Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Դադասյանն ամփոփում է փառատոնը

Օգոստոս 19,2016 13:30

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի
միջազգային փառատոնը կդառնա ամենամյա

Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ն անցկացվեց Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է 2008թ. եւ անցկացվել 2 տարին մեկ:

«Առավոտը» զրույցի հրավիրեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Ժիրայր Դադասյանին:
Մեր զրուցակիցը նախ նշեց, որ այս տարի ընդլայնված էր փառատոնի աշխարհագրությունը, հրավիրված էին մնջախաղացներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Ֆրանսիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Վրաստանի մնջախաղի պետական թատրոնը: «Փառատոնային յուրաքանչյուր օր 4-5 վարպետության դասեր էին անցկացնում ճանաչված այնպիսի մնջախաղացներ, ինչպիսիք են Վահրամ Զարյանը (Ֆրանսիա), Ջոն Ջեյկոբսը (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն), որոնք ժամանակին ուսանել են աշխարհահռչակ Մարսել Մարսոյի արվեստանոցում, վրացի մնջախաղացները, Ուկրաինայի մնջախաղի արվեստի լաբորատորիայի դերասանները, մեր թատրոնից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանը եւ ուրիշներ: Կայացան նաեւ փառատոնային դիտումներ համաշխարհային ճանաչում ունեցող վարպետների գործերից ու քննարկումներ՝ «Շարժաձեւերի արտաքին տպավորությունը որպես էսթետիկական հույզի նախադրյալ» խորագրով, որը հատվածաբար ներկայացնում ու մեկնաբանում էր թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը:

Jirayr_Dadasyanm_5 Jirayr_Dadasyanm_4 Jirayr_Dadasyanm_3

Առաջին անգամ անցկացվեց նաեւ մնջախաղի միջազգային կոնֆերանս, ելույթներ ունեցան մնջախաղացներ Վահրամ Զարյանը, Յուրա Կոստանյանը… ամփոփիչ խոսքով էլ՝ թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը: Դարձյալ առաջին անգամ հնարավորություն ունեցանք իրականացնել մեր վաղեմի երազանքը՝ փառատոնի գաղափարական կետերից մեկը, այն է՝ փառատոնը տարածել շրջակա մարզերում: Հյուրընկալված ուկրաինացի, վրացի, ռուս, հարավաֆրիկացի մնջախաղացներն ու հայ արտիստները ցուցադրություններով հանդես եկան Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում:

Գուցե շատ եմ կրկնում առաջին անգամ արտահայտությունը, այդուհանդերձ, առաջին անգամ հյուրընկալեցինք Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի մնջախաղի թատրոն-ստուդիային եւ իսկապես հրաշալի էր առաջին անգամ Արարատյան հայրապետական թեմի ու մեր թատրոնի համատեղ ստեղծած խուլերի մնջախաղի թատրոն-ստուդիայի երիտասարդ արտիստների ելույթը: Իմիջիայլոց, այս տարի առաջին անգամ մնջախաղացները ամենապարզ էլեմենտները սովորեցրին հանդիսատեսին, որն ուղղակի ցնծության մեջ էր»,- փաստեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Jirayr_Dadasyanm_8 Jirayr_Dadasyanm_7

Այս տարի Ծաղկաձորից «դուրս եկավ» փառատոնը Դիլիջան, ընդլայնվեց նրա աշխարհագրությունը՝ հավանաբար այն պատճառով, որ ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ եւ անմիջական կարգադրությամբ փառատոնն այսուհետ կդառնա ամենամյա: Կարելի՞ է ենթադրել, որ փառատոնի ձեւաչափը հնարավոր է հաջորդ տարի փոփոխություններ կրի, մնջախաղի պետական թատրոնը Երեւանից «տեղափոխվի» Ծաղկաձոր, այսինքն՝ ի վերջո լուծում տրվի տասնամյակներ շարունակ թատրոնի՝ սեփական շենք ունենալու հարցին: «Իհարկե, թատրոնը չի տեղափոխվի Ծաղկաձոր, պարզ պատճառով՝ սա քաղաքային ժանր է, մենք էլ՝ հանրապետությունում միակ մնջախաղի պետական թատրոնը: Ի վերջո, համոզված եմ, որ մայրաքաղաքը իրեն չի կարող զրկել նման ժանր ունենալու հաճույքից»,- հայտնեց Ժիրայր Դադասյանը:
Ինչ վերաբերում է փառատոնի ձեւաչափային փոփոխություններին, արվեստագետը չբացառեց դրանք, ասելով, որ, օրինակ, հաջորդ փառատոնին ծաղկաձորյան երեկոների ցուցադրություններին զուգահեռ, Դադասյանի հավաստիացմամբ՝ փառատոնը կտարածվի հանրապետության քաղաքներում նույնպես, ոչ թե միայն Դիլիջանում, ինչպես այս անգամ էր, իսկ ոչ պակաս կարեւոր՝ փառատոնի շրջանակներում անցկացվող վարպետաց դասերի, քննարկումների քանակը կավելանա:

Jirayr_Dadasyanm_9 Jirayr_Dadasyanm_2 Jirayr_Dadasyanm_1

Հարցին՝ երբեւէ մտածե՞լ եք հրավիրել նաեւ մնջախաղի մերօրյա այնպիսի հանրահայտ դեմքերի, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգում ապրող ու ստեղծագործող Վյաչեսլավ Պալունին կամ, ասենք, Չեխիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի մնջախաղի ավանդույթներ ունեցող ու, հետեւաբար՝ դպրոցը ներկայացնող վարպետներին, Ժիրայր Դադասյանը պատասխանեց. «Այս փառատոնի քննարկման ժամանակ մենք խոսեցինք ու փաստեցինք, որ մնջախաղի ժանրային սահմաններն անտեսանելի են դարձել, այսօր իրականացվում են բազմաթիվ նախագծեր, որոնք միտված են ժամանակակից արվեստների նոր արտահայտչամիջոցների բացահայտմանը: Ավելի պարզ ներկայացնեմ խոսքս. նույնիսկ փակվեց Մարսել Մարսոյի դպրոցը եւ այդ հանճարեղ մնջախաղացի մոտ ուսանած հայազգի Վահրամ Զարյանը սովորելով, ընդունելով, ի վերջո՝ յուրացնելով այդ դպրոցի մնջախաղային ամեն մի, թեկուզ առաջին հայացքից պարզ թվացող մանրուք, հիմա այն հիմնովին ժխտում է, որպեսզի կարողանա բացել նոր դռներ այս ոլորտում»:

Երեւանում 1960-ականների վերջերից սկսեցին գործել մնջախաղի խմբեր, 74-ից հիմնադրվեց պրոֆեսիոնալ թատրոն, իսկ 1983-ին այն ստացավ կարգավիճակ: Տասնամյակներ են անցել, բայց մնջախաղը հիմնականում կապվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ, այսինքն՝ երբեւէ չեն հիշատակվում ու հնչում այս ժանրի հիմնադիրների անունները: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Մասամբ եմ համակարծիք դիտարկմանը, բայց մասնագիտական շրջանակներում, բնականաբար՝ առիթի դեպքում հնչում է Հենրիկ Պողոսյանի անունը, որը առաջինը հիմնադրեց «Տուշպա» մնջախաղի թատերախումբը, վերջապես մեր թատրոնի հիմնադիրը՝ Արսեն Փոլադովը, կուզեի նշել նաեւ ժամանակին Ժուռնալիստի տանը Աննա Սաֆարյանի ղեկավարությամբ գործող թատերախումբը եւ այլն: Այն տպավորությունը թող չստեղծվի, թե մոռացության են մատնված մեր ժանրի հիմնադիրները: Ի վերջո, այս տարի հրավիրված էր նաեւ մնջախաղի միջազգային կազմակերպության նախագահ Մարկո Ստոյանովիչը (Սերբիա), որը, ցավոք, անհետաձգելի ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, միայն վերջին պահին չի կարողացել գալ: Բայց ուղարկել է մասնագիտական քննարկման համար նախատեսված իր նյութը, որն անձամբ ընթերցեցի կոնֆերանսում՝ «Պլաստիկ արվեստների զարգացման միտումները, պատճառներն ու հետեւանքները» խորագրով»:

Պարոն Դադասյանը նաեւ հավելեց. «Փաստորեն, մնջախաղի ոլորտում Հայաստանում անցկացվում է միջազգային փառատոն, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում գործում է կուրս: Մեծամտություն չհնչի՝ մնջախաղի մասով ձեւավորված է մշտական հանդիսատես: Անկասկած՝ սա թատրոնի շնորհիվ: Գալիք ուսումնական տարուց Ստեփանակերտում իր աշխատանքը կսկսի մնջախաղի ստուդիան: Նախկինում մեր թատրոնի մասնակցությամբ միջազգային փառատոների ցանկին կգումարվի նաեւ սեպտեմբերին Մալթայում կայանալիք ճանաչված փառատոնը եւս…»,- «մենախոսեց» Ժիրայր Դադասյանը:

Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին՝ արդյոք այս ամենը նշում է դարձյալ սեփական տանիք ունենալու ակնկալիքո՞վ, մանավանդ այդքան գործ է արվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նման ծավալի աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ են աշխատանքային տարրական պայմաններ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները` Գեւորգ Պերկուպերկյանի

«Առավոտ»

18.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031