Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեռ 2007-ին Սերժ Սարգսյանը գիտեր, որ ՌԴ-ն զինում է Ադրբեջանին. «Ժողովուրդ»

Օգոստոս 18,2016 12:03

ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին բավականին հետաքրքիր զեկուցագիր է կազմել 2007թ. փետրվարի 16-ին այնժամ ՀՀ Պնախարար Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Ջիմ ՄաքԴուգալի հանդիպման կապակցությամբ։ «Վիկիլիքսի» շնորհիվ պարզվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի ռազմական հնարավորությունները՝ Ադրբեջանի հետ համեմատությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի չեզոքությունը ԼՂ հակամարտության նկատմամբ։ Չեն շրջանցվել նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները։

Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ գնահատել է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը։ Նրա համոզմամբ՝ հակամարտության խաղաղ կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը Ադրբեջանին թուլություն է թվացել՝ նպաստելով ռազմական բառապաշարի կիրառմանը։ Նա պարզաբանել է, որ Հայաստանը գնում է պաշտպանողական զենք՝ մատնանշելով Ադրբեջանի կողմից ձեռք բերված 14 MIG–29 կործանիչների փոխարեն Հայաստանի հայթայթած պաշտպանական նոր համակարգերը։

Նրա ծանուցմամբ՝ 2006-ին Ադրբեջանը գնել էր 150 տանկ, որոնց Հայաստանն իր ունեցած հակատանկային պաշտպանությամբ միարժեքորեն ի վիճակի էր դիմագրավել։ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի պահպանել ռազմական օգնության հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանություններում չկա մեկը, որ ԱՄՆ-ին ադրբեջանամետ համարի։

Սերժ Սարգսյանը բավականին նշանակալից հայտարարություն է արել՝ պնդելով, որ ԱՄՆ-ի աջակցությունը թույլ է տալիս հավասարակշռել Ռուսաստանի ու իսլամական երկրների կողմից Ադրբեջանին մատուցվող օգնությանը։ Նա հայտնել է, որ 2003թ. Ռուսաստանն Ադրբեջանին տվել է 63 տանկ, իսկ Հայաստանին՝ 0։

Հետաքրքիր է՝ այդ ինչպիսի՞ օգնություն է ԱՄՆ-ն տվել կամ այսօր գուցե թե տալիս Հայաստանին, որ հավասարակշռում է Ադրբեջանի տիրապետած ռազմական հնարավորություններին։ Ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանն է պնդում, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին։ Այդ աջակցությունն էլ, բնականաբար, Բուրկինա Ֆասոյի դեմ չէ ուղղված, այլ ուղղակիորեն Հայաստանի։ Այսպիսի խոստովանություններից հետո կա՛մ Սերժ Սարգսյանը պետք է 2008թ. նախագահ դառնալուց հետո աստիճանաբար դուրս գար ռուսական ազդեցությունից, կա՛մ էլ օր առաջ հրաժարական տար՝ Հայաստանը հակառակորդների համար փորձադաշտ չդարձնելու մտավախությունից դրդված։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031