Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ իշխանություն եւ պաշտոնատար անձ չի մտածում հողեր տալու մասին»

Օգոստոս 19,2016 15:00

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահեցնում է,
թե փոխզիջում եւ հողերի հանձնում հասկացությունները տարբեր բաներ են

ՀՀ իշխող կուսակցության` ՀՀԿ-ի ներկայացուցիչները համարում են, որ հողերի հանձնման շուրջ շահարկումները ձեռնտու են ինչ-ինչ անհատների եւ քաղաքական ուժերի: «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահեցրեց, որ ո՛չ ՀՀ, ո՛չ ԼՂՀ նախագահները, ո՛չ էլ որեւէ այլ պաշտոնատար անձ այդ մասին չի մտածում: Հիշեցնենք, որ վերջին օրերին կրկին հասարակության շրջանում ակտիվացան տագնապները տարածքների զիջման խնդրի շուրջ: Դրա պատճառը դարձան մի քանի ազդակներ. նախ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն իր պատրաստակամությունը հայտնեց պայմանավորվածությունների կատարման հարցում` հայտարարելով. «Վլադիմիր Վլադիմիրի, այստեղ շատ եւ շատ կարեւոր է, որպեսզի իրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան»: Այնուհետեւ օգոստոսի 15-ին հրապարակվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցը, որում նա հայտարարեց. «Ողջամիտ, իրավացի եւ համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։

Այս հայտարարությունները կարծես բաց տեքստով «խոսում են» տարածքների զիջման կամ ժողովրդական լեզվով ասած` հողերի հանձնման մեծ հավանականության մասին: Եվ հենց այս հայտարարություններն էլ քաղաքագիտական մի որոշ շրջանակի թույլ են տալիս պնդելու, որ հողերի հանձնման առանձին փուլը մեկնարկել է, ինչի մասին ահազանգեց նաեւ քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

Մեզ հետ զրույցում Սուքիաս Ավետիսյանն ամեն կերպ փորձեց պնդել, որ փոխզիջումը հողերի հանձնումը չէ. «Փոխզիջում հասկացությունը շատերը, չգիտես ինչու, մտածում են, որ միայն ու միայն հողերի հանձնման հետ կապված խնդիր է: Ե՛վ ՀՀ նախագահը, ե՛ւ Բակո Սահակյանը բազմիցս հայտարարել են, որ նման խնդիր չկա: Բանակցային սեղանին դրված է փաստաթուղթ, որը խոսում է փոխզիջումների մասին, որի թիվ մեկ տարբերակը Ղարաբաղի միջազգային ճանաչումը եւ առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից ճանաչումն է: Երբ ԼՂՀ-ն ճանաչվի որպես միջազգային սուբյեկտ՝ իր բոլոր կարգավիճակներով, դրանից հետո կարելի է խոսել մնացած բոլոր խնդիրների մասին: Թե չէ՝ անընդհատ, չգիտես ինչու, մարդիկ փորձում են խոսել, թե հողեր էին տալու, ու հայտնվեցին քաղաքական ուժեր ու մարդիկ, որոնք այդ հողերի հանձնումը թույլ չտալով՝ հերոսացան. նման բան չկա: Որեւէ իշխանություն եւ պաշտոնատար անձ չի մտածում հողեր տալու մասին»:

Մեր այն հստակեցմանը` մի՞թե փոխզիջումը հենց հողերի հանձնում չէ ժողովրդական բառապաշարով ասած, պարոն Ավետիսյանը հակադրվեց այսպես. «Փոխզիջումը կարող է լինել կարգավիճակի խնդիր, տարբեր քաղաքական հարթությունների շուրջ: Ինչո՞ւ եք անպայման մտածում տարածքի հանձնում»:

ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ եթե նմանատիպ հարց առաջիկայում դրվի բանակցային սեղանին, ապա առաջին հերթին դա որոշվելու է ժողովրդի կողմից` հանրաքվեի կամ այլ տարբերակով: Ըստ նրա` այնպես որ, որեւէ մեկ անձ կամ ղեկավար իր վրա այդ պատասխանատվությունը չի վերցնի ու այդ քայլին չի գնա:
Քաղաքագետներից ոմանք պնդում են, թե բացահայտ հողերի հանձնում չի լինի, այլ ըստ քննարկվող սցենարի` հայկական կողմը պատերազմում պարտադրաբար կրկին պատրաստված չի լինի, ինչի պատճառով որոշ տարածքային կորուստներ կունենա, եւ դա կներկայացվի, թե՝ ինչ արած, մեզնից կախված չէր:

Այս առիթով պատգամավորը շեշտեց, թե մեզ համար լավագույն տարբերակը պատերազմը չէ. «Ցանկացած նման բախումների դեպքում մենք միշտ, կարծում եմ, հաղթող կլինենք, բայց գնալ այդ տարբերակին թեկուզ մարդկային չնչին զոհերի դեպքում, անընդունելի է, դրա համար ամենաճիշտը բանակցելն է»:

Նա հանրությանը հորդորում է ճիշտ ուղերձներ հղել ՀՀ իշխանություններին եւ միջազգային հանրությանը այն մասին, որ կողմ ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ որ դրա գրավականը ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն է:

Մեր այն հարցին` գուցե հասարակության շրջանում առաջացած տագնապների պատճառը նաեւ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հայտարարություններն են, որոնք այդպես էլ չեն փարատում հասարակության հույսերը, թե հողերի հանձնում չի լինի, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ե՛ւ Ղարաբաղի նախագահի, ե՛ւ Սերժ Սարգսյանի, որը բանակցային կողմ է, կտրուկ արտահայտությունները կարող են բանակցային գործընթացին օգուտ բերել: Բնական է, որ նրանք նման ձեւով պետք է արտահայտվեն, բայց մեր ժողովուրդը պետք է կարողանա ճիշտ դիրքորոշում, ուղերձներ հղել»:
ՌԴ-ի` բանակցային գործընթացում ակտիվությունը պարոն Ավետիսյանը բնական է համարում, բնական է համարում նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների խանդը, ինչը նկատվել է տարիներ շարունակ:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

18.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031