Վայոց ձորում որսագողերն ամիսներ առաջ բեզոարյան այծի որս են կատարել` բնությանը պատճառելով 3 միլիոն դրամի վնաս: Այսօր այս մասին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Բնապահպանության նախարարության կենսաբազմազանության վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը:
Բեզոարյան այծը գրանցված է կենդանիների «Կարմիր գրքում» եւ համաձայն նույն գրքի տեղեկության, ներկայումս Հայաստանում այդ կենդանու թվաքանակը կազմում 1000-1500 առանձնյակ:
Պարոն Բեգլարյանն ասաց, որ օգոստոսի 20-ից որսաշրջանը բացվում է եւ հիմնականում թույլատրվելու են թռչունների` լորի, սարյակի, արտույտի, կարմրակաքավի եւ այլ տեսակների որսը: Յուրաքանչյուր որսորդ կարող է որսալ 10 հատից ոչ ավելի թռչուն:
Կարդացեք նաև
Հարցին, թե արդյոք որսից չի՞ տուժում բնությունը, պարոն Բեգլարյանն ասաց, որ որսի սեզոնի բացումից երկու ամիս առաջ իրականացվում են ուսումնասիրություններ` պարզելու, թե որ կենդանատեսակի քանակը բնության մեջ ինչքան է, որքանն է վերարտադրվել եւ այլն, որից հետո նախագիծը ներկայացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտ: Վերջինիս գիտական հիմնավորումը ստանալուց հետո միայն որոշվում է, թե որ կենդանուց ինչ քանակով կարելի է որսալ:
Շնագայլերի, աղվեսների ու գայլերի որսը որսաշրջանի ժամանակ նույնպես թույլատրվում է: Նախարարությունը դեռ խրախուսում է գայլի որս կատարած որսորդներին` յուրաքանչյուր սպանված գայլի դիմաց վճարելով 96 հազար դրամ: Ըստ ավագ տեսուչի՝ գայլերը շարունակում են տնտեսական վնասներ պատճառել մարդկանց:
Որսագողությունը մեր երկրում նվազում է, թե ոչ, այդ մասին վկայում են բնությանն ու պետությանը պատճառված վնասները: Արթուր Բեգլարյանի տվյալներով, ամեն տարի որսագողերը 5-6 միլիոն դրամի վնաս են հասցնում:
Նրա խոսքերով՝ որսագողերը, որպես կանոն, տեղացի աջակիցներ են ունենում, որոնք, սակայն, հայտնաբերվում եւ քրեական պատասխանատվության են ենթարկվում:
Որսն ընդհանարապես արգելված է մեր երկրի արգելոցներում, արգելավայրերում, հատուկ պահպանվող այլ տարածքներում:
Խրախճանքի օբյեկտներում պահվող կենդանիների մասով էլ, որոնք լինում են արջ, աղվես եւ այլ կենդանիներ, պարոն Բեգլարյանն ասաց, որ երկու արջի ձագ հայտնաբերել են եւ օբյեկտի տիրոջից հետ են վերցրել, մնացածը եղել են ոչ բնությունում վերարտադրված:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ