Հարցազրույց Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ
– Oգոստոսի 8-ին Բաքվում Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովն անցկացվեց: Այս ձեւաչափում տարածաշրջանային համագործակցության առանցքային հարցերն էին` Հյուսիս-Հարավ երկաթգիծը եւ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում: Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովում երեք երկրների նախագահները համատեղ հռչակագիր ընդունեցին` պայմանավորվելով կրկին հանդիպել 2017-ին, Իրանում։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՌԴ-ն ընդգրկվում է Հայաստանը մեկուսացնող նոր ծրագրերում՝ միաժամանակ արգելափակելով Հայաստան-Իրան հնարավոր ծրագրերը:
– Ընդգրկվելով այս կամ այն համագործակցության շրջանակների, ծրագրերի մեջ՝ Ռուսաստանը պարզապես հետապնդում է իր շահերը, եւ եթե նա դա անում է Հայաստանի շահերի հաշվին, նույնիսկ արգելափակելով ոչ միայն մեր տարածաշրջանի պետությունների, մասնավորապես՝ Իրանի, այլ նաեւ նույն Եվրոպական միության եւ այլ կառույցների ու պետությունների հետ համագործակցության զարգացման Հայաստանի հնարավորությունները, ապա դրա պատասխանատվությունը ոչ թե Ռուսաստանի, այլ լիովին մեր իշխանությունների վրա է, որոնք հայտնի պատճառներով ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ շահերը:
Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է Հայաստանի հետ համագործակցության խորացման, անհամեմատ ավելի էժան գնով գազ մատակարարելու իր պատրաստակամության եւ, մասնավորապես, մեր տարածքով դեպի Եվրոպա էներգակիրներ արտահանելու իր հետաքրքրության մասին, սակայն Հայաստանը չի արձագանքել պատշաճ կերպով, ժամանակին չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Այս հնարավորությունները լիովին սպառված չեն, մասնավորապես էներգակիրների ներկրման եւ դեպի Եվրոպա գազատարի կառուցման հարցում, որովհետեւ եթե նույնիսկ Ադրբեջանի եւ Ռուսաստանի տարածքով տարանցող, 7200 կմ երկարություն ունեցող գազատարի կառուցման ծրագիրն իրականացվի, Իրանը ենթադրաբար կցանկանա ունենալ դեպի Եվրոպա իր էներգակիրների արտահանման համար նաեւ այլընտրանքային ուղի: Միեւնույն ժամանակ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի այդ հնարավորություններից հնարավորինս շուտ օգտվել:
Կարդացեք նաև
Պետք է նաեւ հասկանալ, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան համագործակցության շրջանակը, բացի իրանական էներգակիրների դեպի Եվրոպա տարանցման, Հյուսիս–Հարավ երկաթգծի հետ կապված հարցերից, ունի նաեւ այլ՝ թերեւս ավելի առաջնային տնտեսական եւ քաղաքական օբյեկտիվ պատճառներ եւ պայմանավորված է կողմերի համընկնող հետաքրքրություններով, մասնավորապես՝ Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի, դեմարկացիայի, ավազանի պաշարների շահագործման հետ կապված խնդիրներից սկսած, անվտանգության ոլորտում մահմեդական ծայրահեղականության, «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական պետության» ազդեցության տարածման դեմ պայքարով վերջացրած:
Վերջին տարիների ընթացքում մոտավորապես տասը հազար անձ նախկին ԽՍՀՄ պետություններից, ճնշող մեծամասնությունը՝ Ռուսաստանից, ներառյալ մոտ 200 հոգի՝ Ադրբեջանից, միացել են ԻՊ-ին: Այս խնդիրները լուրջ հիմքեր են ստեղծում տվյալ համագործակցության խորացման համար: Ակնհայտ պատճառներով Հայաստանն այս պահին չի կարող մասնակցել այս ձեւաչափով եւ ուղղություններով ընթացող համագործակցությանը:
– Թուրքիայի նախագահը օգոստոսի 9-ին մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայացավ Պուտինի եւ Էրդողանի բավական ջերմ հանդիպումը, այն թուրքական մամուլը «պատմական» է որակում: Ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման այս նոր փուլը տարածաշրջանային զարգացումների վրա եւ, մասնավորապես, Հայաստանի համար:
– Թուրքիայի եւ Ռուսաստանի բարեկամության այս հերթական պոռթկումը սպասելի էր եւ պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Երկու անսահման կայսերական ամբիցիաներով եւ պատմական բարդույթներով օժտված այս, ըստ էության, բռնապետները, որոնք մի կողմից՝ շարունակաբար մրցակցության մեջ են եղել մեր տարածաշրջանում իրենց ազդեցության տարածման հարցում, ունեն համընկնող եւ բախվող քաղաքական ու տնտեսական հետաքրքրություններ Սեւծովյան ավազանում, Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Միջին Ասիայում, մյուս կողմից՝ երկուսն էլ ներկայումս ունեն բավական խորը հակասություններ արեւմտյան աշխարհի հետ, անխուսափելիորեն պետք է նորից մերձենային:
Նշեմ, որ Արեւմուտքի համար Թուրքիայի, ինչպես եւ Ադրբեջանի նշանակության որոշակի նվազեցումը՝ պայմանավորված նաեւ վերջին տարիների մի շարք այլ զարգացումներով, սկսած Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների կարգավորումից վերջացրած էներգակիրների գնի կտրուկ անկումով, նույնպես մղում է վերջիններիս դեպի Ռուսաստան:
Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ այս իրականությունն ի նպաստ է Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար, նաեւ հակամարտության կարգավորման տեսանկյունից, ինչի մասին են վկայում տարբեր արեւմտյան ատյանների եւ պաշտոնյաների կողմից ԼՂՀ-ի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին վերականգնելու կոչերը, ինչպես նաեւ ԼՂՀ-ի անկախության ճանաչման հնարավորության մասին կարծիքները, եւ եթե մենք լինեինք ինքնիշխան եւ սեփական շահերով առաջնորդվող պետություն, կարող էինք օգտվել այս իրավիճակից եւ նվազագույնն ամրապնդել մեր դիրքերը տարածաշրջանում:
Արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող եւ Ուկրաինայի հետ պատերազմող Ռուսաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ունի համեմատաբար ավելի լուրջ տնտեսական ու քաղաքական նշանակություն նաեւ այն պատճառով, որ այսօր Թուրքիան դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման միակ քիչ թե շատ ապահով ճանապարհն է, հիշեցնեմ, որ մյուս գազամուղն անցնում է Ուկրաինայի տարածքով, մինչդեռ Թուրքիան, իմ կարծիքով, Ռուսաստանի հետ այս ընդգծված, նույնիսկ ցուցադրական մերձեցումը ներկայումս օգտագործում է հիմնականում որպես խաղաքարտ Արեւմուտքի հետ իր հարաբերությունների շրջանակում: Հայաստանի համար այս գործընթացն այս պահին այնքանով է վտանգավոր, ինչքանով Թուրքիայի շնորհիվ կուժեղանան Ադրբեջանի դիրքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
– Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը կստեղծեն համագործակցության եռակողմ ձեւաչափ՝ հայտարարեց Թուրքիայի նախագահը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի խոսքով` եռակողմ ձեւաչափը ձեռնտու է բոլոր կողմերին: «Մենք այդ ձեւաչափը քննարկել ենք Ադրբեջանում հանդիպումների ընթացքում: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ մեխանիզմը: Այդ նախաձեռնությունը հնչեցվել է Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Ռուսաստանը նույնպես դրական է գնահատել այդ մեխանիզմը: Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում»: Ի՞նչ վտանգներ եք տեսնում Հայաստանի համար եռակողմ այս համագործակցության համատեքստում, եւ որքանո՞վ է կենսունակ այս ձեւաչափը:
– Ներկայիս Հայաստանի համար վտանգավոր է այս եռյակի ցանկացած համագործակցության ձեւաչափ, եւ վտանգավոր է նախ եւ առաջ քաղաքական ու անվտանգության տեսակետից: Մասնավորապես, մտահոգիչ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի եռանախագահների ձեւաչափից դեպի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա ձեւաչափ տեղափոխելու փորձը:
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ձգտում է ներգրավել Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության մեջ, եւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը երկու կողմերից էլ դարձել է շահարկման առարկա: Եվ չնայած խնդրի որեւէ վերջնական կամ նույնիսկ միջանկյալ կարգավորում այս պահին ես իրատեսական չեմ համարում, նաեւ այն պատճառով, որ նույն Ռուսաստանը դրանում շահագրգռված չէ՝ «ապրիլյան պատերազմի» նման բռնկումները շատ հավանական են եւ կարժենան մեզ նոր ու նոր զոհեր:
Ինչ վերաբերում է համագործակցության այս ձեւաչափի կենսունակությանը, ապա, չնայած նրան, որ այն օբյեկտիվորեն ունի որոշակի հեռանկար, դրա ապագան բավական անորոշ է, քանի որ մեծագույնս կախված է ինչպես ներգրավված պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի բախվող հետաքրքրություններից, բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոններից` ներառյալ Պուտինի եւ Էրդողանի անձնական ամբիցիաները եւ քաղաքական օրակարգերը, սիրիական ճգնաժամի ընթացքը, Արեւմուտքի հետ հարաբերությունների զարգացումը եւ այլն:
– Օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Մոսկվայում էր, կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ տպավորություն ստացաք այդ հանդիպումից, հայտարարություններից: Ռուսական մամուլը, ռուս փորձագետները Հայաստանից «տարածքային զիջումներ» են ակնկալում: ՌԴ-ի կողմից, Ձեր կարծիքով, ճնշումներ գործադրվո՞ւմ են հայկական կողմի նկատմամբ:
– Տպավորություններն այս հանդիպումից, մասնավորապես հաշվի առնելով վերջին հինգ ամիսների զարգացումները, բավական հակասական են եւ, ինչպես բոլոր նախորդ հանդիպումներից, չեն թողնում որեւէ կասկած առ այն, որ մեր պետությունը չի տնօրինում իր հետ կապված զարգացումների ընթացքը: Եվ Հայաստանից «տարածքային զիջումներ» ստանալու ակնկալիքը կամ թելադրանքը եւ թե հայկական կողմի վրա անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրելու Ռուսաստանի գործելաոճը նորություն չեն մեզ համար եւ անընդհատ կրկնվում են:
Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է մեկ օրվա ընթացքում հասնել իր նպատակին՝ անվտանգության խնդիրը շահարկելով ստիպել Հայաստանին կտրականապես փոխել իր թե քաղաքական, թե տնտեսական զարգացման երկարամյա ուղին՝ հիշենք 2013 թ.-ի սեպտեմբերի 3-ը: Ինչքանով այդ քայլը նպաստեց մեր անվտանգության ամրապնդմանը, ինչքանով էր այն իրականում համապատասխանում մեր անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու խնդրին՝ մենք տեսանք այս տարվա ապրիլին:
Ինչպես նշեցի, Ռուսաստանը ձգտում է ներգրավել Ադրբեջանը ԵՏՄ-ի մեջ, բացի այդ՝ ՌԴ-ն ձգտում է տեղակայել իր ռազմական կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղի տարածքում, եւ տարածքների զիջումը Հայաստանի կողմից կապված է, մասնավորապես, այս երկու խնդրի հետ: Չեմ կարծում, որ այս պահին բոլոր հարցերը համաձայնեցված են, այս ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրները՝ լուծված, եւ հերթը հասել է տարածքների հանձնմանը: Այս առումով պետք չէ մոռանալ նաեւ Իրանի դիրքորոշումն այս հարցում, որը կտրականապես դեմ է ցանկացած երրորդ երկրի զորքերի ներկայությանն իր սահմանների մոտ: Նաեւ պետք է հաշվի առնել ապրիլյան պատերազմի դասերը: Ուստի այն, որ Սերժ Սարգսյանն իրեն թույլ տվեց «հակաճառել» ՌԴ նախագահին, «մերժել» վերջինիս կողմից հնչեցված մոտեցումները, ես ավելի շուտ բացատրում եմ նրանով, որ այս պահին նրանից որեւէ համաձայնություն չէր էլ պահանջվում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 18.08.2016