Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ փորձելով «Սասնա ծռերին» մեղադրել գնդի տարածքում եղած բանկոմատից 14 միլիոն դրամ գումար հափշտակելու մեջ։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրե դիտ Ագոիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը եւ հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը»,- ասվում էր տարածված հաղորդագրությունում։
Իհարկե, այստեղ հափշտակությունն ուղիղ «Սասնա ծռերին» չէր վերագրվում, սակայն շատերը ենթադրում էին, որ ՀՔԾ-ն հենց նրանց նկատի ունի։ Ըստ այդմ՝ համացանցում արվող մեկնաբանություններում մարդիկ բացառում էին, որ «Սասնա ծռերը» վերցրած լինեն այդ գումարը թեկուզ միայն այն պատճառով, որ ՊՊԾ գնդի տարածքում այն օգտագործելու հնարավորություն չունեին, իսկ այնտեղից դուրս են եկել խուզարկվելուց հետո եւ միանգամից տեղափոխվել են Ձերբակալվածների պահման վայրեր կամ հիվանդանոց։ Մարդիկ հումորով նշում էին, որ միակ տարբերակն այն է, որ այն ՊՊԾ գնդի տարածքից իր հետ դուրս տարած լինի Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կամ գնդի տարածքում «պատանդ» եղած բժիշկներից մեկը։
Մենք զրուցեցինք «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նարեկ Ասատրյանի հետ՝ փորձելու պարզել՝ միգուցե բանկի տեսախցիկը ֆիքսե՞լ է բանկոմատից հափշտակություն կատարող անձին կամ անձանց.
Կարդացեք նաև
– Բանկոմատի դիմացի մասում տեսախցիկ կա։ Այդ տեսախցիկը նախատեսված է գումարի կանխիկացման, քարտի ստացման, քարտը բանկոմատի մեջ մտցնելու պրոցեսը նկարահանելու համար։ Էդ տիպի բանկոմատները լիցքավորվում են հետեւի մասից։ Այսինքն մեր տեսախցիկը հետեւի մասը չէր կարող ֆիքսել։ Բայց տարածքում պետք է որ եղած լինեն այլ տեսախցիկներ։ Ըստ բանկոմատների տեղադրման կանոնների՝ դրանք սովորաբար տեղադրվում են այնպիսի վայրերում, որտեղ տեսախցիկ լինում է։ Մյուս տեսախցիկները, որ նայում են դեպի բանկոմատը, ես տեղյակ չեմ ինչ են նկարել։ Այդ հարցերը կարող եք ճշտել իրավապահ մարմինների հետ։ Պետք է քննության ընթացքին հետեւել։
– Պարոն Ասատրյան, հնարավո՞ր է, որ 14 միլիոն դրամ գումար լինի մեկ բանկոմատում։
– Ես ձեզ ասեմ, որ այդ գումարն, այո, բանկոմատում եղել է։ Այն գումարը, որ նշված է հայտարարության մեջ, մեր բանկոմատում եղել է։ Դրանից շատ էլ է լինում։
– Ամսի քանիսի՞ն է պարզվել, որ գումարը չկա։
– Իմ տեղեկություններով՝ մենք այդ մասին իմացել ենք խմբի հանձնվելուց 2 օր հետո։
– Առաջինը ո՞վ է իմացել, ինչպե՞ս է պարզվել որ գումարը չկա։ Ոստիկաննե՞րն են դա տեսել, թե՞ բանկի աշխատակիցները։
– Մանրամասներին չեմ տիրապետում։ Գիտեմ, որ մերոնք գնացել-տեսել են, նրանց մոտ տպավորություն է եղել, որ հատուկ միջոցի կիրառմամբ բացել են բանկոմատը: Թե հիմա ինչ է եղել իրականում՝ մեր իրավասությունից դուրս է:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում