Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավականին շատացել են դեմագոգները, պրովոկատորները, տականքները»

Օգոստոս 18,2016 15:30

Ըստ Դավիթ Բաբայանի՝ փորձում են ներսից մեր միասնականությունը ջլատել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում եւ մամուլում՝ հատկապես մի արտահայտության հետ կապված, որ «Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների եւ հայերի հանդեպ հայատյաց քաղաքականությունից»: Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց առ այն, որ Բակո Սահակյանը տարբերակում է դնում՝ ղարաբաղցի-հայ:

Այս առնչությամբ «Առավոտը» Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ դա թարգմանությա՞ն սխալ է, թե՞ Բակո Սահակյանն ասել է նման բան:
Նա պատասխանեց, որ արդեն տարածել են Բակո Սահակյանի խոսքի բնօրինակը, եւ բացատրեց, թե ինչ է կատարվել. «Բակո Սահակյանը եւ ընդհանրապես որեւէ նորմալ հայ չի կարող այդպիսի արտահայտություն անել: Ինձ համար տարօրինակ եւ վիրավորական է, որ մարդիկ այդպիսի բան են ասում, ո՞նց կարող է այդպիսի բան լինել ընդհանրապես»:
Դավիթ Բաբայանն ասաց, որ հայ հասարակության մեջ տհաճ երեւույթներ է նկատում. «Բավականին շատացել են դեմագոգները, պրովոկատորները, տականքները, որոնք անընդհատ ինչ-որ վատ բան են փորձում անել, ստի ինչ-որ բաներ են հորինում:

Օրինակ՝ նախագահը չի օգտագործել զիջում բառը, այդ նույն հարցազրույցի մասին է խոսքը: Նա, ընդհակառակը, ասել է՝ զիջումներով չի կարող հարցը լուծվել: Վերցնում են եւ դա դնում են: Հիմա այստեղ երկու բան կա՝ եթե դա անում են Ադրբեջանն ու Թուրքիան, պետք է ծափահարել, որովհետեւ շատ նուրբ են անում, իսկ եթե դա անում են հայերը, իսկ այդպիսի մարդիկ կան, ուրեմն դա ամենաստոր, կեղտոտ քայլն է: Դժբախտաբար, այդպիսի մարդիկ կան, եւ այդ մարդիկ կարծես թե փորձում են ասպարեզ դուրս գալ: Ես հիմա կպարզաբանեմ, թե հարցազրույցում ոնց է ասել, բայց եթե ստից տեղը այդպիսի աղմուկ են հանում, երբ ոչ մի բան չկա, այդ նույն հանրահավաքների ժամանակ տականքները կանգնում են, ասում են՝ ղարաբաղցիները հայեր չեն, բա ինչի՞ չեն քարկոծում այդ մարդկանց, ինչի՞ չեն սատկացնում՝ փոխաբերական իմաստով, ինչո՞ւ պոռթկում չեն բարձրացնում: Ուրեմն այստեղ տեսնում ենք միտում, որ ճեղքեն հայության միասնականությունը: Այսինքն՝ կեղտոտ, մանր, ոչ հայկական շահերից բխող քաղաքականություն է վարվում, ոմանք՝ հասկանալով, ոմանք՝ չհասկանալով»:
Ինչ վերաբերում է Բակո Սահակյանի արտահայտությանը, Դավիթ Բաբայանն ասաց, որ հայերեն տեքստում եղել է հետեւյալը՝ «մինչեւ Ադրբեջանը չհրաժարվի Արցախի եւ հայ ժողովրդի հանդեպ նման քաղաքականությունից». «Մենք պարզել ենք, որ ֆրանսիական պարբերականը, քանի որ այնտեղ կա տարբեր ընկալում ազգի եւ պետության, իրենց մոտ ազգը պետության հետ նույնացվում է, այդպիսի թարգմանություն են տվել: Ֆրանսերենում դա հաջող է, որովհետեւ

Արցախ եւ պետականություն է, հայերենում՝ անհաջող, որովհետեւ թարգմանվել է ղարաբաղցիներ եւ հայեր: Բնօրինակում եղել է՝ Արցախի եւ հայ ժողովրդի, այսինքն՝ ընդհանրապես հայության նկատմամբ: Փոխարենը բոլորը զանգեն, պարզաբանեն, այդ տեղեկությունը դնում շահարկում են, կեղտոտ բաներ են գրում: Սա տհաճ է, զզվելի է, ուրիշ որեւէ բան չկա: Այստեղ ես տեսնում եմ շատ վատ միտում: Մեզ փորձում են ներսից մեր միասնականությունը ջլատել: Մենք պետք է հասկանանք, որ մեր թշնամիները մեզնից ուժեղ են նյութական առումով: Բայց մենք կարողանում ենք այդ նյութական իրենց ուժը, մեզանից առավելությունը չեզոքացնել, որովհետեւ մեր ոգին, միասնականությունը բարձր է: Հիմա այստեղ տեսնում ենք, որ մեր ոգուն են խփում՝ ամենակարեւոր օղակին: Այս տեսանկյունից եմ ես դիտարկում: Այն, ինչ ասում եմ, նորմալ մարդկանց համար է, ծախված սադրիչներն այս ամենը չեն կարողանում ընկալել, այդպիսի պահանջ եւ նպատակ չեն հետապնդում»:

Մենք ճշտեցինք՝ ասացիք անգամ զիջումների մասին չի՞ ասել, մինչդեռ կա բառացի տեքստը, որ ասել է՝ անհրաժեշտ են փոխզիջումներ՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Նախագահը բացեիբաց ասել է, որ նման հակամարտությունները չեն կարող կարգավորվել զիջումների միջոցով: Իսկ ինչ վերաբերում է փոխզիջմանը, հիմա ես չեմ հասկանում, թե ինչու են շահարկում այդ ամենը: Ի՞նչ է նշանակում փոխզիջում: Հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ երկու տարբերակով: Առաջին՝ պատերազմ, որտեղ ի՞նչ փոխզիջում, ով հաղթում է, նա հաղթում է: Մենք ուզո՞ւմ ենք պատերազմ: Այդ գոռացողերը, բղավողները, որոնք դրանով են ցույց տալիս իրենց հայրենասիրությունը, մեծ մասը՝ արտասահմաններում, ինչ-որ ձեւական ֆլեշմոբի պես նկարվում են. դե, տենց լավ տղերք եք, եկեք պահեք հայրենիքը, ինչի՞ եք փախել մի կտոր կալբասի համար ու գարեջուր խմելու համար: Եկե՛ք, վերադարձե՛ք, դե:

Նա ասաց՝ մենք չենք ուզում պատերազմ, բայց ոչ թե վախենում ենք կամ ի վիճակի չենք հաղթելու, պարզապես մենք անցել ենք դրա միջով, տեսել ենք՝ ինչ է նշանակում երեխա կորցնել, մայր, եղբայր, ծնող, հարազատներ, ընդհանրապես հայրենակիցներ, որոնք պետք է ապրեին, արարեին: Դրա համար ասում ենք՝ եթե Ադրբեջանը պատերազմով գա, հարցը կարգավորվելու է Բաքվի կապիտուլյացիայի միջոցով: Բայց մենք ուզում ենք, որպեսզի լինի խաղաղ բանակցային գործընթաց: Խաղաղ բանակցային գործընթացը իր մեջ ենթադրում է ընդհանուր հայտարարի գալը, դա պարզ է: Ասենք, շիզոֆրենիկների համար չեմ ասում, նորմալ մարդկանց համար եմ ասում: Այդ շիզոֆրենիկները, որ գոռում են, չեն գալու վաղը կռվեն, առավել եւս՝ առաջին կռվի դեպքում փախնելու են, դավաճաններ են դառնալու: Սովորաբար այդպես են պահում իրենց:

Հիմա խոսում ենք փոխզիջման մասին կամ ընդհանուր հայտարարի, ինչո՞ւ ենք մենք դիտարկում այս ամենը հողերի հանձնում, ես չեմ հասկանում: Սա էլ է թյուրըմբռնում, այլասերված մոտեցում: Եթե խոսում ենք հողերի մասին, նախեւառաջ չենք կարող այդ հարցը օրակարգից հանել, որովհետեւ միջնորդները ստիպված են ընդգրկել այն հարցերը, որը կողմերը բարձրացրել են: Հիմա Ադրբեջանն անընդհատ այդ հարցը բարձրացնում է, իրենք դատավոր չեն, միջնորդներ են, ստիպված պետք է ներառեն, ինչը չի նշանակում, որ ընդունելի է: Երկրորդը՝ երբ որ խոսում են հողերի ու սահմանների մասին, չպետք է մոռանալ, որ նույն խնդիրները կան նաեւ հայկական կողմի մոտ, մասնավորապես՝ Արցախի, Գետաշենի հարց կա, Շահումյանի հարց կա, Չարդախլուի, Մարտակերտի, Մարտունու շրջանների գրավված հատվածների հարց կա, ինչո՞ւ ենք մենք դիտարկում միայն այս ամենը: Այստեղ ես նույնպես տեսնում եմ սադրանք, այս ամենը ուղղորդվում է դրսից՝ թուրք-ադրբեջանական վեկտոր կա այստեղ, եւ ներսում որոշ խելագարների կողմից: Ուրիշ կերպ ես չեմ կարող բացատրել»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

17.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հռիփսիմե ջան, Դավիթ Բաբայան ու մնացած «վատ զգացածներ»…երբ գործածում եք Արցախ ու Հայաստան, բա դա տարանջատում չի, ի՞նչ ա… ումից ու ինչի համար եք սրտնեղում: Ամեն օր, ամեն լրատվամիջոցում, իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները թմբկահարում են «հայկական» 2 «պետությունների» գոյության մասին….բա եթե կա 2 պետություն, ուրեմն բնակիչներն էլ տարբեր… Արաբիայում ապրում են արաբներ, իսկ Սիրիայում՝ սիրիացիներ, ինչքան էլ որ ոմանք նրանց էլ արաբ փորձեն անվանել…նույնը եւ ՀՀ-ի եւ այսպես կոչված ԼՂՀ-ի պարագայում…չե՞ք ուզում նման ոչ ցանկալի երեւույթներ լինեն, հրաժարվեք ՀՀ-ԼՂՀ ձեւակերպումներից ու ամեն ինչ իր տեղը կընկնի..

  2. Կարապետ says:

    Ընդամնեը պետք է մարդավարի տեղեկացնել/բացատրել ժողովրդին, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը։ Դրանից հետո միայն կարող եք հանդիմանել չհասկացողներին, եթե, ի հարկե, այդպիսիք լինեն։

    • Տիգրան says:

      հարգելի Կարապետ եւ նման մտածողներ…. իմ մայրենին հայերենն է եւ ես մտածում եմ հայերեն, բայց այս պարագայում փոխզիջում բառն ինձ անծանոթ է, ես այն չեմ հասկանում…

  3. Aida says:

    Կարծում եմ ի սկզբանե սխալ է կատարվել, որ չի իրագործվել Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն ու Հայաստանին միացումը։ Հենց այդ կարևորագույն խնդրի սխալ լուծումն է, որ մինչ օրս առնչվում ենք շատ թյուրըմբռնումների՝ պետության, նրա ազգաբնակչության, տարածքային և այլ հասկացություններում, ինչպես մեր, այնպես էլ օտարերկրացիների կողմից։ Պետք է լինի մեկ պետություն, մեկ կառավարություն, ինչպես մեկ մարմին ՝մեկ գլուխ։Սա շատ առանցքային հարց է, որից էլ բխում են Ադրբեջանի կողմից տարածքային պահանջներ, մինչդեռ վերջին պլան է մղվել ազգի ինքնորոշման հարցը, դրա մասին չեն էլ խոսում։Ադրբեջանում Արցախը համարում են ադրբեջանի մարզ՝ բնակեցված ազգությամբ հայ ադրբեջանի քաղաքացիներով։ Այ եթե Հայաստանին միացված լիներ ու կոչվեր ՀՀ, ապա բոլորը, թե ՌԴ, թե Ադրբեջանը հաշվի կնստեին միայն Հայաստանի կառավարության հետ,/այլ հարց է թե գլուխները որ պատին տալով հաշվի կնստեին, դրա համար թող նրանց գլուխը ցավի/։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031