Վերաքննիչ դատարանն այսօր հետաձգեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը:
Այսօր դատարան չէր ներկայացել գործով մեղադրող դատախազը, Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ միջնորդել է, որ հաջորդ դատական նիստին ապահովվի իր պաշտպանյալի ներկայությունը:
Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ երեկ այցելել է Արամ Մանուկյանին. «Երեկ տեսակցել եմ իմ պաշպանյալներին, Արամ Մանուկյանի հետ կապված պետք է նշեմ, որ նրա վիճակը ավելի բավարար է, քան Պավել Մանուկյանինը։ Բժիշկների օգնությամբ հենակների միջոցով կարողացել է մեկ-երկու քայլ անել, սակայն վիրավոր ոտքով դեռ մի քանի ամիս չի կարողանալու քայլել»: Նա նաեւ տեղեկացրեց, որ վաղը Պավել Մանուկյանի վիրահատությունն է նախատեսված դատապարտյալների հիվանդանոցում:
«Մենք գտնում ենք, որ Արամ Մանուկյանը, ելնելով իր առողջական վիճակից, հնարավորություն չունի խոչընդոտել քննությանը, բացակայել երկրից։ Ունի անբասիր վարքագիծ, նկարագիր, հայրենասեր երիտասարդ է, բացառվում է, որ նա խոչընդոտի քննությանը։ Մարդը ինչպե՞ս կարող է բուժման մեջ գտնելով խուսափի պատասխանատվությունից, ինչպես կարող է թողնել ու հեռանալ, երբ անձնագիրը գտնվում է վարույթ իրականացնող մարմնի ձեռքում։ Մենք խնդրել ենք, որ դատարանը նրան անհապաղ ազատ արձակի՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը»,- հավելեց փաստաբանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասներն ավելի ուշ տեսանյութում