Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. Պետք չէ «Սասնա ծռերին» ո՛չ հերոսացնել, ո՛չ դավաճան համարել (Տեսանյութ)

Օգոստոս 18,2016 15:45

«Այն, ինչ «Սասնա ծռերը» արեցին ոչ մի արդյունք քաղաքական առումով չտվեց, եւ չեմ կարծում, որ դրանից մեր երկիրն ուժեղացավ»,- օգոստոսի 18-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա համարում է, որ Հայաստանում զենքի միջոցով չի կարելի եւ անհնար է հարցեր լուծել, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունը ունի այնքան հնարավորություն՝ ճնշելու համար. «Հետեւաբար՝ ես համարում եմ, որ «Սասնա ծռերի» տղաների հաշվարկը, ըստ էության, մակերեսային էր, հաշվի չէին առնված ե՛ւ սեփական ռեսուրսները, ե՛ւ իշխանության ռեսուրսները: Նաեւ հաշվի չէին առել, թե ինչքան ժողովուրդ կարող էին մոբիլիզացնել, ինչի արդյունքում ինչպես տեսաք, 5-7 հազարից չանցավ թիվը: Պետք չէ ո՛չ դավաճան համարել «Սասնա ծռերին», ո՛չ էլ հերոսացնել: Եթե մենք հերոսացնում ենք այդ գործողությունները, որոնք շատերի համար շատ գայթակղիչ են, մենք հնարավորություն ենք ստեղծում եւ արդարացնում ենք հետագայում նման զինված խմբավորումների գործողությունները»:

Լյուդմիլա Սարգսյանը ընդգծեց, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում նման ցնցումները ուղղակի չի կարելի թույլ տալ. «Վերջ ի վերջո դուք ինքներդ էլ եք տեսնում՝ ինչի հասան տղաները, բայց ունեցանք երեք ոստիկանի մահ: Չէ՞ որ նրանք էլ հայ են: Ինչքան էլ դժգոհենք ոստիկանության գործողություններից, մենք հասկանում ենք, որ նրանցից ամեն մեկը մի ընտանիքի ճրագ էր: Եվ նրանք էլ հայ մարդիկ են, որոնք ուսադիրներ կրելով այնտեղ փորձում էին պաշտպանել մեր պետականության շահերը: Խոսքը Սարի թաղի իրադարձությունների մասին չէ, ինչը նույնպես դատապարտելի է: Բայց չէ՞ որ եւ տղաների արարքների մեջ դատապարտելի բաներ կան: Այնպես որ եկե՛ք օբյեկտիվ լինենք՝ ո՛չ հերոսացնենք, ո՛չ դավաճան համարենք: Եկեք իրատես լինենք: Հայաստանում ցնցումներ ուղղակի անցանկալի են»:

Լյուդմիլա Սարգսյանը համարում է, որ «Սասնա ծռեր» խմբավորման հաշվարկի սխալն այն էր, որ նրանք դեմ էին քաղաքական հարթակի ձեւավորմանը եւ այդպես էլ քաղաքական հարթակ չձեւավորվեց. «Հավանաբար մտածեցին, որ առաջնային կդիտարկվեն քաղաքական ուժերը եւ դա իրենց ինչ-որ տեղ վիրավորում էր, բայց եթե իրենց նպատակը իշխանություններից ազատվելն էր, եւ եթե նեղ անձնական շահեր չունեին, իրենք պետք է թույլ տային, որ քաղաքական հարթակ ձեւավորվեր, քաղաքական օրակարգ, որը գործընթաց կտաներ, եւ միգուցե այդ դեպքում նրանց անձնազոհությունը արդյունք կտար, իրենք էլ կդիտարկվեին քաղաքական գործընթացի մի մաս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031