Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը ռիսկ եմ համարում՝ ԼՂՀ խնդրի կարգավորման համար». Գագիկ Մինասյան

Օգոստոս 18,2016 12:41

Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հստակ հայտարարեց, որ վտանգ են տեսնում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման հետ կապված: Անդրադառնալով Պուտին-Էրդողան, Պուտին-Ալիեւ հանդիպումներին, հարցին՝ լայն ճակատով այդ մերձեցումը արդյոք կարո՞ղ էապես թուլացնել Հայաստանի դիրքերը՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ, այդպիսի ռիսկ կա, որովհետեւ աներկբա ձեւով Թուրքիան բազմիցս ասել է, որ ինքը սատարում է այս կոնֆլիկտում Ադրբեջանին եւ այստեղ որեւէ անակնկալ լինել չի կարող: Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը ես, որպես հայ քաղաքացի, ռիսկ եմ համարում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Բայց մյուս կողմից կարեւոր է, որ պատմությունը, որ կա, ինձ թույլ է տալիս պնդելու, որ հայկական կողմը չի կարող որեւէ զիջման գնալ այս խնդրում, որովհետեւ սա մեզ համար գերկարեւոր խնդիր է: Մենք զիջելու խնդիր չունենք: Մյուս խնդիրները կարող են քննարկման սեղանին դրվել՝ այն պարագայում, երբ ամենաառաջին խնդիրը՝ ԼՂՀ կարգավիճակի խնդիրը փոխհամաձայնեցված տարբերակում է գտնվում հայկական եւ ադրբեջանական կողմերի համար: Բայց մոտ չի այդ փոխհամաձայնեցման տարբերակը»:

Aravot.am-ի հարցրեց՝ խոսեցիք ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին, այս առումով մտահոգություններ են հնչում, որ մեզ կարող են պարտադրել փաստաթուղթ, սա ինչքանո՞վ է հնարավոր, որ մեզ պարտադրվի, մեր առաջ դնեն փաստաթուղթ եւ ստիպեն ստորագրել՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ռուս-թուրքական հարաբերութունների պատմությունը դարերի խորքից է գալիս: Այնտեղ եղել են շատ լարված իրավիճակներ, ջերմ իրավիճակներ: Այսօր այդ ջերմացման իրավիճակներից մեկն է, որը նախորդում է լարված իրավիճակին: Մենք ազգովի շատ լավ քննություն բռնեցինք այս տարվա սկզբում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում էին չափազանց լարված իրավիճակում, եւ տարբեր տեղերից՝ Մոսկվայից, տարբեր հայտարարություններ էին հնչում այդ լարված շրջանում՝ որպես կոնֆլիկտի լուծման բաղադրիչ, օգտագործել հայկական կողմի հնարավորությունները: Հպարտությամբ պետք է ասեմ, որ մեր հասարակությունը, մեր քաղաքական ղեկավարությունը, ըստ էության, չտրվեցին այդ գայթակղությանը, եւ սա խոսում է մեր հասունության մասին: Դժվար է ասել, թե այս փուլը ինչքան տեւողություն կունենա: Ես համոզված եմ, որ այս փուլում էլ մենք կդրսեւորենք նույն որակները եւ հավատարիմ կմնանք մեր ազգային, պետական շահին»:

Հարցին՝ ասացիք, որ ԼՂՀ հարցում ռիսկ եք տեսնում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմության հետ կապված, այդ ռիսկը ինչո՞ւմ եք տեսնում, որ ՌԴ-ն ՀՀ շահերի դեմ քա՞յլ կանի, չէ՞ որ Թուրքիան համանախագահող երկիր չէ՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ոչ, դա ուղղակի բացառվում է, որ Թուրքիան լինի համանախագահող երկրի կարգավիճակում, որովհետեւ բազմիցս եւ անթաքույց արտահայտել է իր 100 տոկոսանոց համաձայնությունը ադրբեջանական տեսակետների հետ: Այդպիսի երկիրը չի կարող լինել համանախագահող: Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում կան որոշակի տեղաշարժեր, որը ենթադրել է տալիս, որ այս տարածաշրջանում ՌԴ-ի կարգավորիչ դերի հնարավորությունները մեծանում են: Այս տեսակետից, կարծում եմ, կարող են լինել ռիսկեր, որը մենք պետք է ժամանակին զգանք եւ անենք քայլեր, որ այդ ռիսկերը չվնասեն մեր պետական, ազգային շահերին»:

Նա ասաց, որ բանակցությունների գործընթացը փակուղում չէ: Ինչ վերաբերում է նոր առաջարկություններ ներկայացնելուն, դրանք բազմիցս եղել են եւ էլի կլինեն. «Մենք պետք է ակնկալենք, որ փոխհամաձայնեցումը նախ տեղի կունենա՝ ԼՂՀ կարգավիճակի հետ կապված ու հնարավոր կլինի անցնել երկրորդ, երրորդ էտապին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031