Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՕՐ

Օգոստոս 19,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ քառասունվեցերորդ

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՕՐ

Եվ ես Վարուժին ասացի՝ «քո ամենավատ նկարն էլ որ նվիրես, էլի շատ գոհ կմնամ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «որովհետեւ դու վատ նկար չունես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի նկարի դիմաց էսքան գովեստները շատ չե՞ն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էս գովեստներս  նկարի դիմաց չեն» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «կարաս ոչ մի նկար էլ չնվիրես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ցավոք սրտի՝ արդեն որոշել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գիտես, որ խոսքիցս հետ կանգնող չեմ, դրա համար էլ էդքան վստահ ես խոսում», ու էդ ասելով՝ Վարուժը գնաց, դիմացի պատի տակ շարված նկարների  ամենախորքից միջինից փոքր մի նկար հանեց, շրջեց դեպի ինձ ու ժպտալով հարցրեց՝ «որ էս նկարը քեզ նվիրեմ, կարող ա՞ հրաժարվես», եւ ես նայեցի նկարին ու ժպտալով ասացի՝ «էս մակարդակի նկար նույնիսկ ախպերն ախպորը չի տա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես իմ ախպորը սրանից լավերն եմ տվել» եւ մի քիչ էլ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ ես քեզ էլ եմ ինձ ախպեր համարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նույն հորից   ու նույն մորից չենք,  բայց ահագին  ընդհանուր գծեր ունենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ տաղանդի իմաստով», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մանավանդ՝ որպես արձակագիր», եւ Վարուժը մի քիչ  մտածեց ու ժպտալով ասաց՝  «համաձայն եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ որպես բանաստեղծ»,  եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ համաձայն», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ էր պակաս՝ չհամաձայնվեիր», եւ ես ժպտալով ասացի՝ «շնորհակալ եմ, իմ պոետ ախպեր» եւ նկարին նայելով ավելացրի՝ «շատ պոետիկ նկար ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դե նկարդ վերցրու ու՝ բարի ճանապարհ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էսօր ինձ ահագին գործից կտրեցիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, էսօր գործ չարեցի», եւ ես դիմանկարս ցույց տալով՝ զարմացած հարցրի՝ «էս պորտրետս գործ չես հաշվո՞ւմ», եւ Վարուժը հիացած նայեց դիմանկարիս ու փռթկացնելով ասաց՝ «պորտրետիդ մասին լրիվ մոռացել էի» եւ դիմանկարիս նայելով ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «էն էլ ի՜նչ գործ ա», եւ ես ասացի՝ «բա ասում ես՝ էսօր գործ չես արել», եւ Վարուժը հիացած  նայեց դիմանկարիս ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էս լրիվ ուրիշ պորտրետ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «այսինքն, էսօր լավ էլ գործ ես արել», եւ Վարուժը հիացած նայեց դիմանկարիս ու ժպտալով ասաց՝ «քո շնորհիվ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «ես գնա՞մ», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «շտապո՞ւմ ես», եւ ես ասացի՝ «ոչ մի տեղ էլ չեմ շտապում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «գնամ՝ քեզ չխանգարեմ», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ասեց, որ ինձ խանգարում ես», եւ ես ժպտալով ասացի՝ «նոր դու էիր ասում», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ էի ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ասում էիր, որ քեզ գործից կտրում եմ», եւ Վարուժը հիացած նայեց դիմանկարիս ու փռթկացնելով ասաց՝ «էս պորտրետիդ մասին լրիվ մոռացել էի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էսօր շատ զարմանալի օր ա», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա զարմանալի», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «ամեն ինչով» եւ մի քիչ մտածեց ու դիմանկարիս նայելով  ավելացրեց՝ «հենց թեկուզ էս պորտրետիդ իմաստով», եւ ես մի քիչ մտածեցի ու Վարուժին հարցրի՝ «ես ժամը քանիսի՞ն էկա էստեղ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վայ թե մեկն անց էր», եւ ես նայեցի ժամացույցին ու ասացի՝ «հիմի չորսն էլ չկա», եւ Վարուժն ասաց՝ «չեմ հասկանում՝ ինչ ես ուզում ասես», եւ ես ասացի՝ «էրկուսուկես ժամից մի քիչ ա ավել անցել», եւ Վարուժն ասաց՝ «էլի չեմ հասկանում՝ ինչ ես ուզում ասես», եւ ես ասացի՝ «ընդամենն էրկուսուկես ժամ ա անցել, բայց ոնց որ մի ամբողջ օր անցած լինի», եւ Վարուժը փռթկացնելով ասաց՝ «պատմվածքիդ մեջ հենց էդպես էլ կգրես»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031