Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պիտի հող տրվի, կտրվի խաղարկված, պայմանավորված պատերազմի միջոցով»

Օգոստոս 18,2016 14:30

Կարծում է Արա Պապյանը

Վերջին շրջանում ԼՂ խնդրի կարգավորման շուրջ հայտարարությունների, փոխզիջումների, զիջումների, տարածքներ հանձնելու եւ խնդրի լուծման վրա Շուշիի հռչակագրի ազդեցության մասին «Առավոտը» զրուցել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ:

– Նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Journal du Parlement» (Խորհրդարանի թերթ) թերթին տված հարցազրույցում ասել է՝ «Անհրաժեշտ են փոխզիջումներ: Ընդ որում՝ այդ փոխզիջումները պետք է լինեն ողջամիտ եւ համարժեք: Ինչ վերաբերում է փոխզիջումների սահմանին, ապա դրանք որեւէ ձեւով չպետք է թուլացնեն անվտանգության համակարգը եւ այդպիսով հակառակ կողմի համար ագրեսիա ձեռնարկելու գայթակղիչ հանգամանք հանդիսանան»: Իսկ ապրիլյան պատերազմից հետո՝ ապրիլի 29-ին Բակո Սահակյանը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, բացառել էր տարածքների վերադարձի հնարավորությունը. «Վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում նաեւ՝ հողերի հետ կապված»: Ի՞նչ է փոխվել ապրիլից հետո, եւ ինչո՞ւ է Բակո Սահակյանը նախկինում արած հայտարարությանը հակասող բան ասել:

– Բակո Սահակյանի՝ անվտանգությունը չթուլացնող փոխզիջում ասածը պետք է հստակեցնել, որովհետեւ ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ զիջում կարող է լինել, որը ձեւակերպված է որպես փոխզիջում: Նաեւ պետք է հասկանալ՝ դրա դիմաց ի՞նչ է: Հետո՝ եթե տարածքի զիջում է, ո՞ր մասով է, եւ արդյոք դա չի՞ նշանակում այդ անվտանգությունը խաթարել: Իմ պատկերացումը հետեւյալն է՝ ցանկացած տարածքային զիջում եթե տեղի ունենա, հատկապես, այն ծրագրի շրջանակներում, որ հիմա խոսվում է՝ այդ 5 շրջանների հանձնման մասին, դա նշանակում է, որ ե՛ւ անվտանգությունն ամբողջովին կխաթարվի, ե՛ւ մեր 25 տարվա արյունն ու քրտինքը ի դերեւ կդառնա: Իսկ թե ի՞նչ է փոխվել, ասեմ՝ փոխվեց Ռուսաստանի ծրագիրը: Այսինքն՝ Ռուսաստանը երբ որ համոզվեց, որ չնայած ինքը բավականին շատ է զինում Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը, միեւնույն է, ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել այդ խնդիրները (այսինքն՝ Ադրբեջանին սիրաշահեր հայկական հողերով, որպեսզի ԵԱՏՄ մտնի կամ գոնե լինի ռուսական ազդեցության տակ), եւ քանի որ չստացվեց դա անել ռազմական ճանապարհով, հիմա փորձում է անել ճնշումների միջոցով: Բնականաբար, Պուտինը ճնշել է Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը՝ Բակո Սահակյանին, եւ մենք ունենք այս հայտարարությունը:

– Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հերքել է, որ ճնշումներ կան ՀՀ նախագահի վրա:

– Ես կարող եմ հիշեցնել Սերժ Սարգսյանի 2013 սեպտեմբերին նախորդած մի հարցազրույց, որտեղ Սերժ Սարգսյանն ասում էր՝ մի՛ հավատացեք, որ Ռուսաստանը մեզ վրա ճնշում է գործադրում, ոչ մի ճնում չկա, եւ բացառում էր, որ մենք ԵԱՏՄ կմտնեք: Դրանից անցավ կես տարի, ու մենք միացանք ԵԱՏՄ-ին: Եվ միայն այն, որ ռուսական մամուլում առնվազն մի 10 հոդված կա, այսպես ասած՝ քաղաքագետների հոդվածներ՝ հողեր հանձնելու, Արցախում ռուսական խաղաղապահներ տեղակայելու մասին, սա արդեն ճնշում է: Ճնշում, իհարկե, կա:

– ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել է՝ «Եթե մենք խոսում ենք տարածքների մասին, պետք է հաշվի առնենք մի բան. տարածքների հարցը միայն Ադրբեջանի կողմից չի արծարծվում։ Ի՞նչ է, մենք տարածքային խնդիր չունե՞նք Ադրբեջանի հետ. բա Շահումյանի շրջանը, բա Գետաշենը, բա Չարդախլուն, բա ամբողջ Հյուսիսային Արցախը»։ Բաբայանի այս հայտարարության մասին ի՞նչ կարծիք ունեք, սա պարզապես հնա՞րք է:

– Ինչ է ասում Բակո Սահակյանի մամուլի քարտուղարը՝ ոչ ոքի չի հուզում: Մենք պետք է նայենք, թե ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, եւ ինչ են խոսում եռանախագահները կամ նրանց անդամներից մեկը: Ցավոք, սեղանին Գետաշենի, Շահումյանի հարցը չկա: Մենք հիմա չգիտենք՝ վերջին փաստաթուղթն ի՞նչ բառային ձեւակերպումներ ունի: Բայց Կազանի փաստաթուղթը հո գիտենք: 2011-ին Սերժ Սարգսյանն ասել է, որ դա ընդունել է, եւ նաեւ գիտենք, որ այսօրվա քննարկումներն ու փաստաթղթերն էլ Կազանի փաստաթղթի, իսկ դրան նախորդող Մինսկի խմբի սկզբունքների, իսկ դրան էլ նախորդող Բիշքեկի համաձայնագրի ոգով են, այսինքն՝ հայկական կողմը տալիս է տարածքներ՝ ինչ-որ բան ստանալու համար: Տարածքների հանձնումը շատ հավանական է, նման բան քննարկվում է: Մնացածը խոհանոցային խոսակցություններ են:

– 5 շրջանների հանձնումն արդյոք համարժե՞ք է Արցախին կարգավիճակ տալուն, եթե անգամ շատ լավատես լինենք ու պատկերացնենք, որ Ադրբեջանն ընդունելու է Արցախի անկախությունը:

– Ուզում եմ Ձեր հարցից առանձնացնել համարժեք բառը, որովհետեւ փոխզիջում կարող է լինել զիջումների այն տեսակը, երբ կա համարժեքության որոշակիության սկզբունք: Երբ դիտարկում ենք 5 շրջան՝ ինչ-որ կարգավիճակի դիմաց, այդ կարգավիճակն անգամ Ղարաբաղի կամ ԼՂԻՄ-ի անկախությունը չէ, դա միջանկյալ կարգավիճակ է, սա նշանակում է ոչինչ: Հետեւաբար, սա փոխզիջում չէ, զիջում է, որովհետեւ միջանկյալ կարգավիճակ են ճանաչում: Այդ 5 շրջանները, անվտանգության երաշխիքները հանձնում ենք ինչի՞ դիմաց ՝ միջանկյալ կարգավիճակի՞, դա ընդհանրապես որեւէ բան չէ: Այսօր էլ, այսպես թե այնպես, Ղարաբաղն իր միջանկյալ կարգավիճակն ունի:

Ասեմ ավելին՝ եթե ամբողջ աշխարհն էլ ճանաչի Ղարաբաղի անկախությունը, եթե անգամ Ադրբեջանն էլ ճանաչի՝ տարածքների հանձնման դիմաց, որն, իհարկե, երաշխիք չէ: Որովհետեւ, երբ մենք նորագույն պատմությունն ենք նայում, օրինակ՝ Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա, Թուրքիայի բազմաթիվ հարձակումները Իրաքի վրա, Սաուդյան Արաբիայի հարձակումը Եմենի վրա, Իրաքի հարձակումը Քուվեյթի վրա, Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, մենք հասկանում ենք, որ միջազգային ճանաչումը լավ բան է, բայց դա չի երաշխավորում տվյալ ճանաչված, անկախ պետությանը հարձակումներից: Առավել եւս, երբ մենք գիտենք Ադրբեջանի վարքն ու հոգեբանությունը, գաղափարախոսությունը, մենք հասկանում ենք, որ միակ երաշխիքը խաղաղության հայկական կողմի՝ Հայաստան, Ղարաբաղը՝ ներառյալ, եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունն է: Մենք կկարողանա՞նք այդ հավասարակշռությունը վերականգնել եւ պահպանել՝ կունենանք խաղաղություն, չենք կարողանա՝ չենք ունենա խաղաղութուն: Այդ հավասարակշռության մեջ էական դեր ունեն այդ տարածքները: Պահպանելով այդ շրջանները՝ հավասարակշռությունը պահպանելու կարեւորագույն գործոններից են: Հենց տարածքները կորցնում ենք, մենք արդեն կորցնում ենք որեւէ հավասարակշռություն, որովհետեւ դառնում ենք խիստ խոցելի:

– Պարոն Պապյան, նախաձեռնել եք Շուշիի հռչակագիրը, որն իրավական ուժ չունի, ասացիք՝ Սերժ Սարգսյանի վրա ճնշումներ կան, այդ դեպքում հռչակագիրը ու դրան միացող բազմաթիվ քաղաքացիների ստորագրություններն ինչպե՞ս կարող են ազդել նախագահի որոշման վրա:

– Փաստաթուղթը հասարակական կարծիքի դրսեւորում է, որով իշխանություններին է ուղղվում՝ մարդիկ դեմ են տարածքների հանձնմանը, եւ փաստաթղթով հասարակությանն ենք իրազեկում, որ նման վտանգ կա: Ես գտնում եմ, որ տարածքների հանձնման հարցը, որն ինձ համար անընդունելի է, բայց եթե անգամ գտնում են, որ դա միակ տարբերակն է, դա պետք է արվի միայն հանրաքվեի միջոցով: Եթե հասարակությունը արդար հանրաքվեի միջոցով կասի՝ այո, որը քիչ հավանական է, միգուցե կարելի է գնալ: Բայց որեւէ մեկը իրավունք չունի միանձնյա որոշել, դա իրենց պապենական հող-սեփականությունը չէ, նրանցից որեւէ մեկը ընտրությունների չի գնացել հողերը տալու ծրագրային դրույթով, ճիշտ հակառակն է եղել:

– Բայց Սերժ Սարգսյանը մի՞թե կգնա նման քայլի, նա իր ստորագրությունը կդնի՞ մի փաստաթղթի վրա, որով տարածքներ է հանձնելու, թե՞ պատերազմական գործողություններով նման բան կլինի:

– Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կա Սերժ Սարգսյանի մտքին: Եթե նրա վրա ճնշումներ կան, բայց ինքը չի ուզում հողեր հանձնել, ինքը այդ նույն ստորագրությունները, Շուշիի հռչակագիրը, «Սասնա ծռերի» ապստամբությունը կարող է օգտագործել որպես գործոն՝ իրեն ճնշողներին ասելու՝ տեսեք, հնարավոր չէ, հասարակությունը չի ընդունում, վիճակը ապակայունացվելու է:

Եթե մտքին տալն է, որքան էլ ստորագրություններ հավաքվեն, կարող է ասել՝ այս հարցը այդպես չի լուծվում, ես եմ որոշողը, ես եմ նախագահը, եւ ես տալիս եմ: Արդյո՞ք դա կտրվի ստորագրությամբ՝ մի փաստաթղթով, չեմ կարծում, այդպես չի արվի: Եթե պիտի տրվի, դա կտրվի խաղարկված, պայմանավորված պատերազմի միջոցով: Այսինքն՝ հասարակությունը կկանգնի փաստի առաջ, եւ անընդհատ հնչեցվում է՝ ախպեր ջան, չե՞ք ուզում տաք, գնացեք սահման պահեք: Ստացվում է, որ սահման պահելու եւ բանակ ունենալու պարտավորությունը Արա Պապյանինն է, բայց իրավունքներն ուրիշինն են: Եթե ես լինեի նախագահը, իմ պարտականությունը կլիներ ստեղծել այնպիսի բանակ, այնպիսի տնտեսական եւ քաղաքական հարաբերություններ, որ նշված իրավիճակին չհասնեինք: Չի կարող մեկն ամեն ինչ փչացնել, մյուսը՝ պատասխան տալ դրա համար: Կա գերագույն գլխավոր հրամանատար, ինքը պետք է այդ խնդիրները լուծի: Չե՞ք կարող՝ տվեք ինձ իշխանությունը, դրա հետ մեկտեղ՝ պարտականությունը: Չեք կարող տալ պարտականություն՝ առանց իշխանության, կամ էլ սահմանադրական գործառույթները կատարեք, չեք կարող՝ հրաժարական տվեք:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

17.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031