Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բնապահպան. «Երեւանի կենցաղային թափոնների «պոլիգոնը» վտանգ է առաջանում ստորգետնյա ջրերի, շրջակա միջավայրի համար»

Օգոստոս 18,2016 14:35

Հայաստանում ամբողջ աղբից 1,3% արդյունաբերական թափոններն են օգտագործվում, 0,3% էլ կոմունալ թափոններից: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Դանիելյանը ներկայացրեց, թե որքան հանքարդյունաբերական եւ կենցաղային թափոններ կան Հայաստանում, եւ դրանցից ընդամենը 1,3% եւ 0,3% -ի չափով օգտագործելը ամենացածր ցուցանիշն է աշխարհում: Օրինակ, ինչպես ներկայացրեց բնապահպանը, Հայաստանում հանքարդյունաբերության թափոններն ու պոչամբարները տարեկան մոտ 40 միլիոն տոննա են, եւ 2,5 միլիոն տոննա էլ՝ կենցաղային թափոններ:

Տիկին Դանիելյանն ասաց, որ Հայաստանում կան 21 վտանգավոր պոչամբարներ, որոնք արդեն բավականին լցված են թափոններով, եւ կան 12 թունավոր թափոնների պոլիգոններ:

«Հենց անմիջապես Երեւանի հարեւանությամբ ունենք նման թափոնների գերեզմանոց, որի վերաբերյալ ուսումնասիրություններ, ծրագրեր կան, Աստված տա, դրանք իրականացվեն, որովհետեւ դրանք մեծ վտանգ են ներկայացնում: Խոսքը Նուբարաշենի թունաքիմիկատների պոլիգոնի մասին է»,-ասաց Դանիելյանը:

Երեւանի կենցաղային թափոնների պոլիգոնն էլ, ըստ բնապահպանի, չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, այն շրջակա միջավայրից լիարժեք մեկուսացված չէ, ուստի պարբերաբար վտանգ է առաջանում ստորգետնյա ջրերի, շրջակա միջավայրի համար:

Տիկին Դանիելյանը նկատեց, որ աղբը տեսակավորելու եւ վերամշակելու խնդիրը Հայաստանում հրատապ է: Մեր երկրում աղբն, ըստ էության տեսակավորվում է, բայց դա, բնապահպանի խոսքերով ասած՝ ոչ օրինական է կատարվում. «Մարդիկ այդ տարածքներում ապրում են, հենց որ աղբը գալիս է, իրենք տեսակավորում են, գալիս են մեքենաները եւ համապատասխան տեսակավորած աղբը տանում են: Պարզապես պետք է դա սանիտարահիգիենիկ պայմաններում արվի, ոչ թե մարդիկ այդ աղբի մեջ, ահավոր պայմաններում լինեն»:

Բնապահպանը պատմեց, որ բացի Նուբարաշենի աղբանոցից, վերջերս հայտնաբերել է նաեւ մեկ այլ աղբանոց, որտեղ աղբը տեսակավորում են.«Երեւանի կենտրոնում, փոքր ստադիոնի հետեւում, որտեղ բերում են կենտրոնից հավաքած աղբը եւ հանում են այն, ինչը որ կարող է պետք գալ: Սրա մասին տեղյակ եմ պահել քաղաքապետարանին, ինձ օպերատիվ շտաբի պետի հետ ուղարկեցին այդտեղ, իսկ ոստիկանությունից ինձ տեղեկացրեցին, որ գոյություն ունի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագիր, որը մեզ թույլ չի տալիս խառնվել այդ գործին եւ տանել մարդկանց այդտեղ»:

Կարինե Դանիելյանն ասաց, որ հիմա Ասիական բանկի հետ աղբի հավաքման եւ տեսակավորման ծրագիր է մշակվում:

Ասուլիսին ներկա բնապահպան Սիլվա Ադամյանն էլ ասաց, որ փորձել են բիզնես ընկերությունների հետ համագործակցել եւ նրանց միջոցով աղբի տեսակավորման խնդիրը լուծել: Օրինակ, ըստ բնապահպանի, Երեւանի որոշ սուպերմարկետներ արդեն պոլիէթիլենային տոպրակները վաճառում են. այս պրակտիկան ընդունված է քաղաքակիրթ աշխարհում: Ադամյանի խոսքերով՝ «Բայց այս դեպքում էլ մարդիկ գալիս ու բողոքում են, թե բիզնես ընկերությունները ուզում են փող աշխատել: Մենք պետք է հանրության մեջ մտցնենք, թե ինչ վտանգ են առաջացնում մեր բնության, մոլորակի համար պոլիէթիլենային տոպրակները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031