«Արմեն Մարտիրոսյանը օրենքի սահմաններում էր գործում. մարդ, որը երբեք իրեն թույլ չի տալիս օրենքը խախտել, մարդ, որը այս երկրի արժանի քաղաքացի է»,- օգոստոսի 17-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նա նշեց, որ 15 պատգամավորներ ստորագրահավաքի են մասնակցել՝ չհամաձայնել, որ Արմեն Մարտիրոսյանը հանցանք է կատարել. «Շատերը պարզապես չհասցրեցին տեխնիկապես միանալ այդ գործընթացին, թիվը ավելի մեծ կլիներ, բայց 15 պատգամավորն էլ զգալի թիվ է: Այդ 15 պատգամավորները ներկայացնում էին խորհրդարանական կուսակցություններից 6-ից 5-ը, 7 կուսակցություններ՝ եւս 2 արտախորհրդարանական, որոնց անդամները պատգամավորներ են: Եվս 2-ը ցանկություն հայտնեցին պարզապես տեխնիկական պատճառներով չստացվեց: Խորհրդարանական կուսակցությունների 85 տոկոսի ներկայացուցիչները համաձայն էին, որ հանցանք չի կատարվել այդտեղ կոնկրետ Արմեն Մարտիրոսյանի կողմից»:
Լյովա Խաչատրյանի կարծիքով՝ Արմեն Մարտիրոսյանը պաշտոնապես ընդունված առաջին քաղբանտարկյալն է Հայաստանում. «Դատավորը խարան դրեց հանրապետության ճակատին: Նա ճիշտ արեց, որ հաջորդ որոշմամբ փոխի իր տեղը Արմեն Մարտիրոսյանի հետ»:
Կարդացեք նաև
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը նկատեց, որ չեն ձերբակալվում նրանք, ովքեր բռնություն են կիրառել, այլ ձերբակալում են իր որդուն` Արեգ Սադոյանին, որը պարզապես առաջին շարքում կանգնած է եղել: Հարցին, թե ինքը միանո՞ւմ է այն մտքին, որ Արմեն Մարտիրոսյանը քաղբանտարկյալ է, Արշակ Սադոյանը պատասխանեց. «Իսկ իմ տղան քաղբանտարկյալ չէ՞, իմ տղան էլ է քաղբանտարկյալ, որովհետեւ, եթե իմ պատճառով՝ առանց որեւէ այլ պատճառի, առանց նույնիսկ ելույթի մարդիկ են ձերբակալվում, անպատճառ նշանակում է, որ նրանք քաղբանտարկյալներ են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ