Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է ծաղկում ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը

Օգոստոս 18,2016 15:00

Արարողակարգային այց` Երեւան

Երեւանում օգոստոսի 16-ին անցկացվեց ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որի շրջանակում հանդիպել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ըստ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Նախարարներն արձանագրել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության բարձր մակարդակը եւ նախանշել են համագործակցության հետագա ուղիները: Հանդիպման արդյունքներով երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են «ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման եւ գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիրը:

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ավարտին Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպել են լրագրողներին, սակայն Բորդյուժան որեւէ բառ չի ասել լրագրողների հետ հանդիպմանը, լրագրողները հնարավորություն չեն ունեցել հարցեր ուղղել: Իսկ Սեյրան Օհանյանը խոսել է այն մասին, որ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը յուրահատուկ հնարավորություն է՝ քննարկելու առկա հարցերը՝ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում: Ս. Օհանյանը տեղեկացրել է, որ քննարկված հարցերի մի մասը վերաբերել է կոալիցիոն ռազմարդյունաբերության զարգացման ու ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, որի նպատակն է կատարելագործել ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի փոխգործակցությունը:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Շոյգուի եւ Բորդյուժայի այցը Երեւան, գոնե պաշտոնական հաղորդագրությունները հիմք ընդունելով, կարելի է սովորական, արարողակարգային գնահատել, եթե, իհարկե, չբացառենք ռուսական քարոզչամեքենայի խոսակցությունները Ղարաբաղյան գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին: Հնարավոր է, որ հենց այս հարցն էլ Շոյգուն քննարկել է Երեւանում` Բաքու կատարած այցից հետո:

Ռազմատեխնիկական համագործակցության մեծ ծրագիր` Ադրբեջանի հետ

Մինչ Երեւան ժամանելը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի օրը` օգոստոսի 14-ին, Բաքվում էր: Իսկ օգոստոսի 12-ին կարճատեւ աշխատանքային այցով, նախարար Շոյգուի հրավերով, Մոսկվա էր ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Ադրբեջանի հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը ճշտում է պահանջում՝ Բաքվում հայտարարել էր Շոյգուն Զաքիր Հասանովի հետ բանակցություններում: «Մենք ունենք ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մեծ ծրագիր, որը նույնպես պահանջում է ճշտում եւ մի շարք հարցերի լուծում: Վստահ եմ` մենք կգտնենք այդ հարցերի որոշումը»: Իր հերթին, Հասանովն ընդգծել է, որ Շոյգուի այցը «մեծ նշանակություն ունի Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման տեսակետից»:

Բաքվում Շոյգուն ՌԴ ՊՆ պատվիրակության հետ Ադրբեջանում հարգել էր Հեյդար Ալիեւի հիշատակը, ծաղիկներ է դրել ակադեմիկոս Զարիֆ Ալիեւայի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաեւի գերեզմաններին: Նա այցելել է նաեւ Շահիդների ծառուղի եւ ծաղիկներ դրել «Անմար կրակի» մոտ: Հիշեցնենք, Շահիդների ծառուղում են հուղարկավորում Ադրբեջանի համար իրենց կյանքը զոհած զինվորականներն ու զինծառայողները: ԼՂ հակամարտության գոտում մահացած զինվորականներին նույնպես Ադրբեջանում շահիդ են կոչում:

Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունների մակարդակը թույլ կտա բազմաթիվ հարցեր լուծել` կապված տարածաշրջանային անվտանգության հետ՝ վստահեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը: «Ձեր այցը մեր երկիր տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահի այցից անմիջապես հետո: Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն սպեկտր, որն ընդգրկում է մեր կյանքի գրեթե բոլոր կողմերը: Նշվել է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը թույլ կտա լուծել երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, ինչպես նաեւ հարցեր` կապված տարածաշրջանային անվտանգության հետ»,- ասել է Ալիեւը:

Նրա խոսքով` Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված համագործակցության հարցեր: «Երկար տարիներ շարունակ մենք ակտիվորեն համագործակցում եւ ավելացնում ենք համագործակցության մեր պոտենցիալը»,- ասել է Ալիեւը: Շոյգուի այցի ժամանակ, ինչպես նշել է Ալիեւը, «մանրամասն քննարկվելու են հետագա համագործակցության հետ կապված հարցերը»: «Կամփոփենք համագործակցության արդյունքները, առաջ կշարժվենք, կավելացնենք համագործակցության պոտենցիալը, կամրապնդենք մեր կապերը»,- նշել էր վերջինս:

Շոյգուի` Բաքու կատարած անակնկալ այցի նպատակների շարքում, բացի ռազմատեխնիկական համագործակցության հարցերից, հիշատակվեց նաեւ Ղարաբաղյան հակամարտությունը։ Օրեր առաջ «Նովոստի» լրատվական գործակալությունը փոխանցեց, որ ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաքում է՝ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը քննարկելու նպատակով։ «Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ռուսական պաշտպանական գերատեսչության ղեկավարը բանակցություններ կանցկացնի ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ռազմական հավասարակշռության խախտումը խորանում է

Օգոստոսի 8-ին, հիշեցնենք, Բաքվում տեղի ունեցավ Պուտին-Ալիեւ հանդիպումը, որի ժամանակ Ռուսաստանի նախագահը նշեց. «Մենք ձգտելու ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային կլինի, բայց ընդունելի երկու կողմերի համար էլ, որպեսզի հաղթողները լինեն երկու ժողովուրդները, որպեսզի երկու պետություններն էլ զգան, որ լուծել են այդ խնդիրը ներկա եւ ապագա սերունդների համար»:

Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո հայտնի դարձավ, որ սեպտեմբերին երկու երկրների միջեւ համաձայնագիր է ստորագրվելու, որով նախատեսվում է Ադրբեջանում բացել ռազմական ուղղաթիռներ արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերության՝ Вертолеты России-ի սպասարկման կենտրոն. այն իրականացնելու է ադրբեջանական ռազմական եւ քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգումը: ՌԴ նախագահի հետ Բաքվում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ, Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի պատասխանատու Դմիտրի Ռոգոզինը նշեց. «Ռուսաստանի Դաշնությունը, որպես լավ եւ ոչ թանկ սպառազինություն արտահանող, անշուշտ, հետաքրքիր է Ադրբեջանին»: Նա հավելել է, որ հաջորդ տարի Մոսկվան Բաքվին կվաճառի Руслан (Ан-124)  տեսակի բեռնատար մեկ ինքնաթիռ, եւ որ Ադրբեջանում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան:

Ինչպես նկատում ենք, ռուս-ադրբեջանական համագործակցությունը նոր բարձունքներ է գրավում, ականատես ենք դառնում երկու երկրների միջեւ ռազմական իրապես նոր մակարդակի համագործակցության: Եվ սա այն մթնոլորտում, երբ ռուսական եւ ադրբեջանական քարոզչամեքենան միահամուռ կերպով հայկական կողմից «տարածքային զիջումների» ճնշումներ է գործադրում: Այսինքն՝ զուգահեռաբար, թե՛ դիվանագիտորեն, թե՛ հոգեբանորեն հայկական կողմին առավելագույնս ճնշելու հստակ քաղաքականություն է տարվում:

Ակնհայտ է, որ առանց էլ այն խախտված ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում էլ ավելի է խախտվում: Մոսկվան ու Բաքուն ոչ միայն շարունակում են տպավորիչ հարաբերությունների մակարդակը պահել, այլեւ նոր թափ են հաղորդում այդ համագործակցությանը:

Պուտինը Բաքվում հստակ պարզաբանեց, թե ինչու է ծաղկում Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունը` անկեղծ խոստովանելով. «Այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթ արդյունահանող երկիր, արագ զարգացող տնտեսություն ունեցող երկիր, ոսկու բավականին մեծ ծավալի պաշարներ ունեցող երկիր, իհարկե, ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղից»: Կարելի է կանխատեսել, որ 4-5 միլիարդի զենքի վաճառքի գործարքները դեռ ամենը չեն, ամեն ինչ դեռ առջեւում է:

Մինչդեռ հարկ է նկատել, որ ոչ մի կերպ չի հստակեցվում Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկի տրամադրումը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Հայաստանին 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ է տրամադրվելու ռուսական զենք գնելու համար: Հայաստանն ու Ռուսաստանը դրա վերաբերյալ համապատասխան համաձայնագիր են կնքել: Նշվում էր, որ այդ վարկը Հայաստանը պետք է օգտագործի մինչեւ 2017 թվականը:

Վարկային համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Игла-С» զենիթային հրթիռային համակարգեր եւ դրա հրթիռներ, «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ТОС-1А» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «РПГ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիչներ, «СВД» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Тигр» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 17.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031