Ըմբշամարտով հետաքրքրվող բոլորն են հիշում, թե ինչպես էր FILA-ի նախագահ Ռաֆայել Մարտինետին համաշխարհային ըմբշամարտը իրենով արել ու անձամբ էր որոշում՝ երբ, որտեղ եւ ով է հաղթող դառնալու:
Անարդարությունն այն աստիճան էր հասել, որ ՄՕԿ-ը նույնիսկ ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու խնդիր էր դրել: Այդ ժամանակ ըմբշամարտի աշխարհը միավորվեց ընդդեմ Մարտինետիի, նրան հեռացրեց, անգամ FILA-ի անունը փոխեց` դարձնելով UWW ու փրկեց մարզաձեւը:
Ըմբշամարտի միջազգային միությունը (UWW) նոր նախագահ ընտրեց սերբ Նենադ Լալովիչին՝ հույս ունենալով, որ Մարտինետիի՝ ըմբիշների ճակատագիրը սեփական քմահաճույքով որոշելու պրակտիկային մեկընդմիշտ վերջ կտրվի: Բարեփոխումներ, իհարկե, եղել են: Հատկապես՝ ըմբշամարտի կանոններում: Բայց, ինչպես երեւում է, մրցավարությունում շատ բան չի փոխվել՝ Մարտինետիի ուրվականը դեռ շրջում է այնտեղ: Նրանք առաջվա պես անում են այն, ինչ պետք է կամ հանձնարարվել է:
Հասկանալի է, որ մրցավարներն էլ ապահովագրված չեն սխալվելուց: Բայց երբ այդ «սխալվելը» տենդենցիոզ է, ուղղված ըմբիշներից մեկի դեմ, դա ոչ մի կերպ չի տեղավորվում պատահականության կամ թույլատրելիի սահմանների շրջանակներում:
Սխալներ չափի ու սահմանի մեջ կարող են լինել ցանկացած մրցաշարում, միայն թե՝ ոչ օլիմպիական խաղերում, այն էլ՝ եզրափակիչ գոտեմարտում, ինչպես եղավ Ռիոյում, 66 կգ քաշայիններ Միհրան Հարությունյանի եւ սերբ Դավոր Շտեֆանեկի՝ UWW նախագահ Նենադ Լալովիչի համերկրացու, միջեւ գոտեմարտում: Տեղեկացնենք, որ Սերբիան մինչ այդ ոչ մի մեդալ չուներ Ռիոյում: Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ Լալովիչը կամ նրա անունը պետք է օգտակար լիներ իր երկրին օլիմպիական խաղերում:
Կարդացեք նաև
Դժվար է պատկերացնել, որ Լալովիչը տեղյակ չէր, թե ինչ է կատարվելու կամ արդեն կատարվել մրցագորգում: Նա շատ լավ էլ գիտեր, որ Շտեֆանեկը 31 տարեկան է, որ սա նրա վերջին օլիմպիական խաղերն էր հավանաբար, որ իր երկրի լավագույն մարզիկներից մեկի բարձրագույն նվաճումը 2014 թվականի աշխարհի ոսկին է: Բա մոտ ապագայում կարիերային հրաժեշտ տալուց առաջ մի մնայուն նվեր չլինե՞ր:
Եթե իր ենթակաների այդ մտադրությունից UWW նախագահը տեղյակ չէր, ուրեմն գոնե պետք է հրաժարվեր անձամբ պարգեւատրել սարքովի չեմպիոնին:
Թվում է, թե առանձնապես մեծ բան չի եղել՝ օլիմպիական արծաթն էլ պատվաբեր է ու հազարավոր մարզիկների չիրականացած երազանք (այլ բան է, որ հայերիս համար չեմպիոնը, միեւնույն է, Միհրանն է): Բայց արժանապատվության առումով շատ վատ բան է կատարվել: Այսօր փոքրիկ Հայաստանը մեդալների հաշվարկով 207 երկրների պայքարում 1 ոսկով եւ 3 արծաթով զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: Իսկ Միհրանի ոսկե մեդալի դեպքում մենք կլինեինք 24-րդ կամ 25-րդ տեղում: Եվ վերջապես. այդքան բիրտ ձեւով ջարդուփշուր անել մարդու տարիների երազանքը, ջուր դարձնել քրտինքը, որ նա թափել է ամեն օր, արհամարհել երիտասարդ տարիները, որ վայելելու փոխարեն անցկացրել է մարզադահլիճում, առնվազն մարդկային չէ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
18.08.2016
Պետք է արդյունքը բողոքարկել համապատասխան ատյանում: Դա պետք է նախադեպ դարձնել: Հիշեք, որ վերջերս այդպիսի դեպք եղավ, երբ փոխեցին Եմելյանենկօ-Մագդոնալդո մրցամարտի արդյունքը: Մի ասեք, որ նմամ բան հնարավոր չէ:
Այդպես է լինում, երբ անպատիժ են մնում անգամ ծանր հանցանք գործածները:
Տվյալ դեպքում, եթե պետական մակարդակով չի բողոքարկվում արդարությունը
վերականգնելու և մեղավորներին պատժելու համար, դապք է արվի համայն
հայության կողմից: Պետք է ավանդույթ դարցնենք մի շատ կարևոր բան՝ այն է
պատժել մեր արժանապատվությանն ուղղված ցանկացած ոտնձգություն՝
լինի դա սպորտում,թե՝ այլուր:
Վերջին պարբերությունը փչացրեց ամեն ինչ: Ինչ կապ ունի Միհրանի հաղթանակը Հայաստանի 24-րդ կամ 25-րդ տեղը գրավելու հետ: Մի պահ պատկերացնենք, որ թե՛ Միհրանի հաղթանակով, եւ թե՛ առանց այդ հաղթանակի, Հայաստանը 1-ին տեղում էր լինելու, ուրեմն ինչ, ոչի՞նչ, որ այսպես ստացվեց: Միհրանի հաղթանակին տեր պիտի կանգնենք, առանց դա կապելու Հայաստանի ընդհանուր արդյունքի հետ եւ առանց մտածելու, թե կա՞ն արդյոք նախադեպեր: Իսկ նախադեպոտ երեւույթներ շատ կան: Դոպինգի ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ, շատ մարզիկների զրկում են 8, 10 տարի առաջվա մրցանակներից, Իտալիայի ֆուտբոլում Յուվենտուսին շպրտեցին Բ սերիա՝ մրցավարներին կաշառելու մեղադրանքով: Նույն դեպքը չի՞: Միհրանի գոտեմարտի ելքն էլ էին վերահսկում կաշառված անձինք:
+