«Սասնա ծռեր» ջոկատի կալանավորված անդամներին եւ հասարակական մի շարք գործիչներին առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ 219 (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության եւ կապի միջոցներ զավթելը), 235 (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ իրացնելը), 218-ի 3-րդ մասի 1-ին կետով (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 225 (Զանգվածային անկարգություններ)։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանից մենք հետաքրքրվեցինք, թե իրավաչա՞փ են արդյոք առաջադրված մեղադրանքները, եւ ի՞նչ իրավական հետեւանքներ կունենան դրանք։ «Ես փաստեր չունեմ, քննություն չեմ վարում, որ պատասխանեմ այդ հարցին։ Մանրամասն չեմ կարդացել, չեմ կարող ասել՝ իրենք զանգվածային անկարգություններ արե՞լ են, թե՞ ոչ»,- ասաց Արա Ղազարյանը։ Նկատեցինք, որ հուլիսի 17-31-ը՝ «Սասնա ծռեր» ջոկատի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը հսկողության տակ վերցնելու օրերին, խմբի անդամները վայելում էին հասարակական աջակցություն, նրանց պաշտպանողների թվում սփյուռքահայեր էլ կային։
Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ինչպե՞ս կարելի է որակել «Սասնա ծռերի» գործողությունները։ «Ես մի քանի անգամ հարցազրույցներ եմ տվել, վերլուծել «ահաբեկչության» եզրույթի վերաբերյալ, չեմ ուզում դրան նորից անդրադառնալ։ Էական չէ՝ ահաբեկչություն է, թե ոչ, էական է, որ գործողություններն ուղղված են բռնությանը, եւ հասարակությունը պետք է «ոչ» ասի։ Էական չէ՝ այն կիրառվո՞ւմ է ազգային-ազատագրական պայքարի համար, կիրառվում է հողերը հանձնելու դեմ, կիրառվում է ոչ լեգիտիմ իշխանությունների դեմ։ Շենք գրավելը, մարդկանց պատանդ պահելը, հրազեն կիրառելը բռնություն չե՞ն»,- ասաց Արա Ղազարյանը։ Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է երեք հոգի։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում