Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կարող է զբաղվել քաղաքականությամբ

Օգոստոս 18,2016 10:00

Հայաստանում ժամանակ առ ժամանակ հարց է առաջանում` ո՞վ կարող է այստեղ զբաղվել քաղաքականությամբ: Երբեմն ասվում է, որ դա չափազանց մասնագիտական գործունեություն է, որով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Համաձայն չեմ: Նույնիսկ այն մարդը, որը ոչ մի հարթակում ոչ մի տեքստ չի արտասանում եւ չի գրում, այդ մարդը դարձյալ զբաղվում է քաղաքականությամբ իր, այսպես ասած, չմասնակցությամբ:

Քաղաքականությամբ կարող են զբաղվել եւ զբաղվում են բոլորը` որոշակի բացառություններով, որոնց մասին կասեմ քիչ հետո: Այլ հարց է, թե ով է իրեն պատրաստ համարում քաղաքական տեքստեր արտասանելու: Եթե, ասենք, տաքսիստը կարծում է, որ նա իր խոսքով ի զորու է լուծել «ազգի խնդիրները», ապա նրա իրավունքն է՝ իր մտահոգությունները հայտնելու: Եթե ինքնուս կամ պրոֆեսիոնալ պոետները ցանկանում են, ասենք, Ազատության հրապարակում իրենց քաղաքական ոտանավորներն արտասանել, ապա նրանք նույնպես ունեն դրա լիակատար իրավունքը:

Հայաստանից դուրս ապրող հայերը եւ, մասնավորապես, նախկին հայաստանցիները նույնպես կարող են զբաղվել հայաստանյան քաղաքականությամբ: Եթե Եվրոպաներում ապրող մեր հայրենակիցը առնվազն կես շիշ արաղ կոնծած վիճակում տեսագրում է իր հայհոյախառն ելույթը եւ դնում է համացանց, դա էլ քաղաքականությամբ զբաղվելու ի՛ր ձեւն է, որն, ի դեպ, շատերին դուր է գալիս:

Կամ` որ, ասենք, «Մտահոգ հայ» ծածկանունով ֆեյքը տրանսլիտով, բայց «դուխով» կարծիք է գրում ֆեյսբուքում, ուրեմն նա ընտրում է քաղաքականությամբ զբաղվելու իր ճանապարհը: Պարզապես ինձ թվում է, որ այդ մարդիկ երբեք, ոչ մի պարագայում Հայաստան չեն վերադառնա` անգամ այն դեպքում, եթե Ժիրայր Սեֆիլյանը դուրս գա բանտից եւ կես տարով հաստատի զինվորական դիկտատուրա: Իսկ ես, օրինակ, նույնիսկ այդ պարագայում Հայաստանից չեմ փախչի: Բայց դրանք «դետալներ» են` Աստված տա, բոլորը վերադառնան:

Մի խոսքով, բոլորն էլ իրավունք ունեն, կարող են զբաղվել եւ իրականում զբաղվում են հայաստանյան քաղաքականությամբ: Բացառություններն, իմ կարծիքով, երեքն են:

1/ Քաղաքականությամբ իրավունք չունեն զբաղվելու ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, քննչական մարմինները, դատարանները: Այնինչ` այդ ինստիտուտներն իրականում զբաղվում են քաղաքականությամբ: Հակառակ դեպքում, օրինակ, Լեւոն Երանոսյանի եղբայրը վաղուց արդեն երկու ամսով կկալանավորվեր, իսկ այնուհետեւ կդատապարտվեր ավելի երկար ժամկետով, քան Շանթ Հարությունյանը կամ Հայկ Կյուրեղյանը:

2/ Քաղաքականությամբ իրավունք չունի զբաղվելու բանակը:

3/ Քաղաքականությամբ իրավունք չունեն զբաղվելու անօրինական զինված խմբավորումները: Նույնիսկ եթե այնտեղ լավ մարդիկ են ներգրավված:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Իսկ իմ կարծիքով բացառությունները ոչ թե երեքն են, այլ 3 անգամ 3-ն են.
    1/ ոստիկանությունը,
    2/ ԱԱԾ-ն,
    3/ դատախազությունը,
    4/ քննչական մարմինները,
    5/ դատարանները,
    6/ դպրոցների տնօրենները՝ դպրոցներում
    7/ ԲՈւՀ-երի ռեկտորները՝ ԲՈւՀ-երում
    8/ համատիրությունները
    9/ բանակը
    *քրեական տարրերի և թվարկածս 9-ի փոխշահավետ համագործակցության հարցը և դրա բարոյալքող ազդեցությունը հասարակության վրա առայժմ թողնենք բաց:
    Ինչ վերաբերում է ՛՛անօրինական զինված խմբավորումները՛՛ սույն դասակարգման մեջ մտցնելուն, ապա ակնհայտ է, որ հոդվածը գրված է հենց այս միտքը ՛՛կաթեցնելու՛՛ համար, սակայն, հարց է առաջանում. անօրինական զինված խմբավորումներ ընդհանրապես գոյության իրավունք ունե՞ն, որ դեռ քաղաքականությամբ զբաղվելու իրավուք ունենան, կամ՝ չունենան, մինչդեռ երբ ՛՛մուտացված իննյակն՛՛ է անթաքույց կերպով զբաղվում քաղաքականությամբ, ապա այստեղ պետք է խոսվեր ոչ թե ՛՛անօրինական զինված խմբավորումների՛՛, այլ կեղեքվող մարդկանց ապստամբելու և ապստամբների՝ քաղաքանությամբ զբաղվելու իրավունքի մասին:
    Փոխանակ խոսելու ՀՀ վերարտադրվող իշխանությունների կողմից հայրենասեր մարդու՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող անօրինական հալածանքների և դրա հակազդեցությունների մասին, հոդվածագիրը գրում է.
    == եթե Ժիրայր Սեֆիլյանը դուրս գա բանտից եւ կես տարով հաստատի զինվորական դիկտատուրա==, ենթադրվում է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, օրինակ՝ հաստատի զինվորական դիկտատուրա
    և արյան մեջ խեղդի մեր նորանկախ ժողովրդավարությունը, որը սկսել էր ընձյուղել հանրապետության ամբասիր ղեկավարության և անձամբ Սերժ Ազատիչի գլխավորությամբ՝ համաժողովրդական սիրով և համերաշխությամբ ընդունված Նոր Սահմանադրության լույսի ներքո, /Ընտրական օրենսգիքն էլ՝ ձեզ նվեր /…

  2. Հիմա հայերը գերազանցապես տոգորված են սեքսով ու քաղաքանությամբ, ընդ որում, որքան քիչ է առաջինը, այնքան շատ է երկրորդը։

  3. Լավատես says:

    Si vis pacem, para bellum, որը պետք է թարգմանվի ոչ թե Ուզում ես խաղաղություն, պատրաստվի պատերազմի, այլ Ուզում ես խաղաղություն (քեզ ու բարեկամներիդ համար), պատրաստի պատերազմ (չկամներիդ համար): Բնության օրենքն է՝ ուզում ես ազգիդ ու բարեկամ ազգերիդ մեջ կարգավորվածությունը մեծանա, պետք է ներքին պառակտում մտցնես ու փոքրացնես կարգավորվածությունը թշնամի ուժերի մեջ: Մենք պաշտպանական մարտավարությունից պետք է անցնենք հարձակողական ռազմավարության: Եթե չսովորենք պատերազմ պատրաստել թշնամու հողում, կունենանք պատերազմ սեփական հողում:

  4. Մարգար Մախսուդյան says:

    Մինչ մենք խոսում էինք այն մասին, թե ով քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունի, ՛՛չար ուժերը՛՛ զրկեցին ինձ մեկնաբանություն գրելու իրավունքից…
    Վայ թեմ խնդրագիր գրելու անհրաժեշտություն առաջանա, հը՞…
    Դուք միայն ասեք՝ ես ՛՛նաղդ՛՛ գրող եմ…

  5. Մարգար Մախսուդյան says:

    – Ձեր ո՞ր մեկնաբանությունը չի հրապարակվել,- հարցրեց մոդերատորը որոշակի հետևողականություն ցուցաբերած ընթերցողին:
    – Ա՜յ… էն մեկը,- պատասխանեց ընթերցողը, – էն որ ուղարկվել էր Օգոստոս 18, 2016 at 13:28-ին, որն ուղարկելու պահից չորս ժամ անց դեռ չէր տեղադրվել, սակայն տեղադրված էին դրանից երեքուկես ժամ անց ուղարկված 2-րդ և 3-րդ մեկնաբանությունները:
    Ինքս ինձ փորձում եմ հասկանալ, հնարավո՞ր է, որ ասենք՝ առաջին մեկնաբանություն համար զբաղված լինեք, իսկ 2-րդ և 3-րդի համար՝ ոչ:

    • Այսօր մոտ երեք ժամ ոչ մի մեկնաբանություն չի հրապարակվել, որոնց թվում էր նաեւ Ձեր գրածը: Սակայն այն հրապարակվել էր մինչեւ Դուք հերթական անգամ կփորձեիք բողոքել, թե Ձեր մեկնաբանությունները չեն հրապարակվում: Եթե չեմ սխալվում՝ եւ ոչ մի անգամ այդ բողոքը հիմնավոր չի եղել: Հապաղում հնարավոր է՝ մենք առանձին աշխատակից չունենք, որ մեկնաբանությունները մոդերացնի: Հնարավոր է նաեւ սփամի մեջ հայտնվի՝ տեսնում ենք, ուղղում: Բայց եթե կայքում մեկնաբանություններ գրելու կանոնները չեն խախտվում՝ դրանք հրապարակվում են:

      • Մարգար Մախսուդյան says:

        Էնպիսի սպառիչ պատասխան տվեցիք, որ քիչ մնաց ամոթահար լիեի, միայն սկիզբն էր, ըստ իս՝ մի քիչ թերի:
        Կարելի էր այսպես սկսել.
        Հանուն Հայաստանի Հանրապետության…

  6. Հ.Շ. says:

    4/ [Հայաստանում կամ Հայաստանի] քաղաքականութեամբ իրաւունք չունին զբաղվելու Սփիւռքի հայերը,
    ներառեալ՝

    4.1 հայրենադարձները, մինչեւ որ անոնք գոնէ երեք յաջորդական սերունդներ, իսկական եւ մնայուն կերպով, ապրած ըլլան այդտեղ, հրաժարելէ ետք օտար հպատակությունից
    եւ
    4.1 արտագաղթողները:

    Սփիւռքի մասսայական մեծամասնությունը, փաստօրէն,
    լաւապէս հասկցած է արդէն այս:

    (Ես ել անմիջապէս եւ մեծ սիրով կը դադրիմ Հայաստանի քաղաքականութեան մասին ոեւէ բան ըսելէ կամ գրելէ, կը դադրիմ նոյնիսկ այդ մասին լուրերին նվազագոյն չափով իսկ հետեւելէ, եթէ նոյնը բարեհաճին կատարել բոլոր – թարմ -ախպարները: Թէ ոչ, ուղղակի ստիպված եմ ժամանակս այդ նիւթերով զոհելու, քանզի իմ նմանները կարող են միայն անոնց հակադրել – ինչպէս արդէն կը տեսնենք, վերեւի Խմբագրականում այս 4րդ արգելքի նշման չգոյությամբ, յանուն փափկանկատության – : Թէեւ անկէ զատ կը մնա երկիրը լքողների պարագան, որոնց նկատմամբ ել իմ իրաւասություններս սահմանափակ են, մինչ Հայաստանաբնակ բնիկ հայերն ալ երեւի չեն ուզում անոնց հետ շատ խնդիր ունենալ… )

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031