Հայաստանը Մաքսային միության, Եվրամիություն եւ Իրանի միջեւ որպես կամուրջ չի կայանում, որովհետեւ Հայաստանի կառավարությունը դանդաղ է աշխատում, եւ ԵՄ մի շարք պետություններ մեզանից առաջ են ընկել: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով, Հայաստանը դեռ կարող է որոշ հարցեր լուծել, օրինակ՝ քվոտաների հարցերը լուծել, մաքսատուրքերը դեպի Իրան նվազեցնել, որը հետաքրքրություն կառաջացնի.«Մանավանդ, որ Հայաստանի համար էքսկլյուզիվ մաքսատուրքեր սահմանվի, մանավանդ, որ այստեղ արտադրվի ու արտահանվի: Դրա համար Հայաստանը պետք է բանակցի»:
Մեր դիվանագիտությունն, ըստ Մակարյանի, կաղում է այս հարցում, Հայաստանում դիվանագիտությունը, տնտեսությունն ու քաղաքականությունը զուգորդված չեն.«Մենք դիվանագիտական վրիպումներ թույլ տվեցինք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, ըստ որի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՆԱ-ի 10% աճ է գրանցել, Մակարյանն ասաց.«Պուտինն ասում էր, որ Մաքսային միության շրջանակներում Հայաստանի հետ հարաբերությունների առումով հաջողություններ են գրանցվել, որ 10 %-ից ավել տնտեսական աճ կա: Պուտինը, եթե ուշադրություն դարձնեք, ասաց, որ խոսքը Մաքսային միությանն անդամագրվելուց հետո ընկած ժամանակահատվածին է վերաբերում: Նա տարեթվեր չնշեց: Այսինքն՝ գումարվեցին բոլոր տարիները, ստացվեց 10 տոկոս: Դիվանագիտական երանգն այն էր, որ թիվը պայմանավորված էր Ռուսաստանի հետ հարաբերություններով, ոչ թե Մաքսային միությամբ: Հայաստանը, բացի Ռուսաստանից, ՄՄ շրջանակներում որևէ այլ տնտեսական գործընկեր չունի»:
Մակարյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը սիրախաղի մեջ է Ադրբեջանի հետ, ուստի, Մաքսային միության դերը կարեւորելով, Պուտինը ուղերձ է հղել պաշտոնական Բաքվին, որ միությունում ամեն ինչ լավ է:
Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի նշած՝ այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստանից 90%-ով աճել է արտահանումը Ռուսաստան, հատկապես, որ ավելացել է այն ապրանքների արտահանման աճը, որ Ռուսաստանը Թուրքիայից էր ներկրում, արտահանման աճի միտումը մինչեւ տարեվերջ կպահպանվի՞, Մակարյանը պատասխանեց. «Երբ որ Թուրքիան դադարեցրեց մատակարարումը Ռուսաստան, թվում էր, թե մենք պիտի մեծ հնարավորություններ ունենայինք ու օգտագործեինք, բայց չեն օգտագործել, հնարավորություններ էլ չկային: Եթե նույնիսկ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները լավանան, մեզ համար էական փոփոխություններ չեն լինի: Բելառուսը հիմա շատ ուժեղ տրանզիտ է հանդիսանում եվրոպական ապրանքները Ռուսաստան արտահանելու համար: Բելառուսները ավելի խելացի գտնվեցին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ