Օգոստոսի 18-ին հոգեբան Գեւորգ Եղյանը հյուրընկալվել էր «Հենարան» ակումբում: Նա խոսեց սեպտեմբերյան իրարանցումից, եւ անդրադարձավ այն հարցին, թե ինչպես են առաջին անգամ դպրոց հաճախող երեխաները դժվարությամբ հարմարվում նոր միջավայրին, պատահում է, որ ոմանք էլ բարդույթավորվում են:
Նրա ձեւակերպմամբ, առաջին անգամ դպրոց գնալը երեխայի համար նոր փորձ է, փոքրիկը ստանձնում է որոշակի պարտականություններ, հետեւաբար չեն կարող բացառվել պարտականություններից բխող սթրեսային երևույթները: «Տարիքով մեծ եւ սոցիալական կապերի իմաստով փորձառու մարդիկ, հաշվի չեն առնում որոշակի խնդիրները, չէ՞ որ երեխաների պարագայում այլ է: Նրանք անցնում են որոշակի սթրեսներ՝ կապված ուսումնառության , գնահատականների և պարտականությունների հետ»,- փաստեց հոգեբանը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ եւ ծնողները, եւ մանկավարժները ուշադիր լինեն եւ երեխային վերաբերվեն որպես երեխայի: Եղյանը կարեւորեց ծնող-երեխա երկխոսությունը, միմյանց վստահելը: Մասնագետը շեշտեց, որ յուրաքանչյուր երեխա անհատական մոտեցման կարիք ունի, եթե նա հաճույքով չի սովորում դասերը, չպետք է կոպտորեն կտրել խաղից: «Երեխան պետք է նաեւ խաղա, նրան ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար պետք է բերել նոր սոցիալական դիրքի ու ցույց տալ պարտականությունները: Այս դեպքում երեխայի ընկալումն աստիճանաբար կփոխվի, սթրեսներն էլ աննկատ կհաղթահարվեն»,-համոզված է բանախոսը:
Հոգեբանն ասում է, որ ողջ աշխարհում նախադպրոցական տարիքի երեխաների սթրեսի հարցը քիչ է ուսումնասիրված, ուսուցիչները սովորաբար հենվում են իրենց անձնական փորձի վրա, որը երբեմն կարող է բերել բացասական հետեւանքների: Նա չի ժխտում, որ Հայաստանում փորձված մանկավարժներ շատ կան, բայց միեւնույն ժամանակ կարծում է, որ փորձառուներն էլ պետք է որոշակի գրականություն կարդան եւ ծանոթանան ոլորտի նորություններին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ