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են». Ստեփան Սաֆարյան

Օգոստոս 19,2016 16:45

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը զգուշացնում է, որ առանց ներքին զսպաշապիկների և արտաքին վերահսկողության Թուրքիան շատ վտանգավոր է:

«Մեդիա կենտրոնում» «Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը և դրա հետեւանքները Հայաստանի համար» թեմայով քննարկմանը պարոն Սաֆարյանը, ակնարկելով ՀՀԿ-ին, հիշեցրեց, որ ժամանակին, երբ իրենք հայտարարում էին, թե Թուրքիան ժողովրդավարության քողի ներքո ընդամենը փորձում է ողջ աշխարհին խաբել, ՀՀԿ-ն դա չէր ուզում ընդունել, և ցավոք, դա ուշ հասկացավ: Մերկացնելով Թուրքիայի` ողջ աշխարհին խաբելու քաղաքականությանը` Ստեփան Սաֆարյանը նկատեց. «Շատերը միամտաբար հավատացին, որ էրդողանը դարի խիզախ քաղաքական գործիչն է: Մի շարք հեղինակավոր մրցանակներ ստացավ, Պուտինի հետ վարկանիշային աղյուսակներ էր գլխավորում: Սակայն եկավ հիասթափությունների շրջանը, երբ արդեն ամեն ինչ պարզ դարձավ, ՀՀԿ-ի համար` ավելի ուշ: ՀՀԿ-ին զգուշացնում էինք, որ Թուրքիային ընդամենը պետք է գործընթաց, որ նրա համար կոնֆլիկտները ռազմավարական ցատկահարթակ ու միջոց են թռչելու Կովկաս, այստեղ խառնվելու ղարաբաղյան հակամարտության խնդիրներին»:

Պարոն Սաֆարյանի կարծիքով` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ներսից «սարքված չէր», ուղղակի Էրդողանը դարձավ դրա շահառուն. «Իհարկե, Թուրքիայի ներկայիս նախագահն ամենամեծ շահառուն է այս հեղաշրջման, ինչը չի կարող նույնանալ կազմակերպիչ լինելու հետ: Նույնքան մերկ են նրա մեղադրանքները, թե դա Գյուլենն էր կազմակերպել կամ ԱՄՆ-ից: Մեզ մոտ էլ մեր ռուս գործընկերներն են փորձում համոզել, որ «Սասնա ծռերի» գործողություններն է ԱՄՆ-ն կազմակերպել: Բոլորի մոտ ձեռագիրը նույնն է այն առումով, թե ընդհանուր թշնամին արևմուտքն է, բայց իրենք այդ ամբողջ տեղի ունեցածի թիվ մեկ շահառուներն են»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի, եթե ժամանակին Թուրքիան ժողովրդավարություն խաղալով էր փորձում Արևմուտքին ու Եվրոպային խաբել, բայց այդ ընթացքում ընդլայնել իր ազդեցությունը, այժմ էլ իսլամականության գործոնի խաղարկմամբ այդ խաղը կտանի արևելյան վեկտորով:

Ռուս-թուրքական ջերմացումը, բնականաբար, ամենևին ձեռնտու չէ Հայաստանին. «Այդ ջերմացումը այնքան ժամանակ, ինչքան կա, թունավորելու է ռուս-հայկական հարաբերությունները: Այս առումով երկու տարածաշրջանների`Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի նկատմամբ ուշադիր պիտի լինենք»: Դառնալով ռուս-թուրքական` ճոճանակվող հարաբերություններին` պարոն Սաֆարյանը նկատեց. «Երկուսն էլ կայսերական հուշերի տակ ու նման հավակնություններով առանց արժեքների արտաքին քաղաքականություն են վարում: Այդ քաղաքականության մեջ արժեքները եղել և մնում են զրոյական: Նրանք միմյանց հետ սիրախաղ են տանելու այնքան ժամանակ, քանի դեռ դրա պահանջն ունեն: Ռուսական քաղաքականության համար Թուրքիան տարածաշրջանում ամենապահանջված պետությունն է»:

Իսկ թե ի՞նչ ազդեցություն կունենա այս փոխադարձ պահանջվածությունը Հայաստանի վրա, պարոն Սաֆարյանն այսպիսի կանխատեսում արեց. «Այն առայժմ Հայաստանի համար մի փոքր իջեցնում է ռազմական ռիսկերը ղարաբաղյան խնդրի հետ կապված: Բայց հինգ արցախապատկան հողերի վերադարձի հետ կապված Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են, ու քաղաքական ճնշումների առումով լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու այդ սիրախաղի պատճառով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031