Օգոստոսի 18-ին Ծաղկաձոր քաղաքում կայացավ «Անվտանգության ժամանակակից համակարգեր» 3-րդ միջազգային համաժողովը, որի խորագիրն էր «Ինտեգրված որոշումներն անվտանգության համակարգում»: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ԱԻ նախարարության անձնակազմը՝ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ Գ. Խանգելդյանի գլխավորությամբ: Համաժողովին մասնակցում էին նաև Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ 10 երկրների շուրջ 50 ներկայացուցիչներ:
Համաժողովը կազմակերպել էր ռուսական «Գրուպա Կոմպանիի Ռուբեժ» (Группа Компании Рубеж) ընկերությունը՝ հայկական «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» և «Նորմակոմ» ընկերությունների աջակցությամբ: Առաջին նմանատիպ համաժողովն անցկացվել էր ՌԴ-ում 2014 թ., իսկ երկրորդը՝ 2015 թ.-ին՝ Ղազախստանում: Համաժողովի հիմնական նպատակն էր մասնակից երկրների տարբեր կազմակերպությունների մասնագետների և փորձագետների միջև փորձի փոխանակումը, նորարարությունների և նորագույն սարքավորումների ներկայացումը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հրդեհային անվտանգության և տեսահսկման ուղղությամբ ձեռքբերումներն ու նոր մեթոդների կիրառումները:
«ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Ծատուրյանը նշեց, որ արդեն 3 տարի է ձևավորվել է այսօրինակ միջազգային համաժողով կազմակերպելու ավանդույթ, որը մեծապես նպաստում է ԱՊՀ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը և փորձի փոխանակմանը:
– Տեխնոլոգիաների զարգացումն այնքան արագ է ընթանում, որ պահանջվում է, որպեսզի անվտանգության բոլոր համակարգերը՝ և՛ հակահրդեհային, և՛ ընդհանուր անվտանգության, և՛ տեսահսկման, և՛ մուտք-ելքի վերահսկողության, լինեն ընդհանուր, միասնական ու համակցված: Այսօր ներկայացվում են նաև նման տարբերակներ: «Ռուբեժ» ընկերությունն այս ոլորտում ռուսական ամենախոշոր կազմակերպություններից է, որը գերիշխող է ՌԴ-ի ու տարածաշրջանի երկրների շուկաներում, – եզրափակեց Վ. Ծատուրյանը:
«Ռուբեժ» ընկերության փոխտնօրեն Ռուսլան Բիսենգալիևը հավատացած է, որ այսպիսի առողջ բանավեճերի ու քննարկումների արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել անվտանգության ոլորտի արտադրության որակն ու արդյունավետությունը:
– Կարծում եմ՝ այս համաժողովի թեման ամենաարդիական հարցերից է: Այդ պատճառով այսօր ներկա են մասնագետներ տարբեր երկրներից, մի շարք գիտահետազոտական ինստիտուտներից, առևտրի կենտրոնների ներկայացուցիչներ, կարճ ասած, բոլոր նրանք, ովքեր կապ ունեն այս ոլորտի հետ: Համաժողովի ավարտին մենք իմի կբերենք արդյունքները և, բնականաբար, կընտրենք հաջորդ տարվա համաժողովի թեման ու անցկացման վայրը, – հավելեց Ռ. Բիսենգալիևը:
Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարության հետ համատեղ «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը 2012 թ. ստեղծել և ներդրել է Հայաստանում աննախադեպ հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգ:
Այդ համակարգն ապահովում է հակահրդեհային վերահսկում առցանց ռեժիմում, օրը 24 ժամ` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) «911» արագ արձագանքման ծառայության միջոցով, ինչպես նաև՝ ինքնաշխատ կանչ հրդեհի դեպքում՝ առանց անձնակազմի միջամտության:
Համակարգի օպերատոր «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը նորագույն սարքավորումների և պրոֆեսիոնալ անձնակազմի օգնությամբ իրականացնում է շուրջօրյա տեխնիկական ապահովում և հակահրդեհային համակարգի վերահսկում:
ՀՀ ԱԻՆ