26 տարի առաջ՝ 1990-ին կյանքից հեռացավ տաղանդավոր ռոք երաժիշտ, պոետ, բազմաթիվ երգերի հեղինակ եւ հռչակավոր «Կինո» ռոք-խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը: Նա զոհվեց 28 տարեկանում՝ ավտովթարից: Առայսօր Ցոյի արվեստի երկրպագուները, ընկերներից ու հարազատներից շատերը չեն հավատում նրա մահվան պաշտոնական վարկածին, ըստ որի՝ Ցոյը քնած է եղել իր վարած «Մոսկվիչի» ղեկին, երբ Լատվիայում բախվել է ավտոբուսին: Ըստ արյան փորձաքննության՝ Ցոյը եղել է միանգամայն սթափ վիճակում:
«Կինո» խմբի մենեջեր Յուրի Բելիշկինը եւս այն մարդկանց թվին է դասվում, որոնք չեն հավատում Ցոյի՝ ղեկին քնելու պատճառով ավտովթարի վարկածին: Բելիշկինը մի առիթով ասել էր. «Ես միշտ ցնցված եմ եղել Ցոյի հավաքվածությամբ, ճշտապահությամբ եւ կազմակերպված լինելու ունակությամբ: Երբ հյուրախաղերի բերումով պետք է, ասենք, առավոտյան թռիչք ունենայինք, Ցոյը երաժիշտներից միակն էր, որ պատրաստ էր լինում րոպեի ճշտությամբ: Նա ալկոհոլի եւ թմրանյութերի հանդեպ հակում չուներ, սպորտով էր զբաղվում, հետաքրքրված էր արեւելյան մարտարվեստով: Չէր կարող այդքան հավաքված ու պեդանտ մարդ լինելով հանդերձ՝ Ցոյը ննջել մեքենայի ղեկին: Չի կարելի բացառել սպանության վարկածը»:
Ցոյի այրին՝ Մարիաննա Ցոյը, ընդհակառակը, չի հավատում, թե կատարվածը կապ ունի սպանության հետ: Մարիաննան ասում էր, որ Ցոյը այն մարդը չէր, որին կուզենային վերացնել. «Նա երբեք խնդիր չի ունեցել մոսկովյան շոու-մաֆիայի հետ, Վիտյայի մահը ոչ մեկին պետք չէր»:
www.kulturologia.ru-ի փոխանցմամբ, 2007թ. ամսագրերից մեկի խմբագրությունը նամակ էր ստացել ոմն Յանիսից, որը հավաստիացնում էր, թե կապ ունի Վիկտոր Ցոյի մահվան հետ, ու 17 տարի առաջ ինքը պատվեր էր ստացել սպանել արեւելյան արտաքինով այդ տղամարդուն: Հետագայում լրագրողներին չի հաջողվել գտնել Յանիսին, որը Ռիգայից էր իր նամակն ուղարկել:
Ժամանակին շրջանառվել է նաեւ Ցոյի ինքնասպանության վարկածը, բայց դրա վերաբերյալ էլ հստակ ապացույցներ չկան:
«Կինո» խմբի նախկին անդամ Ալեքսեյ Ռիբինը հայտարարել է, որ սպանության կամ ինքնասպանության մասին խոսք լինել չէր կարող, նրա ձեւակերպմամբ, կատարվածն ընդամենն անհեթեթ ավտովթար էր:
Ցոյի մայրը եւս չէր հավատում, թե երաժիշտը կարող էր քնել ղեկին. «Ճանապարհն այնքան երկար չի եղել, որ որդիս կեսից ննջի: Մի բան, սակայն, պարզ է՝ երաժիշտներին չպետք է ղեկ վստահել: Վիկտորն այդ ժամանակ աշխատում էր իր վերջին ալբոմի վրա, եւ ուշադրությունն այլ տեղ է եղել»:
Տարիներ շարունակ Վիկտոր Ցոյի արվեստի երկրպագուները չէին հաշտվում նրա մահվան հետ, եւ շենքերի պատերին շարունակում էին գրել՝ «Ցոյը ողջ է»: Այսօր էլ նրա երգերը ոչ միայն հնացած չեն, այլեւ նույնիսկ արդիական են:
Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝
www.kulturologia.ru-ի:
«Առավոտ»
17.08.2016