Ալեք Ենիգոմշյանի տեղեկացմամբ` առաջիկա ամիսների ընթացքում կձևակերպվի իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը վստահեցրեց, որ հուլիսի 17-ից` «Սասնա ծռերի» ապստամբությունից առաջ և հետո հայաստանյան օդն ուրիշ է:
Ըստ նրա` երկրում հոգեբանություն է փոխվել, փոխվել են նաև վարչախմբի մոտեցումները. «Այն ինքնավստահությունը, որ վարչախումբն ուներ, մասնավորապես «մեր դեմ խաղ չկա» հոգեբանությունը, վերացած է: Վարչախմբի ունեցած զինանոցը խարխլված է ներքին առումով: Այսօր այս վարչախումբը շարունակում է հենվել ընդամենը մեկ ինստիտուտի վրա, որը ոստիկանական պատժիչ ուժերն են: Սակայն տեղեկություններ ունենք, որ ոստիկանության շարքերից հարյուրավոր դիմումներ են ներկայացվում այդ շարքերից դուրս գալու համար. մարդիկ գիտակցում են, թե ինչի համար են իրենք այդ հրամանները կատարում և չեն ուզում վնաս պատճառել իրենց ժողովրդին»: Ալեք Ենիգոմշյանի պնդմամբ` «այսօր վարչախումբը արևմուտքի կողմից լուրջ վերահսկողության տակ է գտնվում»:
Ըստ նրա` ՀՀ իշխանություններին մնում է դիմել Հյուսիսային Կորեայի տարբերակին, բայց ՀՀ-ում այդ տարբերակը աշխատել կարող է միգուցե մի քանի ամիս, բայց ՀՀ-ն Հյուսիսային Կորեա չէ և՛ աշխարհագրական դիրքով, և՛ սփյուռքի առկայությամբ, և՛ բազում համաշխարհային դերակատարների շահագրգռվածությամբ այս տարածաշրջանում:
Կարդացեք նաև
Ալեք Ենիգոմշյանը հավաստիացրեց, որ վարչախմբին հեռացնելու գլխավոր ճանապարհը զուգահեռ իշխանության ձևավորումն է` հանձին վստահության կառավարության, որը կարճ ժամանակում պետք է ստեղծվի. «Այդ կառավարության գործառույթը պիտի լինի զարգացնել ժողովրդական մոբիլիզացիան, ներգրավել բոլոր կառուցողական ուժերին, որոնք սկզբունքային կեցվածք ունեն` և՛ հայաստանյան, և՛ համահայաստանյան` նկատի ունեմ հայկական սփյուռքը: Սա ցանցային, ստեղծագործական նախաձեռնության առջև բաց շարժում է: Ուզում ենք, որ հրապարակներում և դրանցից դուրս տեղի ունենա լաբորատոր գործընթաց. ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել ապագայում` բնապահպանության, մշակույթի և այլ ոլորտներում»:
Ալեք Ենիգոմշյանը հիշեցրեց, որ «Սասնա ծռերը» ժողովրդական շարժման կայծն են տվել, բայց «Սասնա ծռեր» քաղաքական շարժումը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին: Ըստ պարոն Ենիգոմշյանի` մինչև 2017-ի ընտրություններն արդեն ռեժիմը հեռացած պիտի լինի, հակառակ դեպքում ինքը չի կարող հավաստիացնել, որ քաղաքացիները կրկին նման ըմբոստություն չեն բարձրացնի: Այս առիթով նա տեղեկացրեց, որ Հիմնադիր խորհրդարանը (ՀԽ) «Սասնա ծռեր»-ի որոշումից տեղյակ չէր, սակայն, դեմ լինելով զինված ըմբոստությանը, այնուամենայնիվ կարծում են, որ այլ ելք չկար:
Հարցին` հնարավո՞ր է հուլիսի 17-ի նման նոր ըմբոստություն բարձրանա, պարոն Ենիգոմշյանը պատասխանեց. «Այնպես եք հարցնում, որ կարծես ես կամ մենք պետք է նախաձեռնենք: Այս մոտեցումը նոր չէ թևածում Հայաստանում, որ բացի բռնի ուժի կիրառումից, ՀՀ-ում այլ հնարավորություն չի մնացել: Այսօր ունենք ժողովրդային շարժում` «Սասնա ծռերի» լեգիտիմ բռնի ուժի կիրառմամբ: Հույս ու հավատ ունեմ, որ այդ ժողովրդային շարժմամբ հասնելու ենք հաջողության: Իսկ նշածս միտքը դեռ շարունակում է թևածել. «Սասնա ծռերի» որոշումը ՀԽ որոշում չի եղել, նրանց մի մասը կամ ուղղակի անդամ էր ՀԽ-ի, կամ շարժման ակտիվիստ ու համակիր, ոմանք էլ չէին, բայց ՀԽ որոշումը չի եղել, դա եղել է այդ անձանց որոշումը: ՀԽ-ն ունի իր հստակ քաղաքական ռազմավարությունը: ՀԽ-ն նման կազմակերպական աշխատանքներ տանելու հավակնություններ չունի: Ես կողջունեմ մեր ժողովրդի պայքարը և դրա պսակ հաղթանակը: Ցանկացած բռնի ուժի կիրառում մեղադրելի ու դատապարտելի է, բայց երբ բոլոր ճանապարհները ամբողջ տասնամյակներ փակվում են, ժողովրդին ոչ մի այլ ճանապարհ չի մնում, այդ դեպքում ոչ միայն բարոյական, այլև միջազգային իրավունքով իրավական է համարվում՝ քաղաքացիներին դիմել ապստամբության: Եթե ՀՀ-ում շարունակվի այս վիճակը, մեծ հույս ունեմ, որ քաղաքացիական շարժումը քաղաքացիական անհնազանդությամբ, որը բիրտ ուժ և զենքի կիրառում չի ենթադրում, հաջողելու է հասնել հիմնական քաղաքական նպատակների իրականացմանը»:
Ըստ նրա` տեսականորեն չի բացառվում, որ նման անհնազանդություն կրկին լինի, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ռեժիմը սպասվածից ավելի երկար կյանք ունենա: Ալեք Ենիգոմշյանը եզրափակեց. «Նման դեպքում քաղաքացիներն` ինչ կանեն, ոչ իմ որոշելիքն է, ոչ էլ ես իմանում եմ, թե քաղաքացիները ինչ են որոշում»:
Դառնալով վաղը` ժամը 19.30-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին` պարոն Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ կլինեն հստակ ելույթներ քաղաքական բովանդակության: Հնարավորություն կտրվի մարդկանց արդեն ավելի փոքր խմբերով հանդես գալու և ինքնակազմակերպվելու: Լինելու է ժողովրդական մոբիլիզացիայի գործընթաց:
Դիտարկմանը` հուլիսի 17-ի ապստամբությունից հետո փաստ է, որ երեք ոստիկանի մահ է գրանցվել, դրա համար որևէ մեկը պե՞տք է պատասխան տա, պարոն Ենիգոմշյանը պատասխանեց. «Ճիշտ է` երեք ոստիկան է սպանվել: Միանգամից ասեմ, որ երեք ոստիկաններից մեկի սպանությունը բացարձակապես կապ չունի «Սասնա ծռեր»-ի հետ, եթե ես չեմ սխալվում, նաև այդ առումով մեղադրյալ չկա: Փաստ է, որ երեքից մեկը «Սասնա ծռերի» գործողությունների արդյունքում չի սպանվել: Մյուս երկուսն իրենց վերքերը ստացել են փոխհրաձգության ժամանակ, մենք ունեցել ենք նաև բազմաթիվ այլ վիրավորներ, որոնք իրենց կյանքերը չեն կորցրել, և այդ երկու ոստիկանները, բնականաբար, միակ զոհերը չեն: Այո, նրանք իրենց կյանքերն են տվել: Այնտեղ եղել է փոխհրաձգություն, պաշտպանություն և դրա արդյունքում զոհվել է երկու ոստիկան: Զուտ մարդկային առումով ես հերթական անգամ իմ ցավն եմ հայտնում այդ զոհերի կապակցությամբ և ցավակցություն եմ հայտնում նրանց հարազատներին և մտերիմներին»:
Հարցին` պե՞տք է լինեն մարդիկ, որ պատասխան պիտի տան այդ զոհերի համար, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Այդ մահերի համար պատասխան տվողներ պիտի լինեն, բայց ամբողջ Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի համար պետք է պատասխան տվողներ լինեն: Եթե զոհերի ե միայն այդ երկու ոստիկանների մահերի կապակցությամբ պետք է պատասխանատուներ փնտրվեն և այսպես ասած օրենքի կիրառում կատարվի, ապա դա արդեն նույն այս անարդար իրադրության շարունակությունը կլինի: Ոչ ոք չի կարող ազատվել, եթե կա ինչ-որ գործ, որի արդյունքում մահ է տեղի ունեցել, դա, բնականաբար, պիտի գտնի իր լուծումը, սակայն ակնկալել, որ ժողովուրդը լուռ կմնա, եթե միայն այդ կապակցությամբ մեղավորներ փնտրվեն և ուրիշ ուղղություններով մեղավորներ չփնտրվեն, չեմ կասկածում, վստահ եմ, որ ժողովուրդը չի լռի»:
Դիտարկմանը, եթե ասում եք պաշտպանություն է տեղի ունեցել, ուստի մեղավորներ չպե՞տք է փնտրվեն, արդյոք պե՞տք է քննություն այս առումով, պարոն Ենիգոմշյանն արձագանքեց. «Եթե պաշտպանության հանգամանքում են կրակել ոստիկանների վրա, քննությունը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը: Քննություն պետք է արդար Հայաստանում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ