«Սասնա ծռերի» անդամներ Արամ և Պավլիկ Մանուկյանների համար դրամահավաքի արդյունքում հավաքվել է 1.330.000 դրամ, Արմեն Լամբարյանի համար` 450.000 դրամ, Մհեր Մազմանյանի համար` 433.000 դրամ:
Aravot.am-ի հետ զրույցում «Սասնա ծռերի» ընտանիքների համար դրամահավաքի աջակցության կազմակերպիչ, քաղաքացիական ակտիվիստ Նելլի Մինասյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան էլ Հյուսիսային պողոտայում նախաձեռնում է դրամահավաք ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի:
Նա հավաստիացրեց, որ հավաքված գումարը փոխանցում է անձամբ խմբի անդամների ընտանիքներին. «Նրանց բոլորի ընտանիքներն էլ գտնվում են սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում: Նախատեսել եմ բոլորի համար էլ կազմակերպել նման դրամահավաքներ: Հավաքված գումարը յուրաքանչյուր դրամահավաքից հետո հենց Հյուսիսային պողոտայում փոխանցում եմ նրանց ընտանիքների անդամներին: Մհեր Մազմանյանի համար հավաքված գումարով անձամբ վճարել եմ նրա տան չորս ամսվա սննդի վարձը, նա ունի 6 անչափահաս երեխա: Արմեն Լամբարյանի ընտանիքում կա 3 անչափահաս երեխա, նրանք նույնիսկ գումար չունեն, որ գան Երևան` Արմենին սնունդ փոխանցեն»:
Նելլի Մինասյանը նշեց, որ դրամահավաքին մասնակցել են հիմնականում սովորական քաղաքացիները: Մեր հարցին` որևէ գործարար մասնակցե՞լ է դրամահավաքին, Նելլի Մինասյանը փոխանցեց, որ մասնակցել են բացառապես սովորական քաղաքացիները:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է դրամահավաք նախաձեռնեն զոհված ոստիկանների ընտանիքների համար, Նելլի Մինասյանը վրդովվեց. «Զոհված ոստիկաններին թող աջակցի պետությունը, ով նրանց սպանել է: Իսկ «Սասնա ծռեր» խմբի որևէ անդամ ոստիկանների սպանության հետ որևէ կապ չունի: Ով սպանել է, թող նա էլ աջակցի»:
Հիշեցնենք, որ ոստիկաններից երկուսը սպանվել են «Սասնա ծռերի» անդամների հետ փոխհրաձգության հետեւանքով: Ու այդ մասին այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա մասնավորապես նշել էր. «Ճիշտ է` երեք ոստիկան է սպանվել: Միանգամից ասեմ, որ երեք ոստիկաններից մեկի սպանությունը բացարձակապես կապ չունի «Սասնա ծռեր»-ի հետ, եթե ես չեմ սխալվում, նաև այդ առումով մեղադրյալ չկա: Փաստ է, որ երեքից մեկը «Սասնա ծռերի» գործողությունների արդյունքում չի սպանվել: Մյուս երկուսն իրենց վերքերը ստացել են փոխհրաձգության ժամանակ, մենք ունեցել ենք նաև բազմաթիվ այլ վիրավորներ, որոնք իրենց կյանքերը չեն կորցրել, և այդ երկու ոստիկանները, բնականաբար, միակ զոհերը չեն: Այո, նրանք իրենց կյանքերն են տվել: Այնտեղ եղել է փոխհրաձգություն, պաշտպանություն և դրա արդյունքում զոհվել է երկու ոստիկան: Զուտ մարդկային առումով ես հերթական անգամ իմ ցավն եմ հայտնում այդ զոհերի կապակցությամբ և ցավակցություն եմ հայտնում նրանց հարազատներին և մտերիմներին»:
Նաեւ հիշեցնենք, որ Նելլի Մինասյանը նախկինում կալանավորված էր Նորք-Մարաշում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված խմբի գործով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ