Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա Ծռերն» ու Հայ Եկեղեցին

Օգոստոս 17,2016 20:11

Ոստիկանության ՊՊԾ գունդը «Սասնա Ծռեր» խմբի զինված տղաների կողմից գրավման օրերին եւ մինչ այսօր չեն լռում Հայ եկեղեցու, կաթողիկոսի, բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ հնչող քննադատությունները, որոնք շատ հաճախ ուղեկցվում են նաեւ հայհոյանքներով ու լուտանքներով: Պետք է ասել, որ այս հայհոյախառն լուտանքների մեծ մասի հեղինակը անուղղելի հակաեկեղեցականներն ու նորածիլ աղանդների հետեւորդներ են, ովքեր հարմար առիթ են գտել իրենց մաղձն ու ատելությունը թափելու Հայ Առաքելական Եկեղեցու գլխին: Սա դժբախտաբար եղել է, կա ու կլինի նաեւ ապագայում:

Ինչ որ, սակայն շատ ցավալի է` Հայ եկեղեցու կրավորական կեցվածքը, մեր հոգեւորականների (մի քանի չնչին բացառությունները հարգելով) անտարբեր վերաբերմունքը մեր ժողովրդի դարդ ու ցավին, նրա արդար պահանջներին, առաջացրել է արդար զայրույթը մեր եկեղեցու բազում-բազում հավատարիմ ու հավատացյալ հետևորդների: Հայ եկեղեցին օր-օրի կորցնում է իր հավատարիմ հոտի բազմաթիվ անդամների, ովքեր հիասթափվում են ու հեռանում նրանից, իսկ ոմանք էլ ընկնում են աղանդների գիրկը: Կարծում եմ, այս երեւույթը պետք է հետաքրքրի մեր բարձրաստիճան կամ ընդհանարապես բոլոր եկեղեցականներին, դառնա նրանց համար մեկ մտահոգությունը: Ցավոք սակայն, կարծես այդպես չէ:

Աղանդավորներ կան աշխարհի բոլոր երկրներում: Ամեն օր, հավանաբար, աշխարհի այս կամ այն երկրում մի նոր ուղղություն ու աղանդ է ծլում, Աստվածաշնչից մի ինչ-որ բառ կամ անուն էլ կպցնում է իրեն ու սկսում իր մարդաորսը: Դրանց մի տարատեսակն էլ որոշ ժամանակ անց հայտնվում է Հայաստանում, որտեղ դժբախտաբար պարարտ հող է գտնում ու ծլարձակում, որովհետեւ բնիկ եկեղեցին տկար է ու հեղինակազրկված` իր եկեղեցականների ոչ քրիստոնեավայել ու պարտաճանաչ վարքի ու կենցաղի պատճառով: Ցավն ու վտանգն այն է, որ աղանդավորները, եթե աշխարհի զանազան երկրներում չեն գերազանցում բնակչության մեկ-մեկուկես տոկոսը, ապա Հայաստանում նրանց թիվը հասնում է ըստ որոշ տվյալների մինչեւ 10-12 տոկոսի:

Նախկին հոդվածներիցս մեկում գրել եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին ու իր բարձրաստիճան եկեղեցականությունը պետք է կարողանան հստակորեն սահմանազատել պետականամետությունն ու իշխանամետությունը: Չի՛ կարելի պետականամետության քողի տակ լինել պարզապես իշխանամետ եւ պահի իշխանության կամակատարը: Պետականամետությունը դրական է. Հայ եկեղեցին իրավո՛ւնք չունի չլինել պետականամետ և չսատարել մեր պետության կայացմանը: Նույն համեմատականությամբ էլ սխալ ու մերժելի է դառնալ իշխանության հնազանդ կամակատարը:

Եկեղեցին պետք չէ՛ դառնա նաև ընդդիմության պահանջների թմբկահարը, այլ պետք է վեր կանգնի հատվածական շահերից: Ընդդիմության գործը պատեհ առիթ գտնելն ու իշխանությանը քննադատելն է եւ սեփական գաղափարների գովասանքը: «Մենք լավն ենք, իշխանությունները` վատը: Երբ մենք գանք իշխանության, ամեն ինչ ավելի լավ ենք անելու, ծաղկելու է երկիրը»: Սա աշխարհի բոլոր ընդդիմությունների գործելաոճն է: Մեր տիպի երկրներում սա ուղեկցվում է պարզապես նաև անմակարդակ հայհոյանքներով: Եկեղեցու պարտականությունը չէ քաջալերել ընդդիմությանը եւ փնովել իշխանություններին: Եկեղեցու պարտականությունն է սակայն մի՛շտ և ամենո՛ւր պաշտպանել արդարությունը, հանրության մեծամասնության ցավի ու բողոքի արտահայտիչը լինել:

Իմ անձնական տեսակետով եկեղեցին չէր կարող պաշտպանել «Սասնա Ծռեր» խմբավորման զինված հարձակումը, գնդի գրավումը եւ պատանդառումը: Այն անհամատեղելի է քրիստոնեության գաղափարների հետ: Էլ չեմ ասում, որ անցյալի փորձառությունը ցույց է տվել, որ նմանատիպ ձևով հարցերի լուծումն իր հետ բերում է ոչ, անպայման, դրական արդյունքներ ու հետևանքներ: Եկեղեցին պարտավոր էր թերևս դատապարտել զինված հարձակումը` անկախ նրանից, թե ով կամ ովքեր էին կազմակերպել և իրականացրել այդ գործողությունը:

Բայց նույն եկեղեցին կարո՛ղ էր և պե՛տք է նաև իշխանությունների ուշադրության հանձներ նույն այդ խմբի անդամների, բայց մանավանդ ցուցարար ժողովրդի պահանջները, որոնց մեծ մասը արդար էին եւ կարոտ իրականացման: Չեք կարող ասել, որ քիչ ժողովուրդ դուրս եկավ Խորենացի կամ այլուր: Այո, թերևս սպասվածից քիչ մարդիկ մասնակցեցին բողոքի ակցիաներին ու ցույցերին, բայց դրա պատճառն այն չէր, որ ներկայացված պահանջներն արդար չէին կամ էլ ժողովուրդը համամիտ չէր դրանց հետ, այլ պարզապես, որովհետև կա վախի մթնոլորտ, գործում էր իշխանական մահակը, աշխատատեղն ու մի կտոր հացը կորցնելու վտանգն էր կախված շատ-շատերի գլխին: Ու նաև ընդդիմադիր դաշտի բացարձակ ամայությունը: Չկա, դժբախտաբար, մի ընդգծված ընդդիմադիր գործիչ, ով իր հմայքով, հռետորությամբ, իր խոսքով ու գործով, գործնական ու իրագործելի գաղափարներով հավատ ներշնչի ժողովրդին և նրան կարողանա հանել փողոց: Բայց սա չի նշանակում, որ ցուցարարների պահանջները կարևոր ու արդար չէին ու չեն:

Որտե՞ղ էին Երևանի քահանաներն ու առաջնորդը: Մի՞թե նրանք պարտականություն չունեին լինել ժողովրդի կողքին` ոչ անպայմանորեն նրանց հետ ցույց անելու կամ գոռալ-կանչելու համար, այլ փորձելու, որ չկատարվեն անօրինական քայլեր, անհրաժեշտ պահին թերևս հանդարտեցնելու, կարեցածի չափով թույլ չտալու, որ տեղի ունենան պրովոկացիաներ: Նրանց ներկայությունը ինչ-որ չափով կզգաստացներ նաև ոստիկաններին, ովքեր դաժանորեն չէին ծեծի մարդկանց, այն աստիճան, որ ստիպված լինեին հեռացնել երիտասարդ տղայի աչքը: Կանգնեի՛ք ցուցարարների եւ ոստիկանության միջև: Ոչի՛նչ, թող մի հարված էլ ձեր գլխին իջներ և ոչ թե մի մատղաշ ցուցարարի: Ոստիկանն էլ հայ մարդ է ու շատ հաճախ էլ ոչ պակաս աստվածավախ: Ձեր սքեմն ու խաչը նրանց ջաղջախիչ մեծամասնությանը հեռու կպահեր մարդկանց անխղճորեն ծեծելուց ու արյունլվա անելուց:

Չարեցի՛ք սա ու չե՛ք անում և դեռ զարմանում եք, թե ինչու ժողովուրդը այլևս ձեզ չի վստահում, եկեղեցի չի հաճախում, ձեր դեկլարատիվ քարոզներն ու կոչերը չի լսում: Եկեղեցական բառով հավատացյալ ժողովրդին հոտ եք կոչում, բայց դժբախտաբար հովվություն չեք անում: Իսկ ձեր ու մեր հավատացած Աստծու որդին ասում է. «Լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Իսկ վարձկանը, որ հովիվ չէ և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին և փախչում է։ Եւ գայլը հափշտակում է նրանց ու ցրում, քանի որ վարձկան է, և ոչխարների համար հոգ չի անում»:

Ռամիս Օհանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Մեր եկեղեցին դարձել է հարուստներինը: Տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներից իմանում ենք մեր եկեղեցու անտարբերության մասին: Եթե սոված, անտուն, դժբախտության մեջ հայտնված հայը դիմում է Եկեղեցուն, նրան ուղարկում են համայնք, այնտեղից դեսպանատուն, այնտեղից Եկեղեցի: Ունենալով անկախ պետություն հայը դարձել է անտեր: Առանձնապես վատ է վիճակը Ռուսաստանի Դաշնությունում և ԱՄՆ-ում: Եկեղեցին ենթադրում է գթասրտություն, բարերարություն, օգնության պատրաստակամություն:
    Դա չկա: Մենք բազմաթիվ անտուններ ու սովյալներ ունենք, բայց չունենք բարեգործական տներ: Մենք մոռացել ենք մարդկային բարության մասին: Եկեղեցին միայն կնքելու, պսակի, հոգեհանգստի կազմակերպության վերածումը նրան դարձնում է ազգային անպետք կառույցի, մանավանդ աշխարհիկ կյանքը չարաշահող իր որոշ պաշտոնյաներով: Եկեղեցին և իշխանությունը պետք են միայն և միայն ժողովրդին ծառայելու համար: Դա պետք է հասկանա յուրաքանչյուր հոգևորական ու իշխանավոր:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031