Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քոլեջներում մրցույթ է մոդայիկ մասնագիտությունների գծով

Օգոստոս 19,2016 16:04

Aravot.am-ը զրուցեց քոլեջների տնօրենների հետ, պարզելու համար, թե ինչ խնդիրներ ունեն, արդյոք կարողանո՞ւմ են մրցունակ մասնագետներ պատրաստել, որոնք իրենց տեղն են գտնում աշխատաշուկայում:

Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանն Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ այս ուսումնական տարում համընդհանուր աճել է դիմորդների թիվը՝ 9-րդ դասարանի շրջանավարտների թվի ավելացման արդյունքում: Նրա ձեւակերպմամբ, այդ միտումը կպահպանվի առաջիկա տարիներին եւ դրականորեն կանդրադառնա միջին մասնագիտական, արհեստագործական կրթական համակարգի վրա: Ռոբերտ Աբրահամյանը հայտնեց, որ Ինֆորմատիկայի քոլեջի առումով ակնհայտ խնդիրներ չունեն, ու իրենք էլ համակարգված աշխատում են: Նա նաեւ հավելեց, որ ոլորտում կատարված աշխատանքները վերջին տարիներին նպաստել են, որպեսզի կոտրվեն կարծրատիպերը, ու մարդիկ հասկանան, որ պարտադիր չէ՝ անպայման բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել լավ մասնագետ դառնալու համար: «Հիմա ավելի շատ երիտասարդներ են հետաքրքրվում միջին մասնագիտական կրթությամբ, հատկապես այն ուսումնական հաստատություններով, որոնք աշխատանքի տեղավորման փորձ ունեն կամ ավելի լավ են աշխատել գործատուների հետ՝ աշխատանքի տեղավորման համար»,-նշեց մեր զրուցակիցը:

tnoren2

Սյունիքի տարածաշրջանային քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանն ասաց, որ

մասնագիտական կրթական համակարգը զարգացման միտումներ ունի, ինչը նաեւ ժամանակի պահանջ է: Ինչ վերաբերում է Սյունիքի տարածաշրջանային քոլեջին, վերջինիս հիմնական խնդիրը վերանորոգումն է: Քոլեջի տնօրենը հավաստիացրեց, որ դիմորդների խնդիր չունեն, քանի որ իրենց մոտ հիմնականում աշխատաշուկայում պահանջվող արհեստավորներ ու մասնագետներ են պատրաստվում: «Քանի որ մեր տարածաշրջանը հանքարդյունաբերական է, մեր քոլեջում պատրաստվում են այդ ոլորտի մասնագետներ, ուսուցանվում համապատասխան մասնագիտություններ, օրինակ՝ հանածոների հարստացում: Առաջիկայում կներդնենք երկրաբանների ուսուցում, որովհետեւ մեր տարածաշրջանը հանքարդյունաբերության զարգացման միտումներ ունի: Աշխատաշուկայում նաեւ լավ փականագործների կարիք կա: Ընդհանրապես, այսօր խնդիրը ոչ թե կրթություն կազմակերպելն է, այլ որակյալ կրթություն կազմակերպելը, որպեսզի լավ մասնագետը մրցունակ լինի աշխատաշուկայում»,-կարծում է տիկին Մաքյանը:

tnoren3

Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Վահագն Առաքելյանն էլ նշում է, որ լուրջ խնդիրներ չունեն, բոլոր պայմաններն առկա են լավ կրթություն տալու համար՝ եւ մասնագետներ կան, եւ նյութատեխնիկական բազան է նորմալ վիճակում, եւ  շենքն է վերանորոգված: Մասնավոր հատվածի հետ կապը լավագույնս է իրականացվում, ասում է՝ պրակտիկ աշխատանքները քոլեջում իրականացվում են գործատուների հետ համագործակցությամբ, որպեսզի երբ նրանք թափուր աշխատատեղեր ունենան, համալրեն քոլեջի շրջանավարտներից: Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը հավելեց, որ կապը ոչ միայն գործատուների հետ է իրականացվում, այլեւ զբաղվածության կենտրոնի ու տեղական հ/կ-ների հետ: Նրանց ամենապահանջված մասնագիտություններն են՝ ֆինանսները, բեռնափոխադրումների կառավարումը:

tnoren4

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 2016-17թթ. ուսումնական տարում ընդունելությունը մի փոքր ավելի լավ էր, քան նախորդ տարիներին, քանի որ շրջանավարտների թիվն է մեծացել: Քոլեջի տնօրենն այս համատեքստում մեկ ուրիշ միտում է տեսնում, եթե նախկինում իրենց քոլեջ էին դիմում 12-րդ դասարան ավարտածները, ապա այժմ՝ 9-րդ դասարանի շրջանավարտները: Նրա խոսքով, ինչպես ամենուր, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում եւս դիմորդները հետաքրքրված են այն մասնագիտություններով, որոնք պահանջված են աշխատաշուկայում: «Օրինակ, մեր քոլեջի մասին կարող եմ նշել, որ այսօր պահանջարկը մեծ է ՏՏ ոլորտի, հաշվապահական հաշվառում մասնագիտության առումով, սննդի տեխնոլոգիա բաժնում անգամ մրցույթ է առաջացրել: Շատ դիմորդներ ունենք նաեւ տուրիզմի եւ սպասարկման ոլորտում»,-փաստում է Արթուր Վարդանյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031