Լրահոս
Օրվա լրահոսը

Տանկի տիրակալ Մոնթեն` Բենիամին Եղոյանը

Օգոստոս 17,2016 13:21

Բենիամին Եղոյանը դպրոցում է իմացել, որ իր իրական անունը Բենիամին է, ինքն իրեն Մոնթե է ճանաչել:

Մոնթեի հայրը՝ Ներսես Եղոյանը, բանակի նվիրյալներից է, մայրը հիշում է ՝ «Մոնթես հինգ տարեկան չկար, հենց հայրը տուն էր գալիս, զինվորական կարգով պատվի էր առնում հորը՝ թոթովախոսելով՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

«Իր այդքան երիտասարդ կյանքի մեծագույն տարիները նվիրեց բանակին ու դեռ երկար կնվիրեր, վստահ էինք՝ գեներալի կոչման էր արժանանալու»- հպարտ հայացքով ասում էր քույրը՝ Գայանեն:

Փոքր Մհերն ավարտելուց հետո Մոնթեն սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, հերոսներից միշտ է առանձնացրել սպարապետին:

Վազգեն Սարգսյանը Մոնթեի հոր մարտական ընկերն է եղել, փոքրիկին հոր հետ տեսնելիս սպարապետն ասել է, թե ինքն անպայման տղայի կնքահայրն է դառնալու, մայրը պատմում է, թե անընդհատ ինչ-որ բան խանգարել է տղայի մկրտությանը. մահացել է Վազգենը:

Մոնթեն մի օր եկեղեցի է մտել ու հարցրել քահանային, թե կարո՞ղ է մահացած մարդը կնքահայր դառնալ…

Մոնթեն այդպես էլ չմկրտվեց՝ չմկրտվեց այնպես, ինչպես բոլոր քրիստոնյաները, հերոսի մյուռոնը հայրենի հողը դարձավ….

Բենիամին Եղոյան

Բենիամին Եղոյան

«Մենք մի ընտանիք էինք, իր համազգեստը լվանալը ծիսակատարության էի վերածում, միշտ մի քանի զույգ գուլպա ավել էի ուղարկում, գիտեի, որ ունեցածը բաժանում է. սեփականության զգացում չուներ տղաս»:

Մայրը ժպիտով հիշում ՝ «Մի անգամ տուն եկավ՝ հագին մեծ համազգեստ էր. իր քաղաքացիական հագուստը տվել էր ընկերոջը, որ պիտի ժամադրության գնար»:

Ընկերների հետ հաճախ է որսի գնացել, բայց հրաժարվել է կենդանի խփել:

Տանը նապաստակներ են ունեցել, կենդանիները ծերացել են, մայրն առաջարկել է, որ տղան տանի, ընկերների հետ խորովեն, ուտեն: Մոնթեն վրդովվել է, թե ինչպես կարող է իր պահած կենդանիների հետ այդպես վարվել:

Մոնթեն հաճախ անարդարություններից է վրդովվել, բայց մտերիմները հերոսին միշտ խաղաղ են հիշում, բարկանալիս անգամ Մոնթեի դիմագծերը չեն շարժվել, մայրն ասում է՝ «Ինձ ոչ մի անգամ չնեղացրեց, յուրահատուկ վերաբերմունք ուներ»:

Յուրահատուկ է սիրել իր երկու քույրերին:

Ավագ քույրը՝ Գայանեն, հիշում է՝ «Երբ ամուսնացա՝ նեղացել էր, թե ինձ մենակ ես թողնում»:

Այնինչ քրոջ ամուսնությունը մի բան էլ մեծացրել է իրենց կապվածությունը. «Վերանորոգում էինք բնակարանը, մի անգամ զանգեց, թե քույր քեզ գումար եմ ուղարկում՝ 10.000 դրամ, թեկուզ մի սալիկ առնես տան համար, որ անպայման իմ ներդրումը լինի» :

Անգնահատելի մեծ եղավ Մոնթեի ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում:

Հերոսի հայրենիքը սկսվել է իր տանկից ու ամփոփվել սպայական տետրերում, մեծ խնամքով է դրանց վերաբերվել, հպարտությամբ առանձնացրել է իր լավագույն զինվորների անունները, աչքի լույսի պես վերաբերվել՝ ասելով, թե տղերքն իր առյուծ ընկերներն են: Իր լավագույն ընկերը տանկն է եղել, ամենից շատ նկարները հենց այդ ընկերոջ հետ է ունեցել ու դրանք անպայման մեկնաբանել է՝ «Ես ու տանկս»:

Եղբոր մասին խոսելիս, Գայանեն նաև հեռախոսում եղած նկարներն էր ցույց տալիս ՝ բավական շատ էին, մի պահ լռեց ու բառերի դողով ասաց՝ ինչքան քիչ նկարներ ունի եղբայրս….

Հարազատների համար շատ քիչ են օրերը, որ Մոնթեի հետ են ապրել. տղան միշտ է տանից հեռու եղել՝ մոտ հայրենիքի սահմաններին: Մայրն է հիշում՝ «Մեկ էլ տեսար կգար կփիլիսոփայեր, թե մամ, նորմալ է, որ մեզնից շատերը երկար չապրեն, թե աննպատակ մեռնելը աննպատակ երկար ապրելու պես վատ է, ես բարկանում էի, թե մի փիլիսոփայիր. հիմա եմ հասկանում, որ ամենևին էլ չէր փիլիսոփայում»:

Մայրը հատկապես տխրել է, երբ տղան Ամանորին չի կարողացել տուն գալ՝ ասել է, թե ինքը բանակին է պետք, ծանր տարի է սպասվում…

Մի քանի ամիս առաջ Մոնթեն մորը պատմել է , թե ցանկություն ունի փոքրիկ բիզնես հիմնելու՝ ճտերի արտադրության բիզնես:

Մայրն ամեն բան պատրաստել է, ինկուբատորը գնել, ճուտիկներ գնել, որ տղայի համար հեշտ լինի: Տիկին Հռիփսիմեն տխրում է՝ «Ճուտիկներն արդեն հավ են դարձել, բայց Մոնթես չի գալիս տիրություն անի»:

Մայրը գիտակցում է որդու հետ կատարվածը, բայց չի հավատում, որ էլ չի լվանալու որդու համազգեստը:

Մոնթեի մանկության ընկեր Նորայրը տխուր հպարտությամբ ասում է՝ «Արդեն երկու քար եմ սրբում Եռաբլուր գնալիս. Մոնթեի շիրմաքարը քեռուս շիրիմից հինգ քայլ ներքև է», մյուս ընկերը՝ Լյովան, հերոսի շիրմի ծաղիկները խնամքով դասավորում էր ու ասում՝ ուր էլ գնա, գիտի, որ պիտի հետ գա ,որ ընկերոջ շիրմաքարը ծաղիկների պակաս չունենա:

Տանկի հրամանատար, ավագ լեյտենանտ, քսանչորսամյա Բենիամին Եղոյանի կյանքը մի քանի վայրկյան ընդհատվեց ապրիլի երեքին. շարունակություն կգտնի նոր ծնվող մոնթեների աչքերում:

Հերոսի քույրը գիտի՝ զավակ է ունենալու, անունը Մոնթե է դնելու, Մոնթեն կիմանա քեռու սխրանքի մասին, կճանաչի շիրմաքարը, ծաղիկներ կդնի՝ կարմիր կակաչներ…

 Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031