Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանն այսօր ընդունել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Եվրասիայի և Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրեն Թոմ Քրիֆթի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշընլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը, Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Իրինա Սաղոյանը, այլք:
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել «Սեյվ դը չիլդրեն»-ի համագործակցությունը Արդարադատության նախարարության հետ և կարևորել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համատեղ աշխատանքները:
Նախարարն օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից ընդգծել է խնամատարության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը և շեշտել, որ Նախարարության օրենսդրական նախաձեռնություններում հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի իրավունքի պաշտպանության լավագույն շահին ուղղված մեխանիզմների ներդրմանը:
Կարդացեք նաև
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Եվրասիայի և Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրեն Թոմ Քրիֆթը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և կարևորել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների արդարադատության խորհրդի, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության լավագույն շահին ուղղված աշխատանքները:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև առաջիկայում մի շարք ծրագրերի իրականացման հնարավորությունները:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն