«Վերջին շրջանում ինձ Ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակներում հետաքրքրում է նավթի գինը»,- օգոստոսի 18-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Սակայն, դա երկարատեւ գործիք է եւ միանգամից չի կարող իրավիճակի վրա ազդեցություն ունենալ: Այդ պատճառով քաղաքագետը համարում է, որ սրացումը հնարավոր է. «Ես չեմ կարծում, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացն այսօր հնարավոր է, նույնիսկ անկախ այն հանգամանքից ուզո՞ւմ են դա, թե՞ ոչ: Ես չգիտեմ այդ հայտարարությունների խմբի արտահոսքը միտումնավո՞ր է եղել սրելու համար, թե իրոք հույսեր են եղել, թե ինչ-որ կերպ հնարավոր է առաջընթաց իրականացնել: Եվ ես կարծում եմ, որ նույնիսկ երկրորդ դեպքում հնարավոր չէր լինի, իսկ հիմա մենք տեսնում ենք նման հայտարարությունների ակտիվության նվազում»:
Ալեքսանդր Իսկանդարյանը համարում է, որ նույնիսկ դժվար է նախագահների հանդիպումից որեւէ առաջընթաց ակնկալել. «Ամենավերջինը Բակո Սահակյանի հայտարարությունն էր: Հայտարարությունից մամուլը ինչ-որ կտորներ է պոկում եւ հայտարարում, որ նա ասել է՝ մենք պատրաստ ենք գնալ ինչ-որ զիջումների, որ կոնֆլիկտը կարող է լուծվել համատեղ զիջումների շնորհիվ: Մյուս մասի մասին ավելի հազվադեպ է խոսվում, որ նախ եւ առաջ պետք է կրակոցները դադարեցնել, դիպուկահարներին հանել, Լեռնային Ղարաբաղին վերադարձնել բանակցությունների սեղան, վստահության միջոցներ տեղադրել: Այդ ժամանակ հնարավոր կլինի փոխզիջումների մասին խոսել: Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի համար ընդունելի չէ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ