«Մոտավորապես 80 համայնքներում մենք կունենանք մասնակցություն՝ տեղական ընտրությունների հետ կապված»,- օգոստոսի 17-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նա նշեց, որ ՏԻՄ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ակտիվ մասնակցություն է ունենալու, եւ արդյունքները կլինեն այնպիսին, ինչպիսին կլինի ժողովրդի աջակցությունը: Հարցին, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ Գյումրիի նախկին քաղաքապետը ԲՀԿ թեկնածուին է աջակցելու, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Ո՛չ, նման բան չկա: Կարծես թե այլ կուսակցության է աջակցում: Ըստ մամուլի, կարծես թե «Հայկական վերածնունդ» կուսակցությանն է աջակցելու: Մեր թեկնածուն շատ ճանաչված անձնավորություն է Գյումրիում, հարգված անձնավորություն է Գյումրիում՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, Գերագույն խորհրդի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, ճանաչված անձնավորություն է, երկու անգամ պատգամավոր է եղել մեծամասնականով»:
Կարդացեք նաև
Ասուլիսին ներկա էր նաեւ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը, որը ասաց, թե ԲՀԿ-ն Գյումրիում հնարավորություն չունի. «Ես Վարդեւան Գրիգորյանին բավականին լավ գիտեմ, բայց քանի որ գիտեմ, թե դեմն ով է դրվելու եւ ինչ հնարավորություններ ունի, եւ ինչ է նշանակում Գյումրիի քաղաքապետ, ով է թույլ տալու եւ մեզ մոտ ինչպիսի ընտրություններ են լինում: Կարո՞ղ է պատահի՝ «Բարգավաճ Հայաստանը» չգիտի՝ ընտրությունները մեզ մոտ ոնց են լինում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ