Գերմանական Նաուման հիմնադրամի «Ազատություն Հարավային Կովկասի համար» նախագծի ղեկավար Փեթեր Անդրեաս Բոխմաննը Երեւան է այցելել հուլիսյան պատանդառության օրերին, մասնակցել բողոքի ցույցերին եւ իր տպավորություններն է հրապարակել երեւանյան «Նյարդային երկշաբաթյա պատերազմի» մասին portal liberal կայքում:
Հոդվածագիրը հուլիսի վերջին Հայաստանի սահմանը Սադախլո Բագրատաշենի անցակետում հատելիս նկատել է, որ իր նոր անձնագրի ստուգումը նախորդ անգամների համեմատությամբ երկար ընթացք է ունեցել: Իր տպավորությամբ, մի 30 անգամ թերթել են անձնագրի անկնիք էջերը. միգուցե պատճառը Ադրբեջան մուտքի երկարատեւ վիզան է եղել, որ նախորդ անգամներին սահմանապահներին հարց տալու առիթ է տվել եւ որն այս անգամ երեւի փորձել են «շրջանցել» էջերը երկարատեւ ստուգելով:
Զարմանալի չէր, որ երկրի անվտանգության ուժերն էլ արտակարգ պայմաններում էին գործում, գրում է վերլուծաբանը, վկայակոչելով ռուսական եւ թուրքական լրատվամիջոցներով քաղաքական փորձագետների վերլուծությունները, ըստ որոնց «դավադրությունների տեսությունների», ենթադրաբար այդ իրադարձությունների թիկունքում արտասահմանյան, առաջին հերթինՙ ամերիկյան կազմակերպություններն են եղել:
…Վերլուծաբանը հավանական չի համարում, որ հայաստանյան զանգվածային բողոքի ցույցերը էական իրադարձային փոփոխությունների կհանգեցնեն, քանի որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն ի վիճակի չեն առաջնորդություն ստանձնել: Չափավոր ընդդիմադիրների մի մասը, ինչպես ՀԱԿ- ը, Սեֆիլյանին հարողների հետ չի միաբանում, տարածություն է պահում՝ նշելով քաղաքական խնդիրները զենքի ուժով լուծելու իրենց համար մերժելի փորձը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Բեռլին
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում