Դիրիժոր Րաֆֆի Միքայելյանը կաշխատի միայն «Փարոսի» հետ
Երիտասարդ դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի անունը լայն մասսաներին հատկապես հայտնի դարձավ 2010թ. աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոյի հյուրախաղերի ժամանակ, երբ երգիչը հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Փարոս» կամերային երգչախմբի ընկերակցությամբ: Դիրիժորական վահանակի մոտ էր Րաֆֆի Միքայելյանը:
Հիշեցնենք, որ լիբանանահայ երաժիշտը 2003թ. Երեւանում ուսանել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի եւ խմբավար, պրոֆեսոր Իվան Վարդանյանի դասարաններում: Կարճ ժամանակ անց դիրիժորին հանդիպեցինք Հայաստանի պետական երիտասարդական, օպերային թատրոնի նվագախմբերը ղեկավարելիս, ինչպես նաեւ՝ Սանկտ Պետերբուրգի պետական երիտասարդական նվագախումբը: Երաժիշտը մասնակցեց նաեւ դիրիժորների միջազգային մրցույթների. Բելառուսում 2014թ. արժանացավ առաջին մրցանակի եւ «Լավագույն դիրիժոր» տիտղոսին, նույն թվականին արծաթե մեդալ շահեց Լատվիայում: Մրցույթները նա զուգահեռեց նաեւ Սանկտ Պետերբուրգում եւ Սան Դիեգոյում վարպետության դասընթացների հետ: Մոտ երկու տարի դիրիժորին չէինք հանդիպում հայաստանյան մշակութային կյանքում: Միայն վերջերս Րաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ «Փարոս» երգչախումբը մասնակցելով Սոչիում անցկացված Երգչախմբային համաշխարհային մրցույթին, արժանացավ միանգամից երկու արծաթե մեդալի՝ «Հոգեւոր երաժշտության լավագույն մատուցում» եւ «Կամերային երգչախմբեր» անվանակարգերում:
Օրերս «Առավոտը» հանդիպեց Րաֆֆի Միքայելյանի հետ:
Մեր զրուցակիցը հայաստանյան մշակութային կյանքում իր երկարատեւ բացակայության առիթով ասաց. «Ուսանում եմ Սան Դիեգոյի պետական համալսարանի դիրիժորական բաժնի ասպիրանտուրայում, անվանի մանկավարժ Մայքլ Գրդեսի ղեկավարությամբ, միակ ուսանողն եմ»:
Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ է միակ ուսանողը ասպիրանտուրայում, մեր զրուցակիցը պարզաբանեց. «Համալսարանում չեն աշխատում ուսանողների թվաքանակի վրա, այլ ապահովում են լիարժեք կրթություն, ծանոթացնելով սիմֆոնիկ կամերային եւ օպերային դիրիժորության գաղտնիքներին»: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ «Փարոսը» համաշխարհային մրցույթին մասնակցեց իր ղեկավարությամբ, այլ ոչ գործող խմբավար Մանուել Օհանյանի, երաժիշտը ասաց. «Մրցույթին մասնակցելու առիթով ինձ հրավիրեցին, իսկ հետո ստացա առաջարկ, որ դարձյալ ես գլխավորեմ «Փարոսը»՝ որպես գեղարվեստական ղեկավար եւ խմբավար, ինչին համաձայնեցի: Ինչ վերաբերում է զուգահեռել Ամերիկայում ուսումս եւ այստեղ «Փարոսի» ղեկավարումը, պարտավորվել եմ, որ ձմեռային եւ ամառային արձակուրդներին կլինեմ Երեւանում, իսկ բացակայությանս ժամանակ երգչախմբի աշխատանքները կղեկավարի Ռուբեն Քարասեֆերյանը»:
Դիտարկմանը՝ «Փարոսի» հեռակա ղեկավարումը կտեւի հավանաբար մեկ տարի, քանի որ 2017թ. դիրիժորն ավարտում է Սան Դիեգոյի համալսարանը եւ կվերադառնա հայրենիք, Րաֆֆի Միքայելյանը հստակ ասաց, որ հայրենիքում չի աշխատի՝ բացառությամբ «Փարոսի», որովհետեւ հայաստանյան մշակութային ոլորտում, մասնավորապես՝ պետական նվագախմբերում, գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը կարծես կաթողիկոսական աթոռ լինի: «Ես գոհ եմ Երեւանի կոնսերվատորիայում ստացած գիտելիքներից, հարգում եմ ավագ դիրիժոր գործընկերներիս, բայց չեմ կարող մշտապես տեղափոխվել հայրենիք եւ ամիսներով սպասել, թե ով է հրավիրելու կամ՝ նույնիսկ աշխատելով պետական որեւէ կոլեկտիվում՝ երբ է իմ ղեկավարելու հերթը հասնելու: Ասեմ նաեւ, որ այս պահին Սան Դիեգոյի համալսարանում ուսմանս զուգահեռ հանդիսանում եմ պրոֆեսորիս ասիստենտը»,- հավելեց մեր զրուցակիցը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
17.08.2016