Թուրքիայի նախագահը օգոստոսի 9-ին մեկնեց Սանկտ Պետերբուրգ: Պուտին- Էրդողան հանդիպումը թուրքական մամուլը «պատմական» որակեց: Ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման նոր փուլը տարածաշրջանային զարգացումների վրա, «Առավոտը» հարցրեց` ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանին:
«Թուրքիայի եւ Ռուսաստանի բարեկամության այս հերթական պոռթկումը սպասելի էր եւ պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Երկու անսահման կայսերական ամբիցիաներով եւ պատմական բարդույթներով օժտված այս, ըստ էության, բռնապետները, որոնք մի կողմից շարունակաբար մրցակցության մեջ են եղել մեր տարածաշրջանում իրենց ազդեցության տարածման հարցում, ունեն համընկնող եւ բախվող քաղաքական ու տնտեսական հետաքրքրություններ Սեւծովյան ավազանում, Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Միջին Ասիայում, մյուս կողմից երկուսն էլ ներկայումս ունեն բավական խորը հակասություններ Արեւմտյան աշխարհի հետ, անխուսափելիորեն պետք է նորից մերձենային», նշեց մեր զրուցակիցը` հավելելով. «Արեւմուտքի համար Թուրքիայի, ինչպես եւ Ադրբեջանի նշանակության որոշակի նվազեցումը, պայմանավորված նաեւ վերջին տարիների մի շարք այլ զարգացումներով, սկսած Իրանի եւ արեւմուտքի հարաբերությունների կարգավորումից վերջացրած էներգակիրների գնի կտրուկ անկումով, նույնպես մղում է վերջիններիս դեպի Ռուսաստան»:
Միեւնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատեց, «Այս իրականությունն ի նպաստ է Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար, նաեւ հակամարտության կարգավորման տեսանկյունից, ինչի մասին են վկայում տարբեր արեւմտյան ատյանների եւ պաշտոնյաների կողմից ԼՂՀ-ի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին վերականգնելու կոչերը, ինչպես նաեւ ԼՂՀ-ի անկախության ճանաչման հնարավորության մասին կարծիքները, եւ եթե մենք լինեինք ինքնիշխան եւ սեփական շահերով առաջնորդվող պետություն կարող էինք օգտվել այս իրավիճակից եւ նվազագույնն ամրապնդել մեր դիրքերը տարածաշրջանում»:
ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ հարցազրույցը կարդացեք օգոստոսի 18-ի տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
…ինչի մասին են վկայում տարբեր արեւմտյան ատյանների եւ պաշտոնյաների կողմից ԼՂՀ-ի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին վերականգնելու կոչերը, ինչպես նաեւ ԼՂՀ-ի անկախության ճանաչման հնարավորության մասին կարծիքները…
Փորձագետ