ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի առաջին խաղային օրը` օգոստոսի 17-ին, կայացան A խմբի մեկնարկային հանդիպումները, որտեղ նախ ուժերը չափեցին Կիպրոսը ներկայացնող «Ապոել» և Շվեյցարիան ներկայացնող «ՖուտզալՄանիակս» թիմերը: Խաղասկզբում հաջողությունը շվեյցարիացիների կողմն էր, սակայն առաջին խաղակեսի ավարտին «Ապոել»-ը կարողացավ վերականգնել հավասարակշռությունը և թիմերը ընդմիջման գնացին 4:4 հաշվով: 2-րդ խաղակեսում կիպրոսական թիմը շարունակեց վստահ խաղ ցուցադրել ինչի արդյունքում էլ 9:7 հաշվով գրանցեց իր առաջին հաղթանակը այս փուլում:
Բարդ ու դրամատիկ պայքարում ընթացավ «ՀՊՏՀ» – «Գենտոֆտե» հանդիպումը: Մեր երկրի կրկնակի չեմպիոնը բավականին հաջող խաղ էր ցուցադրում, սակայն առանձին խաղային դրվագներում անփութությունը հնարավորություն տվեց դանիացիներին առաջ անցնել հաշվի մեջ: Մեր տղաներն ամեն ինչ արեցին խաղը փրկելու համար, և շատ մոտ էին հաշվի հավասարակշռությունը վերականգնելուն, սակայն հաջողությունը դանիացիների կողմն էր, և խաղն ավարտվեց նրանց օգտին 4:6 հաշվով: Խաղավարտին կարմիր քարտ ստացավ ՀՊՏՀ առաջատար ֆուտբոլիստներից Սարո Գալստյանը, ով բաց կթողնի առաջիկա հանդիպումը:
«Բարդ հանդիպում էր: Ակնկալում էինք, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է լինելու, որը խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ:Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք: Կարող եմ ասել, որ շատ ծանր հանդիպում էր: ՀՊՏՀ-ն շատ լավ մրցակից է», խաղի ավարտին տված ասուլիսում նշեց Դանիական «Գենտոֆտե»-ի գլխավոր մարզիչ Պոու Հոլդենը:
Հայաստանի կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ-ի մարզիչ Կարեն Միքայելյանն էլ նշեց. «Խաղի մեկնարկում արագ գոլեր ընդունեցինք: Ճիշտ է` մրցակիցը կազմակերպված թիմ էր, սակայն արագ գնդակներ խփելուց հետո սկսեցին պաշտպանվել ու հակագրոհների վրա քանի անգամ պատժվեցինք: Չեմ կարող ասել, հնարավոր է, որ բախտի գործոնն էր, բայց չկարողացանք իրացնել մեր պահերը: Դեռ կպայքարենք, պայքարը դեռ առջեւում է: Կվերլուծենք ու կնախապատրաստվենք հաջորդ հանդիպմանը:
Կարդացեք նաև
Առջևում խաղարկության 2-րդ խաղային օրն է:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն