«Ինչո՞ւ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը դատարկախոսությունից այն կողմ չի անցնում: Ընդ որում, այդ դատարկախոսությունը կրում է պաշտոնական եւ մերձպաշտոնական բնույթ»,-օգոստոսի 18-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «ԵՏՄ հարավային ֆլանգ. Կրեմլը ցայտնոտի մեջ» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ այսպիսի հարցադրում արեց կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ըստ նրա, Հայաստան-Իրան հարաբերություններում առկա միակ խոչընդոտը հայ-ռուսական հարաբերություններն են. «Որեւէ մեկը հարցնո՞ւմ է` ի՞նչ գործ ունի ռուս զինվորն Արաքս գետի վրա…ո՞ւմից է պաշտպանում…Արաքս գետի վրա մեզ այդ ո՞վ եւ ի՞նչ է ասում, որ ռուսները մեզ այնտեղ պաշտպանում են»:
Մեհրաբյանի խոսքով` քանի դեռ Հայաստանը «Ռոսնեֆտ»-ի եւ «Գազպրոմ»-ի հետ ունի պայմանագրեր, չի կարող զարգացում ապրել. «Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ թույլ չտա Հայաստանը դառնա տարանցիկ երկիր: Բայցի այդ, ինչո՞ւ Իրան-Ադրբեջան «դուետին» միացավ Ռուսաստանը: Ադրբեջանի միջոցով իրենց վրա վերցնելով հաղորդակցության միջոցները` ռուսները քաղաքական առեւտրում ունենում են եւս մեկ հաղթաթուղթ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ