«Կարծում եմ շատ բան չի փոխվել վերջին մեկ ամսվա ընթացքում. Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը սպասված էր եւ այդ հանդիպումը որեւէ բեկում չի կարող մտցնել ղարաբաղաադրբեջանական հարցում»,- օգոստոսի 18-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նշեց, որ Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում որոշակի շեշտադրումներ կային, որոնք հույս են ներշնչում, որ ռուսական կողմը գիտակցում է, որ այսօր չկա որեւէ պարտադրանք Հայաստանի նկատմամբ՝ տարածքների զիջման վերաբերյալ: Ըստ նրա, դա հստակ երեւում էր Պուտինի հայտարարությունում, թե հաղթողներ եւ պարտվողներ պետք է չլինեն. «Մենք շատ լավ գիտենք, թե Ռուսաստանը ինչ շահեր ունի Ադրբեջանի հետ կապված: Միանշանակ նա փորձում է սիրաշահել Ադրբեջանին եւ բերել Եվրասիական տնտեսական միություն: Այստեղ պետք չէ դավադրություններ փնտրել, ռուսական կողմին մեղադրանքներ ներկայացնել.
Ռուսաստանը գերտերություն է, միշտ ունեցել է իր առաջնային շահերը, որոնք փորձում է Հայաստանի հետ զուգահեռ բանակցությունների ընթացքում սպասարկել: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը երբեւիցե չի կարող Հայաստանին այնպիսի բաներ պարտադրել, որոնք Հայաստանի դիրքերը կթուլացնեն, որովհետեւ թույլ Հայաստան, կարծում եմ՝ Ռուսաստանին պետք չէ, որովհետեւ ըստ էության տարածաշրջանում միակ դաշնակիցը Հայաստանն է»:
Անդրադառնալով հողերը հանձնելու մասին խոսակցություններին՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ չի հավատում, որ այս փուլում դրանք կարող են կյանքի կոչվել: Նա նաեւ չի հավատում, որ Հայաստանում կարող է լինել մի իշխանություն, որը բանակցությունների արդյունքում կարող է միակողմանի զիջումներ անել կամ եթե հնարավոր է պահել այդ յոթ շրջանները, չի փորձի պահել. «Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, եթե բանակցում ես արդյունքում ինչ-որ փոխզիջման տարբերակով, պետք է կարողանան համաձայնության գալ, իսկ եթե դադարեցնում ես համաձայնությունը, ապա միանշանակ պետք է պատրաստվենք պատերազմի: Հարց է առաջանում՝ այսօր մենք պատրա՞ստ ենք պատերազմի»:
Կարդացեք նաև
Լյուդմիլա Սարգսյանը համարում է՝ եթե Ռուսաստանը անտեսի Հայաստանի շահերը, ապա համանախագահող երեք երկրներից երկուսը հայկական դիրքերը կպաշտպանեն: Նրա կարծիքով՝ հայկական կողմի դիրքորոշումը կոշտության առումով պետք է մոտենա Ադրբեջանի դիրքորոշմանը. «Կարծում եմ՝ ժամանակն է, որ ադրբեջանական կողմը հասկանա, որ մեզ հետ նման կերպ խոսելու ոչ մի բարոյական իրավունք չունի: Առավել եւս՝ հաղթող կողմին հնարավոր չէ պարտադրել միակողմանի զիջումներ: Եթե պետք է լինեն զիջումներ որպես պատերազմին այլընտրանք, ապա շատ համաչափ զիջումներ պետք է լինեն՝ ներառյալ այն տարածքները, որոնք գրավել են ադրբեջանցիները՝ պատերազմի տարիներին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ