Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես տեղեկացրել ենք, խոսեց Նիկոլ Փաշինյանի՝ իր խոսքերով՝ անթույլատրելի արարքի մասին, որը հաշվի չառնելով, որ ինքը անազատության մեջ է, սկսել է իրեն վերագրել խոսքեր, որն ինքը չի ասել:
Նա ասաց, որ տեսագրություններ, փաստեր, ձայնագրություններ է հավաքում, որ ներկայացնի ամբողջական պատկերը, ինչ է ինքն իրականում ասել ու ինչ է նկատի ունեցել. «Տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ իմ անունն են տալիս, մեկնում իմ մտքերը ցանկացած եղանակով: Ինձ համար անընդունելի է գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցնելը: Ես կարող եմ բաց ճակատով իմ մոտեցումն ասել: Ես հետեւից չեմ խոսում, անազատության մեջ գտնվող անձի հետեւից չեմ խոսում: Իմ գործունեության ընթացքում բոլորը գիտեն, որ ես բացառապես քաղաքական գործունեություն եմ իրականացրել, ոչ թե ասել եմ, այն, ինչի համար գումար են տվել, մեկին քննադատել կամ վիրավորել եմ»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, Նիկոլ Փաշինյանը պատվե՞ր է կատարում Ձեր դեմ՝ նա պատասխանեց, որ չգիտի, բայց փաստն այն է, որ 2009-ից սկսած՝ «Հայկական ժամանակը» իր դեմ հրապարակումներ է անում. «Չգիտեմ, թե պատվեր է կատարում, թե 2009-ից սկսած նա մրցակից է տեսնում ինձ»:
Հարցին՝ դիտավորությո՞ւն է Փաշինյանի արածը՝ նա պատասխանեց. «Ինձ համար փաստն է, որ կարեւոր է: Իսկ փաստը կա: Ինձ համար տհաճ էր լսել Փաշինյանի արածը: Ես ուղիղ լսեցի, թե ինչ է ինքն ասել»:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր պայքարը շարունակելու է, լինելու է հրապարակում, առաջին շարքում է լինելու իր կուսակցական ընկերների եւ ընտանիքի անդամների հետ, ինչպես եղել է Սարի թաղում. «Իմ հայրն էլ է այնտեղ եղել, իմ եղբայրներից: Ես երբեւիցե ժողովրդի մեջքի ետեւում չեմ թաքնվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ