«Հողերը հանձնելու» մասին հայտարարությունները, թերեւս, նույնքան հին են, որքան ինքնին ղարաբաղյան բանակցային գործընթացը։ Այդ մասին քաղաքական ուժերը խոսել են եւ իշխանություններին «դավաճան» հայտարարել թե՛ 90-ականներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, թե՛ դրանից հետո՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում։ Ընդ որում, վերջինի դեպքում այդ մեղադրանքները հնչում էին նաեւ Հոկտեմբերի 27-ի համատեքստում՝ կապված Մեղրին հանձնելու «Գոբլի պլանի» իրագործման հետ։ Ասվում էր, թե իբր Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել այդ ծրագրին, իսկ Քոչարյանը՝ կողմ, արդյունքում էլ կազմակերպվեց խորհրդարանական սպանդը, որպեսզի ծրագրի իրագործմանը խոչընդոտողները վերացվեն։ Եվ ի՞նչ։ Արդյոք այդ պլանը իրագործվե՞ց։ Ո՛չ։ Եվ հենց դա է նման պնդումների միակ հավատարժան եւ էական պատասխանը։
Օգոստոսի 1-ի իր ելույթում Ս. Սարգսյանը հայտարարեց, որ միակողմանի զիջումները բացառվում են, եւ որ ինքը պատրաստ է զոհել ցանկացած պաշտոն, անգամ կյանքը՝ հանուն ժողովրդի համար ընդունելի որոշման իրագործման։
Այս հայտարարությունը, սակայն, որեւէ կերպ չփոխեց այն քաղաքագետների եւ փորձագետների դիրքորոշումը, որոնք վստահ են՝ կարճ առաջիկայում Սերժ Սարգսյանը պատրաստվում է տարածքները հանձնել։ Եվ հիմա, օրուգիշեր քաղաքագետների այդ խումբը ահազանգում է՝ տարածքները հանձնվելու են, եւ դա լինելու է ՀՀ-ի վերջը։
Չկասկածելով այդ մարդկանց մտահոգությունների ազնվությանը, այնուհանդերձ, նկատենք, որ մի կողմից տագնապի զանգը հնչեցնելով, մյուս կողմից էլ նրանք, այնուհանդերձ, հանրության մեջ ավելացնում են դատապարտվածության զգացողությունը։ Եթե, օրինակ, Ավետիք Իշխանյանն ասում է, որ հավաստի տեղեկություններ ունի, որ բոլոր ինստիտուտներին հրահանգվել է նախապատրաստել «հանձնման գործընթացը», նա ուղղակի պարտավոր է նշել, թե ով երբ եւ ում է տվել նման հրահանգ, այլապես դա նման է «դավաճանության մասին իմանալ-չհայտնելուն», ինչն, ի դեպ, նույնպես քրեորեն պատժելի արարք է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում