«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Մանոյանը նկատեց, թե ճիշտ է, Թուրքիայում տապալվեց ռազմական հեղաշրջման փորձը, բայց հաջողվում է և ընթացքի մեջ է Էրդողանի հեղաշրջման փորձը, որի մասին նա հայտարարել էր Ստամբուլում, նշելով՝ թե կարծես սա Աստծո տված պարգև էր ռազմական հեղաշրջման փորձը մաքրագործություններ անելու համար: Պարոն Մանոյանը Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակի առումով փաստեց. «Բերման է ենթարկվել մոտ 60.000 մարդ, ձերբակալվել է 20.000-ը: Սկսել են նաև գործարար կազմակերպությունների վրա աշխատել, որոնք ըստ իրենց, կապ են ունեցել Գյուլենի հետ: Նրանց մեջ կան նաև հայեր, օրինակ` մի հայ բժիշկ կա, որ ունի բեղմնավորման կենտրոն, այժմ կենտրոնը փակել են, թեև նա ձերբակալված չէ: Հայ լրագրողներ կան, որոնց երկրից բացակայումը արգելվում է»:
Հարցին` հնարավո՞ր է, որ Թուրքիայում տեղի ունեցածը ներսից «սարքած» լինի, պարոն Մանոյանը քիչ հավանական է համարում. «Չեմ կարող պատկերացնել, որ սա իրենց կողմից սարքված է, բայց փաստ է, որ իրենք հեղաշրջման փորձից առնվազն ժամեր առաջ տեղյակ եղել են, որ նման փորձ է լինելու»:
Հարցին` ի՞նչ կոնկրետ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայում կատարվածը Հայաստանի վրա և ի՞նչ կարող է ՀՀ-ն անել այս իրավիճակում, պարոն Մանոյանը պատասխանեց. «Չեմ կիսում այն տեսակետը, թե Թուրքիան ռազմական հեղաշրջման փորձից հետո ավելի ուժեղ դուրս եկավ, ճիշտ է, սակայն, որ Էրդողանն է ավելի ուժեղացել: Իսկ դա չի ենթադրում, որ երկիրն է ուժեղ: ՀՀ-ն կունենա որոշ հնարավորություններ Թուրքիայի` արևմուտքի հետ վատ հարաբերությունների ներկայիս փուլում մի քիչ ավելի լավ հարաբերություններ ունենալ արևմուտքի հետ: Համեմատած Թուրքիայի հետ` ՀՀ-ն շատ ավելի վստահելի ընկեր կարող է դիտվել: Անհրաժեշտ է, որ մենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք ոչ միայն պետական, այլև հասարակական- քաղաքական մակարդակի վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի