Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարան

Օգոստոս 19,2016 11:51

 Օգոստոսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով ժամանեց Հնդկաստանի Հանրապետություն` Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան: Ճեմարանում այժմ ուսանում են 55 սաներ Հայաստանից, Իրաքից և Իրանից:

Ճեմարանի տեսչությունն ու սաներն Ամենայն Հայոց Հայրապետի այցին մեծ խանդավառությամբ և հուզմունքով էին սպասում: Այս բերկրալի առիթով տեղի ունեցավ հանդիսություն և ընդունելություն:

Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեցին Հնդկաստանի, Հայաստանի և ճեմարանի օրհներգերը:

Jemaran 3

Բարիգալստյան խոսքով հանդես եկավ հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը` ճեմարանի նկատմամբ դրսևորվող մշտական ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար տեսչության, դասախոսական կազմի և աշակերտության անունից խորին երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին: Հայր Մովսեսը տեղեկություններ փոխանցեց նաև 1821 թ. հիմնադրված և Սփյուռքում ցայսօր գործող ամենահին կրթօջախի գործունեության և աշակերտների ունեցած հաջողությունների մասին:

Ցերեկույթի ընթացքում ճեմարանի սաները հանդես եկան ազգային երգ ու պարով և գեղեցիկ բեմականացմամբ:

Հանդիսության ավարտին իր օրհնության խոսքը ներկաներին ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը մասնավոր իր գնահատանքը հայտնեց հնդկահայոց հոգևոր հովիվ և ճեմարանի կառավարիչ Հայր Մովսեսին, Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության անդամներին, ճեմարանի տեսչական կազմին, ուսուցիչներին և սաներին՝ գոհունակությամբ ընդգծելով հայրապետական նախորդ այցելությունից հետո ճեմարանի կյանքում արձանագրված առաջընթացն ու ձեռքբերումները:

Նորին Սրբությունը մեծապես կարևորեց պատմական կրթական հաստատության առաքելությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում` հորդորելով նույն նախանձախնդրությամբ և ջանադրությամբ շարունակել կերտել փառքը Հայոց Մարդասիրական ճեմարանի և ազգին պարգևել հայրենասեր ու եկեղեցանվեր հայորդիներ:

Օգոստոսի 18-ին Գարեգին Բ Հայրապետը հանդիպումներ ու առանձնազրույցներ ունեցավ Ճեմարանի տեսչության և ուսուցչական կազմի հետ: Նորին Սրբության մասնավոր թելադրությունն էր` ամեն ջանք գործադրել ճեմարանի կրթական մակարդակն ամենաբարձր աստիճանին հասցնելու համար:

Jemaran 5

Նույն օրը Նորին Սրբությունը մտերմիկ ու երկար հանդիպում ունեցավ աշակերտների հետ` զրուցելով նրանց առօրյայից, կրթական գործընթացից և հուզող խնդիրներից: Վեհափառը պատանիներին հորդորեց առավել ջանասիրությամբ գիտելիքներ ամբարել և հավատարիմ մնալ իրենց հայրենի ավանդներին՝ ազգի արժանավոր զավակներ դառնալու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ճեմարանի կառավարիչ Հայր Սուրբի և կառավարչի օգնական Բարեշնորհ Վարազդատ սարկավագ Քոչարյանի, շրջեց ու մանրամասն ծանոթացավ ճեմարանի և սաների կեցության պայմաններին` անհրաժեշտ ցուցումներ տալով դրանք առավել բարվոք դարձնելու համար:

Այցի օրերին Նորին Սրբությանը ուղեկցում էին Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության ավագ անդամներ տիար Սունիլ Սոբթին և տիկին Սյուզան Ռուբենը:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031