Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան:
Կառավարության ղեկավարը նախ եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Պատասխանատուները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում: Նշվել է, որ Իրանի հետ վիզայի ռեժիմի վերացման արդյունքում էականորեն ավելացել են ուղևորափոխադրումները, ինչի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին նվազագույնի հասցնել մաքսակետով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ժամանակահատվածը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ, շարունակել բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Մեղրիի տարածաշրջանի այն հատված, որտեղ առաջիկայում նախատեսվում է հիմնել ազատ տնտեսական գոտի, որի շուրջ ՀՀ վարչապետը պայմանավորվածություն էր ձեռք բերել: Ակնկալվում է, որ նոր ԱՏԳ-ն առավել առարկայական կդարձնի Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը, կձևավորվեն և կկազմակերպվեն այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի հետ սահմանագոտում ԱՏԳ-ի հիմնումը, որը թույլ կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում, հիմնել վերամշակման նոր ձեռնարկություններ, ստեղծել աշխատատեղեր:
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ տնտեսության գերակա ուղղություններին համապատասխան ԱՏԳ-ի ստեղծումը նոր և լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի, հատկապես, Մեղրիի տարածաշրջանի համար, քանի որ այնտեղ կբացվեն նոր աշխատատեղեր, լավագույնս կիրացվի առկա տնտեսական ռեսուրսը: Մինասյանը տեղեկացրել է, որ Իրանի սահմանագոտուն հարակից Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին: «Ակնկալվում է կարճ ժամանակահատվածում հիմնել այս Ազատ տնտեսական գոտին, որի մեջ կան թե արդյունաբերական, թե ենթակառուցվածքային և թե ծառայությունների մատուցման բաղադրիչները»,- ասել է նախարարը:
Վարչապետը եղել է մարզի Ագարակ և Մեղրի համայնքներում, հանդիպել տեղի բնակչության հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Հանդիպման շրջանակում, վարչապետին ներկայացվել են համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, հրատապ լուծում պահանջող խնդիրները: Կառավարության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել Մեղրիի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը տեղեկացրել է, որ այս մարզում կառավարությունը պատրաստվում է իրականացնել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչը միանշանակորեն նպաստելու է համայնքների ու առհասարակ մարզի տնտեսական աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: «Մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը կառավարութան առանցքային հարցերից է և մեր քաղաքականությունն ուղղված է մարզերում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Լավ կլիներ մյուս մաքսակետերն էլ այցելեր: Ամեն անգամ Բագրատաշենի մաքսատանը ամոթի մեծ զգացումը համակում է պետական զգացում ունեցող բոլոր մեր հայրենակիցներին: Ռուսական և վրացական կետերում պետականությունը հարգվում է բոլոր հարցերում: Մեր մաքսակետը կատարյալ օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի պետական նման կառույցը: Աշխատանքի կազմակերպման տիրող ձևը իր նմանը չի կարող ունենալ և ոչ մի երկրում: Աշխատակիցները առանց պետական համազգեստների, անկուլտուրական խոսակցություններով, ծխելով ու հայհոյելով, առանց կտրոնների դրամ վերցնելով արդեն քանի տարի աշխատում են, ու հույս էլ չկա, թե քաղաքակրթությունը երբևէ մուտք է գործելու այս կարևոր պետական կառույցը: