Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարավոր հայաստանցի զբոսաշրջիկներ այս տարի էլ բռնեցին Վրաստանի ճամփան

Օգոստոս 19,2016 14:00

Ամռան այս սեզոնին մեր երկրի միջին խավի համար տուրիզմի հիմնական ուղղությունը մնում են Վրաստանի հանգստավայրերը: «Առավոտի» հետ զրույցում այսպես էին արձագանքում տուրընկերությունների աշխատակիցները հարցին, թե այս ամառ որտե՞ղ են նախընտրում հանգստանալ մեր քաղաքացիները: Եթե նախորդ 2-3 տարիներին Հայաստանից դեպի Վրաստան հոսքը փոքր-ինչ նվազել էր` սոցփաթեթով պայմանավորված, քանի որ սոցփաթեթի շահառուն կարող էր միայն Հայաստանում եւ Արցախում հանգստավայր ընտրել, ապա անցյալ տարվանից սկսած` տուրընկերությունները սոցփաթեթով Վրաստան էլ են տուրիզմ կազմակերպել: Այսինքն` այն գումարների գոնե մի մասը, որոնք Հայաստանում խելքին մոտ գներով տուրիզմ կազմակերպելու դեպքում կարող էին եւ մեր երկրի գրպանը մտնել, կրկին դուրս հանեցինք:
Տուրընկերություններից մեկի աշխատակիցը, որը չցանկացավ ոչ գործակալության, ոչ էլ իր անունը հրապարակել, մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ մարդկանց սոցիալական վիճակն էլ ավելի է վատացել, ինչը նկատվում է հանգստավայրերի ընտրությունից: Այսինքն` տուրընկերության մշտական հաճախորդները, որոնք սովորաբար ավելի բարեկեցիկ հանգիստ են նախընտրել, ասենք` Բուլղարիա, Հունաստան, Անթալիա, Յալթա, Սոչի եւ նմանատիպ հանգստավայրեր, այս տարի նրանցից շատերը նույնպես ընտրել են Վրաստանը, մասնավորապես՝ Բաթումը, Անակլիան, Գոնիոն, որոնք, ճիշտ է, Բուլղարիային, Հունաստանին, Անթալիային զիջում են, սակայն Վրաստանի հանգստավայրեր հանդիսացող Ուռեկիից, Քոբուլեթիից փոքր-ինչ բարձրակարգ են համարվում:

Մեր զրուցակցի խոսքով՝ այնպես չէ, որ Վրաստանի տուրիզմը փայլում է իր ծառայությունների մատուցմամբ, սակայն Հայաստանի հանգստավայրերի համեմատությամբ մատչելի գները հիմք են հանդիսանում, որպեսզի մեր քաղաքացիները նախապատվությունը տան Վրաստանին, հատկապես, որ այդ ամենը համատեղվում է ծովափնյա հանգստի հետ:

Տուրօպերատորների տվյալներով՝ Վրաստանում կարելի է հանգստանալ օրը մեկ անձի համար երկու-երեք հազար դրամից սկսած մինչեւ 40-50 հազար դրամ: Բարձր գները հիմնականում հյուրանոցային ծառայությունների համար են, որոնց թվում կան նաեւ համաշխարհային հյուրանոցային ցանցեր: Այդ արժեքը ներառում է նախաճաշը, իսկ համեմատաբար ցածրակարգ հյուրանոցներում` մեկ անձի համար վճարելով 10-12 հազար դրամ, հանգստացողը կստանա նաեւ երեքանգամյա սնունդ: Վրաստանում ճանաչված բրենդի մի քանի հյուրանոց է գործում: Մատչելի փաթեթները զբոսաշրջիկներին առաջարկում են հյուրատները: Եվ որքան էլ մեր երկրի տուրիզմի պատասխանատուները հայտարարում են, որ մեզ մոտ գները բարձր չեն, եւ որ դրանք գրեթե Վրաստանի գներին համահավասար են, տուրօպերատորները պնդում են, որ մեզ մոտ անգամ ամենաէժան հյուրատան մեկ գիշերակացը անձի համար, առանց սննդի, հիմնականում 5-6 հազար դրամից է սկսվում՝ կախված հանգստավայրի աշխարհագրությունից:
Այս տարի դեպի Իտալիա տուրընկերությունները ուղեգրեր են առաջարկում անգամ 500-520 եվրոյով, որը 7 գիշեր 8 օրվա համար է: Այդ արժեքի մեջ ներառված է ավիատոմսը, դիմավորումն ու ճանապարհումը, տրանսպորտը, հյուրանոցն ու տեսարժան վայրերի ուղեւորությունները:

Ինչպես տուրընկերությունների պատասխանատուները նշեցին, Հայաստանի քաղաքացիների համար այս ամառ նախընտրելի ուղղություններից է նաեւ Չեխիան, Խորվաթիան, Հունաստանը, Իսպանիան, Մոնակոն:

Նոր ուղղություն է Իրանը, որը վերջերս է ավելի շատ տարածում գտել` պայմանավորված երկու երկրների` Հայաստանի ու Իրանի միջեւ վիզային ռեժիմի արգելքի վերացմամբ:
Ի դեպ, այս տարի էլ հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ իրենց թռիչքները կազմակերպում են Վրաստանից` տոմսի արժեքի մեջ շահելով շոշափելի գումարներ: Հատկապես, եթե ավիատոմսերը ձեռք են բերում ուղեւորությունից ամիսներ առաջ: Համեմատության համար նշենք, որ Վրաստանից Իտալիա մեկնում են 250 եվրո արժողությամբ ավիատոմսով, Հայաստանից` 400-450, Գերմանիա` 200 եվրոյով, Հայաստանից՝ 370-400:

Ըստ մեր զրուցակիցների՝ դեպի Իտալիա էժան ուղեգրերի կողքին կան նաեւ բարձրարժեք` 1300-1500 եվրո արժողությամբ ուղեգրեր, որոնք հիմնականում ձեռք են բերում ապահովված խավի ներկայացուցիչները` մտավախություն ունենալով, որ 520 եվրոյանոց ուղեգրերն իրենց սպասելիքները չեն արդարացնի:

Ուշագրավ է, որ դեպի Իսրայել ուղեւորության գները գրեթե անփոփոխ են: Տարբեր կրոնների խաչմերուկ հանդիսացող այս երկիր մեկնելու համար զբոսաշրջիկը 10 օրվա համար պետք է վճարի 1200 դոլար:

Այս սեզոնին դեպի Դուբայ ուղղությունը պահանջարկ չի վայելում` եղանակով պայմանավորված: Ամռանը Դուբայի համար 450-500 դոլարով էլ տուրփաթեթներ կան, որոնք նախատեսված են 4-5 աստղանի հյուրանոցում հանգիստը կազմակերպելու համար:
Գրեթե նույն արժեքով տուրփաթեթներ են առաջարկվում դեպի Արեւմտյան Հայաստան:
Ըստ մեր զրուցակիցների՝ Հայաստանից զգալիորեն պակասել է դեպի Եգիպտոս, Անթալիա տուրիզմը: Առաջինի պարագայում՝ շոգ սեզոնով ու անվտանգությամբ պայմանավորված, երկրորդի դեպքում` ապրիլյան պատերազմով ու Թուրքիայում ստեղծված լարված իրավիճակով:

Շրի Լանկան, Գոան, Մալդիվյան կղզիները, Մոնակոն, Թաիլանդը, Սինգապուրը նույնպես մեր հայրենակիցների համար նախընտրելի ուղղություններ են:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

18.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031