Հայաստանի քաղաքագետների միությունը տարածել է հաղորդագրություն, որով պահանջում է իշխանություններից անհապաղ ազատ արձակել ՀՔՄ անդամ Անդրիաս Ղուկասյանին, «ով հայտնի է քաղաքագիտական հանրությանը և մեր հասարակության լայն շրջանակներին իր հետևողական նվիրվածությամբ քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեթոդներին»:
Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ե՜վ որպես քաղաքագետ, և՜ որպես քաղաքացիական ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը ուժերի ներածի չափով մշտապես նպաստել է Հայաստանում բռնությունները բացառող քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը:
Նրա ձերբակալությունը ու նրան բանտախցում պահելը ոչ այլ ինչ է, քան իշխող վարչախմբի կողմից ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների և անողոք հալածանքների պրակտիկան արմատավորելու հերթական փորձ»: