Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի կալանքի վերաբերյալ փաստաբան Մոնիկա Մարգարյանի բողոքը:
Փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն դեռ չեն տրամադրել մերժման պատճառաբանությունները հայտնի չեն:
«Վարույթ իրականացնող մարմինը ներկայացրեց իր դիրքորոշումը, գտնում է՝ Թաթուլ Թամրազյանը կթաքնվի, կխոչընդոտի նախաքննությանը, բայց որեւէ տեղեկություն, որը հիմնավոր կդարձներ այդ դիրքորոշումը, չեն ներկայացրել դատարան»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա, իր պաշտպանյալը Դատապարտյալների հիվանդանոցում է, օրվա մեջ մի քանի անգամ ցավազրկող են ներարկում, շարժումները սահմանափակ են, գրեթե չի քայլում, մի քանի ամսից նրան անհրաժեշտ կլինի երկրորդ վիրահատությունը: Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանը որովայնի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել: Թաթուլը եկել էր Ռուսաստանից ու հայերենին լավ չէր տիրապետում:
Կարդացեք նաև
Ըստ փաստաբանի. «Դատարանում ներգրավվել էր թարգմանիչ, այս պահին մեզ հասանելի դատավարական փաստաթղթերը, փորձաքննության որոշումները չեն տրամադրում ռուսերեն թարգմանված օրինակով, ուղղակի թարգմանչին հրավիրում են, նա բարձրաձայն կարդում է, դրանով սահմանափակվում են: Միջնորդել եմ, որ տրամադրեն թարգմանված օրինակները, բայց մինչ օրս արձագանք չկա: Այսօր բողոք կներկայացնեմ դատախազություն քննիչների այդ գործողությունը վիճարկելու փաստով»:
Թաթուլ Թամրազյանի ներկայությունը դատարանում ապահովելու վերաբերյալ փաստաբանը միջնորդություն չի ներկայացրել՝ հաշվի առնելով, որ իր պաշտպանյալի ինքնազգացողության վրա դա վատ կանդրադառնա. «Քանի որ նրա առողջական վիճակի վրա վատ էր անդրադառնալու, ինչպես առաջին ատյանի դատարանում եղավ, երբ քսան րոպեն մեկ ընդմիջվում էր դատական նիստը, նրան ցավազրկող էին ներարկում, այս անգամ չմիջնորդեցի»:
Այն հիմնավորումը, թե իր պաշտպանյալը կխոչընդոտի նախաքննությանը, եթե խափանման միջոցը փոխվի, փաստաբանը տարօրինակ է համարում. «Թաթուլ Թամրազյանին պատգարակով էին բերել առաջին ատյանի դատարան, ենթադրել, որ անձը կարող է նման վիճակում թաքնվել, առնվազն տարօրինակ է: Դատարանի որոշումը շաբլոնային որոշում էր, արտագրված էր քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավանորմի տեքստը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ