Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Նրանց, ում մենք համարում ենք «Սասնա ծռեր», շատ մեծ հանցագործներ են»

Օգոստոս 17,2016 16:05

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը, հետադարձ հայացք նետելով հուլիսի 17-ի` ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակմանը, հայտարարեց, որ դա մեզ որևէ դրական արդյունք չտվեց:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Գառնիկ Իսագուլյանը նշեց. «Անկախ ամեն ինչից` ով այսօր ինչ է խոսում, պետք է ընդունել շատ պարզ ճշմարտություն. հուլիսի 17-ին տեղի ունեցավ ծանր հանցագործություն. զինված խումբը հարձակվեց ՊՊԾ գնդի վրա, գրավեց գունդը, պատանդ վերցրեց ոստիկաններին, այնուհետև բժիշկներին, որի ընթացքում զոհվեցին ոստիկաններ»:

Դառնալով «Սասնա ծռեր»-ի կատարած զինված հարձակման թողած բացասական հետևանքներին` պարոն Իսագուլյանը շեշտեց. «Երեք ոստիկան զոհեր, մի քանի վիրավորներ, ՀՀ վարկանիշի անկում: Ցավոք, շատ քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, իրավաբանների, քաղաքագետների կողմից այս ընթացքում տարվեց քարոզչություն, որը բացառապես ուղղված էր ՀՀ պետականության դեմ: Փորձեցին վարկաբեկել բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն և այն բոլոր ինստիտուտները, որոնց վրա հիմնված է պետականությունը»:

Պարոն Իսագուլյանը «Սասնա ծռեր»-ի անդամներին համարեց հանցագործներ ու պատմեց. «Երեք- չորս ժամ զինված խումբը թույլ չի տվել վիրավոր գնդապետին բժշկական օգնություն ցույց տալ: Նրանց, ում մենք համարում ենք «Սասնա ծռեր», շատ մեծ հանցագործներ են, որոնք վիրավոր մարդուն երեքից չորս ժամ թույլ չեն տվել բժշկական օգնություն ցուցաբերել, և գնդապետը մահացել է»:

Վերլուծելով «Սասնա ծռերի» մարտավարությունը` պարոն Իսագուլյանը հայտարարեց, թե նրանց «պլան Ա-ն» այդպես էլ չհաջողեց, քանի որ ներսից վիրավորներ չեղան: Նա գրեթե համոզված է, որ «Սասնա ծռերի» գործողությունները ղեկավարվում էին դրսից:

Կրկին անդրադառնալով «Սասնա ծռերի» պահանջներին, պարոն Իսագուլյանը թերահավատորեն վերաբերվեց այն հայտարարություններին, թե «տղաներն իրենց զոհաբերում էին, որ հողերը չհանձնեն»: Այս առիթով Գառնիկ Իսագուլյանը հարց հնչեցրեց. «Լավ, դուք գնում էիք, բա էն յոթ հոգուն, որոնք զենք բռնած չկային, որպես մատաղ ո՞ւր էիք տանում: Ու հիմա հանկարծ այդ մարդկանց հերոսացնում ենք: Նրանց ծառայությունները, որ ժամանակին կատարվել են Հայաստանի համար, գնահատվել են»: Պարոն Իսագուլյանը «Սասնա ծռերին« հերոսացնողներին հորդորում է գեթ մեկ անգամ գնալ զոհված ոստիկանի տուն:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031