ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հաղթանակած, ոսկե ու արծաթե մեդալներ նվաճած մարզիկներին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ «Ռիո 2016»-ում փառահեղ հաղթանակներ կերտած մեր մարզիկներին. Արթուր Ալեքսանյանին` 31-րդ ամառային օլիմպիական խաղերի չեմպիոնի բարձր պարգեւը նվաճելու համար, փոխչեմպիոններ Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին: Սիրելի հայորդիներ, հպարտ ենք ձեզնով՝ օլիմպիական խաղերում ձեր ցուցաբերած գրագետ ու պրոֆեսիոնալ մրցելույթներով: Շնորհիվ ձեզ հայոց եռագույնը կրկին բարձրացավ եւ ի լուր աշխարհի հնչեց հայոց օրհներգը:
Շնորհավորում եմ նաեւ համայն հայությանը, քանզի հպարտ ենք ձեզնով ու վստահ ենք, որ հաղթանակները շարունակական կլինեն ապագայում եւս մյուս միջազգային մարզական միջոցառումներում: Վստահ եմ, որ ձեր հաղթանակները օրինակ կլինեն Հայաստանի ապագա չեմպիոնների համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով հաղթանակների կապակցությամբ` ձեզ հարգելի մարզիկներ, մաղթում եմ նորանոր վերելքներ ու նվաճումներ: Իսկ այն, որ ձեր հաղթանակներն ուղղեցիք սահմանին կանգնած մեր քաջորդիներին եւ ապրիլյան պատերազմում զոհված հերոս տղաներին, դա վկայում է ձեր հայրենասիրության ու մարդկային վեհ արժեքների մասին: Փառք ու պատիվ ձեզ, սիրելի մարզիկներ»:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով