Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Երևանում քննարկել են ռազմական համագործակցության հետ կապված հարցեր: Այսօր Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա հիշեցրեց, որ օգոստոսի 16-ին իրենք հանդիպել են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որն անցել է Հայաստանի համանախագահության ներքո. « Այսօր մենք պաշտպանության նախարարությունում ընդլայնված կազմով դեմ առ դեմ զրույց ենք ունեցել, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերաբերյալ փոխանակվել ենք մտքերով: Հատկապես ուշադրություն ենք դարձրել մեր տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին: Մեր տարածաշրջանում, կարելի է ասել՝ իրավիճակը շատ բարդ է, և նման այցերը հատուկ նշանակություն ունեն համատեղ ծրագրված միջոցառումների շարքը իրականացնելու համար»:
Նախարարի խոսքով, 2016 թվականը շատ լարված է, նախատեսված են տարբեր միջոցառումներ. «Կարծում եմ, որ համատեղ մարտական օպերատիվ պատրաստվածությունը, համագործակցությունը տարբեր ուղղություններով հանգեցնում են նրան, որ մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է և դինամիկ զարգանում է: Միանշանակ, Բելառուսի պաշտպանության նախարարի այցը իմպուլս կհաղորդի մեր հարաբերություններին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ