Հուլիսի 15-ին մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) համատեղ ծրագիրը, որը կոչվում է երիտասարդ առաջնորդների դպրոց՝ «Առաջնորդարան»:
Այն երկամսյա դասընթաց է, որը կազմակերպվում է դասախոսությունների, քննարկումների, հայտնի գործիչների hետ հանդիպումների ու խմբային ծրագրերի իրականացման ձևաչափով: Երիտասարդ առաջնորդներին ընձեռնում է անձնական զարգացման և սոցիալական ինտեգրման լայն հնարավորություն:
«Առաջնորդարան»-ի մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալ Հայ Եկեղեցու ու երիտասարդական աշխատանքի առանձնահատկություններին, ուսումնասիրել 21-րդ դարի փիլիսոփայության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների ժամանակակից տեսությունները, հանդես գալ սեփական մոտեցումներով, հայ ժողովրդի ու Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկություններով ու նախագծերով:
Նրանք կխորացնեն իրենց գիտելիքները հոգևոր և ազգային արժեքների ոլորտում և ձեռք կբերեն հմտություններ դրանց կիրառման համար:
Հանդիպումներն իրականացվում են լսարանային և ակումբային ձևաչափով՝ անվճար սկզբունքով:
Տեղի է ունեցել արդեն երկու հանդիպում, սակայն սկզբունքային, սեփական կյանքը տնօրինել ձգտող երիտասարդների համար դռները դեռ բաց են:
Առաջիկա հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 18.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի դահլիճում: Զրույց-քննարկման թեման է «Անհատը քաղաքականության մեջ: Քաղաքագիտության հիմնահարցեր», իսկ խոսնակը՝ «Առաջին լրատվական» ծրագրի ավագ մեկնաբան, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյան:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին