Այսօր Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Վերաքննիչ դատարան էր եկել՝ ի պաշտպանություն Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի: Ինչպես տեղեկացրել ենք, Վերաքննիչը պարոն Մարտիրոսյանի կալանքի վերաբերյալ որոշում կայացրեց եւ գրավի դիմաց ազատ արձակեց նրան:
Րաֆֆի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին կալանավորելը փաստացի ապօրինի որոշում է. «Վերցրել են այն քաղաքացիներին, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել են, որպեսզի Հայաստանը չունենա քաղաքական բանտարկյալ, որ պաշտպանեն ե՛ւ քաղաքացու, եւ ոստիկանի կյանքը: Ակնկալում եմ, որ եկող շաբաթվա ընթացքում մեր երեք հիմնասյուները ազատ արձակվեն»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե նրանք ազատ արձակվեն, հնարավոր է վերանայեն իրենց որոշումը՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Ինչպես հայտնել ենք, Ժառանգությունը հայտարարություն էր տարածել, որ չի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին. «Դա զորակցության հիման վրա կայացած վճիռ էր, որ դու չես կարող իր սահմանադրական իրավունքն իրացնելու համար կամայական որոշմամբ բանտարկես մեկին, այն էլ՝ Ժառանգության վերնախավին եւ հետո ակնկալել, որ դու պիտի գնաս ու ընտրական քո շարանն ապահովես: Դրա համար քաղաքական վիճահարույց որոշում էր, իհարկե, որովհետեւ մենք միշտ կողմնակից ենք եղել մասնակցային մոտեցումների՝ ամենաանհավասար պայմաններում, բայց սա արդեն բարոյաքաղաքական զորակցություն է: Եթե իրենք վերցնում են, մենք իրենց խաղը չենք խաղում: Բայց ցավն այն է, որ շարքային քաղաքացուն սպասում է խաղաղ ցույցի մասնակցելու համար սեփական երկրում 4-10 տարի բանտարկություն: Ընտանիքներ են խեղվում եւ ամենաէժան, վախկոտ ձեւով փորձում են թիրախի տակ վերցնել ակտիվ կուսակցությունները կամ խմբավորումները, որոնք տարիներ շարունակ սպասարկել են հասարակական շահը»:
Կարդացեք նաև
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, իշխող կուսակցությունը պետք է հաշվետու լինի ժողովրդին. «Այնքան սահմաններն անցած են, Սասնա ծռերն իրենց հերթին, թե ինչ բերեց, քաղաքական ինչ փակուղիներ, որ մարդիկ ուրիշ ելք չտեսան, այս տղաները, որ կոնկրետ խաղաղ գործառույթ էին իրականացնում ոստիկանի եւ քաղաքացու միջեւ, վերցնել նախընտրական ժամանակահատվածում, կարծում եմ, փոքրոգության, վախի, կարճլիկ պետության ղեկավար լինելու հանգամանք է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ